ԱՄԵՆԵՎԻՆ ԴԺՎԱՐ ՉԷ ՀԱՍԿԱՆԱԼ…

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Ամենևին դժվար չէ հասկանալ, թե ինչ պատկերացում

կարող են ունենալ մեր մասին թռչունները, որոնք

վերևների բնակիչներ են և պարզորոշ տեսնում են

մեր բոլոր արարքները, ահա թե ինչու նրանք

արհամարհում են ու խախտում մեր գծած

                                                     բոլոր սահմանները,

առանց հարցնելու օգտվում են այն ամենից, ինչ մենք

ստանում ենք մեծ չարչարանքով` ցանելով ու հնձելով…

Հետո հանում ենք շուկա և վաճառում

                                         անընդհատ թանկացող գներով:

Եվ ամենակարևորը, նրանք արտոնյալ են`

                                                            երկնքի բնակիչներ,

սավառնում են համարյա քսվելով

                                    երկնային դրախտի փեշերին,

այնքան մոտիկից, որ երբեմն խառնվում են

իրենց գործերով դեսուդեն թռչող հրեշտակների երամներին…

Հետևաբար դժվար չէ հասկանալ,

որ թռչուններն Աստծո սիրելիներն են,

հետևաբար, ամենևին դժվար չէ հասկանալ,

թե ինչ կարծիք ունի մեր մասին Տերը մեր արդարադատ,

ում թույլտվությամբ

նրա սիրելիներն անսպառ եռանդով

ծռտում են մեր

                         գլխին առաջին իսկ ցանկության դեպքում…