ԱՄԵՆ ԻՆՉ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է…

Պոեզիա > ԳԻՇԵՐԱՀԱՎԱՍԱՐ

Ամեն ինչ վերադառնում է:

Սովորական պատմություն է` շուկայի ճանապարհին

տեսնել վաղուց մեռած հայրիկիդ, որ աշխատանքից

վերադառնում էտուն /անպայման շուկայով/, չի սիրում

դատարկ ձեռքերով տուն մտնել: Այլևս չես

զարմանում, երբ տեսնում ես, թե ինչպես է մայրդ

վախվխելով կտրում-անցնում փողոցը, երևի, էլի

սոցապից է գալիս, ուր ամեն հինգշաբթի գնում է

բողոքելու` թոշակը կտրելու համար.

Ամեն ինչ օրենքով է, – բացատրում են նրան,-

հանգուցյալներին թոշակ չի տրվում:

Աշոտ Երկաթն է, ահա, ուրախությունից գլխակորույս

վերադառնում Պարսկաստանից, ուր վաճառել էին

նրան, որպես մետաղի ջարդոն /պատմավեպերի

սիրահար հորեղբորս նախասիրած կերպարն է/,

իսկ հորեղբայրս մահացավ երկրաշարժից ընդամենը

մի քանի տարի հետո, Գյումրիում: Նրա ավագ որդին

Հյուսիսային Ամերիկայից հեռախոսով բանաստեղծու-

թյուններ էր կարդում իր հորինած, և մենք արտասվում էինք

հասկանալի պատճառներով… Ինչ խոսք, լացն ընդհան-

հապես շատ էր: Բայց ամենածանրը վերադարձի

լացն է, երբ ծնվում ես նորից: Դաժան է բաժանումը

հին հարազատներից, և  դեռ չգիտես, թե ի՞նչ

մարդիկ են քո այս նորերը, որ երջանկությունից

խենթացած տուն են տանում քեզ`

բարուրի մեջ ամուր փաթաթած…