ԱՅՍ ԻՆՉ ԱՐԱԳ ԵՆՔ ՄԵՌՆՈՒՄ, ՍԵՐ ԻՄ

Պոեզիա > ԱՆՁՐԵՎ ՄԻ ՏԽՈՒՐ ԱՌԻԹՈՎ

Ինձ նորից դիմավորեց մենությունը սենյակիս

և պատերը,

որոնցից խնամքով քերված է ուրախությունը

և նրանք չոր են ու սպիտակ:

Եվ սեղանը

և արմունկիս հետքերը զույգ

և գրքերը սեղանի վրա

և բանաստեղծությունները ճերմակ էջերին՝

քորոցով ամրացված ճերմակ թիթեռներ…

Եվ հանկարծ  ականջներս լցվում են աղմուկով –

ինչ-որ օտար մոլորակից,

ինչ-որ օտար ձայներ մտնում են իմ փակ լուսամուտից

և ես փակում եմ ականջներս դառնությամբ,

և ես փակում եմ ականջներս դառնությամբ,

որովհետև ես գիտեմ,

նրանք պատմելու են սիրո մասին,

որ իբր սերը թռչում է օդում,

լողում է ջրում

և հողից ելնում է որպես ծաղիկ ու տերև…

Իսկ երկու կապույտ բաժակները փոշոտ

չսովորեցին խոսել, որքան էլ չարչարվեցի:

Իսկ ծխախոտները միայն թունավորում են ինձ,

և շշնջում են – ավելի շուտ մեռիր:

Ինձ նորից դիմավորեց մենությունը սենյակիս

և ես փակեցի դուռը և հենվեցի դռանը:

Սեղանիս քարտեզներ կան, այնտեղ այնպես ուրախ է,

այնտեղ դեռ  անտառներ կան գույնզգույն կապիկներով,

և մարդկանց գերեզմանները շարված կողք-կողքի,

և տարօրինակ որդեր կան, որոնց պետք է ուսումնասիրել:

Ինձ նորից դիմավորեց մենությունը սենյակիս:

Իսկ վանդակում վաղուց սատկել է դեղձանիկը,

և ես ափսոսում եմ դեն նետել նրան,

և ես կանոնավոր կուտ ու ջուր եմ տալիս նրան,

իսկ վանդակում վաղուց սատկել է դեղձանիկը:

Սատկել է նաև կատուն,

որը պետք է ուտեր դեղձանիկին,

սատկել է նաև կատուն, այդ նա,

խեղճ լատուն: Իսկ ես

քարտեզը դնում եմ սեղանին

և ուղեղիս մեջ դասավորվում են կանոնավոր

անտառներն իրենց գույնզգույն կապիկներով,

մարդկանց գերեզմանները շարված կողք-կողքի,

տարօրինակ որդերը,

որոնց պետք է ուսումնասիրել:

Եվ ես արմունկներս դնում եմ սեղանին

և ես գլուխս առնում եմ ափերիս մեջ,

հետո ծխախոտ եմ առնում ձեռքերիս մեջ,

հետո ծխախոտից ծուխ է բարձրանում,

և հետո

ծխախոտները սկսում են թունավորել ինձ

և հետո

ծխախոտները շոյում են իմ գլուխը,

և շշնջում են

ավելի շուտ մեռիր, ավելի շուտ,

ավելի, ավելի…