ԱՆԵՐԵՎՈՒՅԹԸ ՈՐՈՆԵԼԻՍ

Արձակ > Հոդվածներ > ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄՀԵՐԻ ՔԱՐԱՅՐՈՒՄ

   Հենց պատուհանիս տակ տարածված այգում, ի հեճուկս անցած ցրտաշունչ ձմռան, փարթամորեն ու շքեղ ծաղկած ծառերը չեն թողնում, որ մտքերս կենտրոնանան օրվա հոգսերի վրա` սկսած անսովոր կամ ոչ տիպային թոքաբորբից, որը գնալով առավել չարագուշակ ու սպառնալի տեսք է ընդունում, մինչև մեր խիստ տիպային կամ արդեն սովորական դարձած պատգամավորական ընտրարշավը, որի ընթացքը պակաս չարագուշակ ու սպառնալի չէ, քան վերոհիշյալ թոքաբորբը:

   Իրադրությունը թույլ չի տալիս երկար կանգ առնել` ծաղկած ծառերի գեղեցկությունը մանրամասնելու, թեև այս առիթով հընթացս չեմ մոռանում նախանձախառն զարմանալ ճապոնացիների վրա, որոնք հազար անգամ կարող են անցնել միևնույն գեղեցիկ տեսարանի, ասենք` ծաղկած ծառի կողքով, և նրա գեղեցկությամբ առաջին անգամվա հրճվանքն ապրել նաև հազարերորդ անգամ անցնելիս:

   Ջրաշխարհից  Ավան թեքվող ճանապարհի հենց սկզբին` առաջին կամրջին չհասած, մի հրաշալի պուրակ կար` 20-30 տարեկան բարձրահասակ, գեղեցիկ ծառերի խիտ ցանցով պատված: Հազարից ավելի անգամ եմ անցել գործի գնալու և տունդարձի այդ ճանապարհով և միայն վերջերս նկատեցի, որ այս պուրակում մնացել է ընդամենը 5-6 ծառ… Մնացած տարածքը մաքուր «սափրված» էր: Ցավալին այն է, որ անցյալ մութ ու ցուրտ տարիներից  ինչ-որ զարմանալի ու անհասկանալի պատճառներով պուրակը կարողացել էր գրեթե անկորուստ ազատվել և հասնել մեր «լուսավոր» օրերը, և անվիճելի փաստ է, որ հիմնական «վարսավիրական» աշխատանքը կատարվել է վերջին մեկուկես տարում: Դժվար չէ հասկանալ, որ ինչ-որ մի հմուտ «վարսավիր» վճռական, բայց խիստ աննկատ քայլերով տարածք է ազատում իր ապագա սրճարանի, ռեստորանի թե՞ մի այլ զահրումարի համար…

   Սակայն վերադառնանք ճապոնացիներին: Այս ժողովրդի նկատմամբ առանց այդ էլ ունեցածս մեծ պատկառանքն էլ ավելի աճեց, երբ ժամանակներ առաջ տարվեցի ճապոնական պարտեզ-այգիներով և անդրադարձա ավելի քան երեք տասնամյակ առաջ` Մարտին Պետրոսյանի մասին հոդված գրելիս: Ի տարբերություն եվրոպականի` այդ պարտեզները ոչ թե արհեստականորեն գեղեցկացված բնության դեկորատիվ պատկերներ են, այլ խոր արմատներ ունեցող արվեստ, յուրօրինակ փիլիսոփայություն, ավելի ճիշտ` երկուսը միասին: Եվրոպական մշակույթում «տեղանք» (լանդշաֆտ) հասկացությունը պատկանում է նոր ժամանակներին, և արտահայտում է բնությունից կտրված քաղաքացու վերաբերմունքն իսկական բնության նկատմամբ, որի հետ նա դադարել է շփվելուց: Իր իմաստով ճապոնական պարտեզն արմատապես տարբերվում է այս պատկերացումից: Նույնիսկ չափազանց փոքրիկ պեյզաժային կոմպոզիցիաները կապված են բնաշխարհի շուրջ խորագույն մտորումների հետ. սա իր օրենքներն ունեցող արվեստի առանձնահատուկ ժանր է, որի մասին մտածելիս ես ինձ պարզապես կիսավայրենի եմ զգում, ահա, մեր այս ծառազերծված  պուրակի կողքով անցնելիս: Ճապոնացու համար այս ավերված պուրակը նույնն է, ինչ ոտի տակ տված հրաշալի, մեծարժեք կտավը, պատառոտված մագաղաթը, քանդված տաճարը… Երևի, հուսանք, ինչ-որ մի ժամանակ, դարեր առաջ, մենք էլ ենք այդպես մտածել:

   Ճապոնական բազմաժանր, բազմաճյուղ պարտեզարվեստում իր յուրօրինակ տեղն ունի «քարապարտեզը», որը ձևավորող նկարիչը տեղանքի հետ հարմարեցնելով այնպես է դասավորում քարերը (սովորաբար 15 քար), որ այգու որ ծայրից էլ նայելու լինես, 15-րդ քարը չես տեսնի: Այգու որևէ մի անկյունում ժամեր շարունակ ծալապատիկ նստած այդ զարմանալի, ինքնամփոփ ճապոնացու հոգում ի՞նչ հրաշալի ապրումներ են ալիքվում ու հանդարտվում շոշափելիորեն ներկա և միաժամանակ աներևույթ 15-րդ քարի որոնման առեղծվածի շուրջ մտորելիս:

   Իմ համոզմամբ, գոնե ես այդպես եմ մտածում, ամենակատարյալ ներդաշնակության մարդը կարող է հասնել բնության հետ ահա այսպես անմնացորդ միահյուսվելով` աներևույթը որոնելու ճանապարհին: Եվ չկա ոչինչ անհնարին այս ներկա և բացակա 15-րդ քարը որոնելու մեջ իր հոգին ու միտքը պրկած մարդկանց հանրության` ժողովրդի համար, որն, ի դեպ, իր պատմության ընթացքում տեսել է մեզանից ոչ պակաս դառնություններ, պատերազմներ ու արհավիրքներ, էլ չեմ խոսում երկրաշարժների մասին, որոնք անվերջ ցնցում են այդ երկիրը օրորոցի նման…

   Եվ երբ մեր «մտածողները» հռետորական հարց են տալիս, թե` մի՞թե մենք ևս լինելով հին ու խելացի ժողովուրդ, չենք կարող սրընթաց զարգացնել մեր տնտեսությունն ու ճապոնական հրաշքը կրկնել մեր փոքրիկ հողում, ակամա աչքիս առաջ են գալիս ծառահատված անտառներն ու պարտեզները, ավերված այգիներն ու պուրակները, քանդված տաճարներն ու այրված մագաղաթները, ու ինքս ինձ հարց եմ տալիս, թե պատմության ո՞ր մի զիգզագում ցամաքեց մեր հոգին, և սկսեցինք տեսնել միայն այն, ինչը երևում է, կորցրեցինք մեր 15-րդ քարը, մեր այս քարաշատ, քարքարոտ քարաստանում:

                                                                         «Գրական թերթ», 2003, 9 մայիսի