ԱՆՑԱԾ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ

Պոեզիա > ԴԱՆԴԱՂ ԺԱՄԵՐ

Անցել են ժամանակները, երբ փողոցներում

ուրիշների կորցրած երազներն էին որոնում –

հիմա որոնում են առավել կոնկրետ բաներ:

Անցել են ժամանակները,

երբ ես թփերի մեջ թաքնված,

աղիողորմ լալիս էի իմ անցած սիրո համար,

և ընկերս երկար որոնելուց հետո,

վերջապես գտնելով ինձ, հորդորում էր՝ դուրս արի,

առիթը չափազանց հարմար է հարբեցողության համար…

Իսկ ընդհանրապես

հիմա քիչ են խմում:

Ավելի շատ խոսում են խմելու մասին:

Էլ ինչու հանկարծ ես հիշեցի քեզ:

Էլ ինչու հանկարծ հիշեցի, երբ անցել է նաև քո ժամանակը,

երբ շուտ էի քնում, որ շուտ սկսվի օրը

և հնարավորին չափ արագ կարողանամ տեսնել քեզ,

արագ, ինչպես մանկության օրերին,

երբ գնում էինք լողանալու և վազքով,

արդեն գետն երևալիս, անհամբերությունից շնչակտուր,

շորերից ազատվում էինք

հենց վազքի մեջ… Ես այդպես շտապում էի

քեզ տեսնելու, ու թեև անցել են ժամանակները,

բայց սիրտս խփում է շնչակտուր,

որովհետև սկսում եմ վազել ականջներս փակած,

որովհետև ինչ-որ ձայներ են հասնում ինձ,

որովհետև զգում եմ, որ անցնող ժամանակները

անցել են ուրիշ ճանապարհով,

իսկ այստեղ ամեն ինչ նունն է մնացել,

իսկ այստեղ նվվում է ընկեցիկ երեխայի նման,

աղիողորմ լալիս է իմ անցած սերը

թփերի մեջ շարունակ…