ԱՆՑՆԵԼ ՓՈՂՈՑԻՑ-ՓՈՂՈՑ

Պոեզիա > ԴԱՆԴԱՂ ԺԱՄԵՐ
  1. Անցնել փողոցից-փողոց,

երբ շենքերը ստվերների կարճլիկ փեշերով

մի կերպ ծածկում են ծնկները:

Շենքերը խոսում են իրար հետ,

դա վաղուց հայտնի և հասկանալի է բոլորին:

Բայց մի օր, երբ անցնում էի փողոցից-փողոց,

ես կանգնեցի խայթվածի պես,

որովհետև զգացի թիկունքիս նրա հայացքը:

Սովորական խելագարություն է, մտածեցի ես,

կանցնի և ես հիմա կշարժվեմ:

Իսկ ո՞ւր են մարդիկ –

ամայի էին փողոցները ցերեկային,

շենքերում են, իհարկե,

և շենքերը բերնեբերան լցված են հիմա մարդկանցով՝

ծերունիներով, հիվանդներով, նորածիններով,

երիտասարդներով, և բոլորը սսկված

հիմա նայում են թիկունքիդ:

Սովորական խելագարություն է, մտածեցի ես,

Ցերեկային երազներ են, թեթև շունչ քաշեցի

և վերջապես քայլեցի

գլուխս ուսերիս մեջ քաշած: