ԱՇՈՒՆ

Պոեզիա > ԵՐԳԵՐ ԱՌԱՆՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ

Նվագում էր դաշնամուր,
իսկ լուսամուտները բաց էին
և աշուն էր:

Մազերը երկար էին,

իսկ ինքը տղամարդ էր:
Տերևները թափվում էին,
իսկ ինքը նվագում էր:

Այս ամենը այնպես,

այնպես տխուր էր,

որ շպրտեցի հանգած ծխախոտս

և չնստեցի տրամվայ:

Մեկ – մեկ
թափվում էին տերևները,
ինչպես չորացած բառեր,
ինչպես չորացած նոտաներ:
Ինձ թաղեցեք
վաղը չէ մյուս օրը –
անտարբեր խնդրում էր դաշնամուրը: