ԱՊՐԵԼՈՒ  ՄԵԿ  ՕՐԸ

Պոեզիա > ԲՈԼՈՐՈՎԻՆ ՈՒՐԻՇ ԱՇՈՒՆ

   (պոեմ)

1.ԱՌԱՎՈՏ 

ԿԱՄ ՄԻ ՔԱՆԻ ԽՈՍՔ ԵՐՋԱՆԿՈւԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Քաղաքի վրա ամպի նման կուտակվել է

փոխադարձ սիրո կարոտը:

Մարմինները յուղած մարզիկները սրճարաններում

հաճոյախոսում են գիպսե լերկ ոտքերով կանանց:

«Amour» կամավոր ընկերության անդամները

եռանդով նետեր են արձակում սիրտ-թիրախի վրա:

Սիրեցե՜ք  մեզ,-

երկարոտն աղջիկների շարքերն են անցնում:

Սիրեցե՜ք  մեզ, և մենք կարմրաթուշ երեխեք կունենանք,

գուլպաներ կգործենք, օրորոց կօրորենք

տակաշո՜ր կփոխենք…

…Իսկ ահա մթության մեջ,

ինչ-որ մեկը խարխափելով առաջ է շարժվում,

ես գիտեմ, նա որոնում է

ինձ կախարդելու ամենահարմար առիթը:

Առավոտվա խառը իրարանցման մեջ

ո՜չ ոք չի իմանա,

թե ով էր այն առաջինը,

որը քրտնքի մեջ լող տալով

մաքուր զգացմունքներ էր  որոնում

զուսպ նախադասությունների շարասյունի մեջ:

Իսկ երբ հոգնությունը կփակի իմ աչքերը,

ես գուցե ձեզ հետ ավելի լուրջ խոսակցություն բացեմ,

և դրա համար մթության մեջ որոնում-գտնում եմ ձեռքը,

որը խարխափում  է  չղջիկի նման օդի մեջ,

և սեղմում եմ դեմքիս,

և արցունքները կաթում են

անծանոթ մատների արանքով…

 

2. ԸՆԹԱՑԻԿ ՄՏՔԵՐ

Լավ մարդկանց որոնեցեք նրանց մեջ

ում գլուխները կապված են վիրակապերով,

(որովհետև ապացուցված է, որ լավություն անողի գլուխը

ծակվում է ինչ-ինչ պատճառներով):

Այս նախադասության մեջ շեշտը չդնեք լավ մարդկանց վրա

և ոչ էլ նրանց կապկպված գլուխների,

այստեղ ամենակարևորը ՈՐՈՆԵՑԵՔ-ն է:

Երբեմն մենք իրար ուխտավոր ենք ասում,

երբեմն սուրճ ենք խմում ու նայում պատուհանից,

առավոտյան իրար բարի լույս ենք մաղթում,-

իսկ սերը, սե՜րը մեզ հետ է միշտ և ամենուրեք:

Լավ մարդկանց որոնեցեք` նստեք իրար  դիմաց,

ծաղիկներ դրեք սեղանին,

վիրակապերի մասին չասեք ոչ մի խոսք,

այլ` միանգամից անցում կատարեք սեր, սե՜ր, դեպի սեր,

և նրանք գլուխները ձեռքերի մեջ կառնեն վերջապես,

և դուք հաղթեցիք…

Ես հոգնած փակում եմ դուռը, անջատում եմ ռադիոն,

և դեմքի վրա պառկում եմ հատակին,

ամուր սեղմվում եմ հատակին`

երկրագնդի սահուն ընթացքը չխանգարելու համար:

 

3. ԸՆԹԱՑԻԿ  ՄՏՔԵՐ

Քամին կանգնում է ոտի մատների վրա:

Կարգի է բերվում ամբողջ օրգանիզմը

արցունքի հայտնվելը կազմ-պատրաստ դիմավորելու համար:

Մենք այնքան քիչ ենք սիրել իրար այս աշխարհում,-

այն աշխարհում ձեռք-ձեռքի տված զբոսնելու համար:

Իսկ այնտեղի մասին կան հակասող պատկերացումներ:

Նույնիսկ անմահները հաճախ մտածում են մեռնելու,

ժառանգության, ծերության, կահույքի և կնճիռների մասին:

Այո, նրանք երբեմն նույնիսկ իսկապես մեռնում են:

Եվ այսպիսով, անմահները նույնպես երբեմն խուսափում են

ուղղակի խոսել անմահությունից:

Դառնությունը դեղնում է ատամների վրա,

և բառերը դուրս են գալիս թորված, կենսախինդ ու զուլալ:

Իսկ երաժշտությունը չի ուշանում,

և քամին սկսում է իր նազելի շարժումները,

որոնք պատմում են զարմանալի սրտաճմլիկ բաներ

այս ու այն կողմերի աշխարհների անմիջական կապերի

վերաբերյալ:

Ես ծառերի մասին կխոսեմ ավելի բացեիբաց,

նրանք երբեք չեն շարժել իմ խղճի և ոչ մի հատվածը,

որովհետև նրանց ճյուղերից երբեմն

անմահներ են կախվել

և բավականին ազատ ու երկար ժամանակ ստացել

մեռնելու, ժառանգության, ծերության, կահույքի

և կնճիռների մասին

մտածելու համար:

Ծառեր,

դուք դեռ շա՜տ պիտի աճեք,

որպեսզի գիտակցեք ձեր ամբողջ մեղքն ու դաժանությունը:

Բայց քամին դառնում է առավել հմուտ,

նրա ձևերն ու շարժումները գնալով բարդանում են,

և նրա վարպետությունը գնահատելը դառնում է առավել դժվար

և գլուխ ցավեցնող:

Օ՜ դու,

երբ լեզուն կտրվում է ատամների տակ,

երբ նոր որակ և հատկություններ են ստանում

մեզ շրջապատող առարկաներն ու երևույթները,

և էլի` օ՜ դու,

երբ խոսքը

երեխա ծնելու պես ցավով է դուրս գալիս հոգուց,

երբ քրտնաթոր մագլցում ես ճերմակ պատերով վերև,

իբր թե գերագույն նպատակը,

որն աստվածային պսակը գլխին, իր շքախմբով

ձևավորվել է առաստաղի տակ, սարդոստայնի մեջ

և փայլփլում է կապույտի երանգներով:

Ես վերջին անգամ ուժ եմ հավաքում,

ուրեմն, օ՜ դու,

որ վեր ես բարձրացնում շեշտակի հայացքդ, և հասուն

տղամարդու օրգանիզմը ոտի մատների վրա է կանգնում,

և չուշացող երաժշտության տակ

հարմարորեն տեղավորվում ռեքվիեմի սև տախտակների մեջ,

և գրականության զարգացման բնական օրենքները գիտակցելով,

առանց բողոքելու լողում դեպի անմահություն`

անթարթ հայացքն ապագային հառած,

հայացքդ, որը աղի է թեև,

բայց երջանկությունը դեռ նոր, նոր է հաջորդելու:

 

                           4. ՄԻՋՕՐԵԻ ԿԱՍԿԱԾ

Խոչընդոտներից ամենագեղեցիկն ու ամենատարածվածը,-

նա ապրում է վարդերի մեջ և գույնը փոխում է օրվա հետ:

Բնության մեջ երբեք չի հանդիպում ազատ վիճակում,

այլ` միշտ կապված է ինչ-որ երևույթների ու հարաբերությունների:

Կողքի սենյակում խոսում են բոլորովին ուրիշ թեմայով,

բայց մի վհատվիր,

կյանքը կարճ է թեև, բայց քո հերթն էլ կհասնի,

և բաց պատուհանների խորհրդավոր ֆոնին

դու կուզենաս մի օր խաչվել և վերածնվել նորից:

Ատամի կրճտոցի, խուլ հեկեկանքի նվագակցության տակ

դու մեզ կհագցնես տառապանքի սև թավիշը:

Նրա մասին միշտ ասում են, որ ծավալված է օդում,

բայց ոչ ոք չի համարձակվել ուղիղ նայել աչքերի մեջ:

Սիրո և կարոտի երգերում միշտ առկա է նրա տարրը,-

ասում են անկեղծությանը դա հատուկ սրություն է տալիս

և զգացումը դարձնում առավել փոխանցվող ու վարակիչ`

թեև հայտնի չէ, թե որտեղ է սկսվում և որտեղ է վերջանում նա:

Հոգատարությամբ շոյելով արցունքից կսկծացող ու փակ աչքերը,

դու մեզ կհագցնես տառապանքի սև թավիշը:

Բայց մենք, որ կանգնած ենք սառած ծովի չշնչող կրծքի վրա

և ամեն առիթով ծաղիկներ ենք նվիրում սրան և նրան

և բացիկներ ենք ուղարկում` սիրելի՜ս, ես դա շատ լավ եմ հասկանում…

հանկարծ մի օր ամբողջ թափով տապալվում ենք գրասեղանի վրա,

որովհետև սենյակում  տարածվում է նրա մեղմ բուրմունքը

և ստիպում է մեզ հատակը ծեծել ոտքերով և տարօրինակ

բաներ խոսել անծանոթ մարդկանց ներկայությամբ…

Կողքի սենյակում հրեշտակները շարվում են ժամասացության,

թթխմորի նման անխառն է նրանց ուղեղը,

և նրանք բոլորն էլ սև թավիշե համազգեստներով են:

Հեռվում ուշացած մեքենաներն ուսերը զարմացած վեր քաշեցին,

բայց ես հավանության նշան արեցի գլխով:

 

                             5. ԸՆԹԱՑԻԿ ՄՏՔԵՐ

Հենց նոր մեկը դուրս եկավ համբերությունից, նախ հուսահատված

գոռաց, մինչև որ մարդիկ շրջապատեցին նրան չորս կողմից,

հետո խնդրեց, որ լռություն պահպանեն

և վերջապես խոստովանեց, որ ինքը Շեքսպիրն է,

հետո պահանջեց, որ լուսանկարեն աջից ու ձախից,

ծաղիկներ նետեն

և ծանրակշիռ հոդվածներ տպեն իր գործերի շուրջ,

ինչպես  որ կարգն է…

Բանասիրության խրթին անտառում կա այդ փողոցը,

և այդ մարդը կա, որին կծել էր

տասնչորսոտնյա սոնետը մի օր,

և նա դուրս եկավ համբերությունից:

Բժիշկը նրան խորհուրդ էր տվել

առավոտները կարդալ «Վարք մեծաց»,

իսկ երեկոյան թեյի մեջ գցել քորեյի թփեր,

դեմքով ու թվով համաձայնվել ենթակայի հետ,

և տրիոլետ տեսնել երազում:

Նա կարգին մարդ էր, զավակների հայր,

իր կարծիքն ուներ աշխարհի մասին,

գիտեր, ինչն է չար և ինչն է արդար,

գիտեր, թե ինչ է տանում իր ուսին:

Եվ մի ցանկություն ուներ իր համար,

որ դամբանական գրվեր այսպիսի.

«Գիտեր, ինչն է չար և ինչն է արդար

գիտեր, թե ինչ է տանում իր ուսին»:

…Կա մի մարդ, որին սիրով կնվիրեի ես այս տողերը,

չեմ խղճում նրան:

Հենց նա է, որ կա,

որ ամեն գիշեր հանգավորում է իր արցունքները

և ուրախությունն է մտցնում ռիթմի զսպաշապիկի մեջ:

Նրա բառերից թարմ գիպսի հոտ է բուրում,

և կիրակի օրը կնոջը նվիրում է

մի փունջ դերբայական դարձված:

Մենք մի օր հանդիպեցինք իրար,

կանգնեցինք դեմ-դիմաց, և երեկո էր.

-Գիտե՞ք, երեկ մեկը դուրս եկավ համբերությունից

և ասաց` ճշմարտությունը նա է տեսնում միայն,

ով նրա մեջ ապրելու հույս է տեսնում

և տեսնում է զարմանալի պարզ ու հասարակ բաներ,

որոնք բոլորն են տեսնում,

բայց միայն մենք ենք պարտավոր ասել,

որովհետև միայն մենք գիտենք ամպել-չանձրևելու գաղտնիքը

և թե ինչու ռամիկները չուզեցին իշխան դառնալ,

և գիտե այս երկու զուգահեռների մասին

երկար խոսակցություններ բանալ…

 

                            6. ԵՐԵԿՈ

Եվ ռիթմը խփում է քունքիդ արյան շատրվանի նման,

քեզ ասում են, – օ՜, ինչքան ես գեղեցկանում

անհուսորեն տառապելիս:

Ճաշակով հագնված կանանց համաչափ ծափահարության ներքո

դու թաշկինակներ ես նետում բոլոր բաց պատուհաններից ներս,

և ծաղիկների թերթերից թափվում է դիալոգի հեղեղը:

Եվ ռիթմը հեղեղում է դեմքդ ցավի հետ հյուսված:

Ամուր սեղմվում են շուրթերն իրար,

և ատամները նույնպես սեղմվում են իրար ամուր,

այնքան ամուր, որ փակ աչքերի առաջ

նախ կլոր օղակներ են հայտնվում,

և հետո ճերմակ աղավնիներ` կտուցների մեջ

ծաղկած աֆորիզմներ պահած:

Հրաշալի է կեղծ ռոմանսի այս ճարպոտ երեկոն:

Լապտերների մեջ հարմար տեղավորվում են հրեշտակները,

ծալում են թևերն ու աչքի տակով նայում

այգիներում համբուրվող զույգերին

և իբր թե անտարբեր հորանջում են

բնականին չափազանց նման:

Հիանալի է հմուտ կազմակերպված դեպքերի հաջորդականությունը,

երբ արևին փոխարինում է լուսինը

և պայծառ լուսավորված դահլիճներում,

մի խումբ մարդիկ համերաշխ նստած իրար կողք,

զննում են մարդկանց մեկ ուրիշ, փոքր խմբի,

իսկ երբեմն էլ նույնիսկ մի մարդու

և ծափահարում ու աղմկում են մերթ ընդ մերթ

նյարդայնացած, հիացած, հուզված, ջղայնացած:

Իսկ ռիթմը քիչ-քիչ իջնում է կոկորդովդ ներքև

և դու անփույթ ու արտիստիկ շարժումով

ձեռքդ սեղմում ես սրտիդ,

գլուխդ ետ ես գցում և աչքերդ հառում վերև:

Եվ հանկարծ լապտերի միջից

կինը շեշտակի բարձրացնում է հայացքը,

և հեռվից լսվում են

ուշացած մեքենաների խորհրդավոր շչակները:

Եվ հանկարծ ոտքերդ ծալվում են,

որովհետև ռիթմն արդեն ամբողջ մարմինդ է ցնցում,

ու դու անզոր ես ու խեղճ նրան դիմադրելու համար:

Հենց այդ պահին դանդաղ բացվում է դուռը

և ներս է մտնում նա,

որի այցելությունը սկզբում և միշտ

տարօրինակ է թվում քեզ համար:

 

7. ՄԵՆԱԽՈՍՈւԹՅՈւՆ, ԵՐԲ ՕՐԸ  ՄՈՏԵՆՈւՄ  Է  ԱՎԱՐՏԻՆ

Լռություն,-

վայրկյանը  սարդի նման արագ վազեց

և անհետացավ ժամացույցի զսպանակված որոգայթի մեջ…

Սիրտս տրոփում է մեկ-մեկ,

հատ-հատ:

Իսկ երեկոն արդեն ուժի մեջ է,

սենտիմենտի իր բոլոր անհրաժեշտ տարրերով:

Իսկ դու, պարզվում է, բավականին լուրջ մարդ ես

և խոսակցությունների մեջ կարծիք ես հայտնում,

որ ռեժիմով սնվելու մեջ է չգիրանալու ամբողջ գաղտնիքը

և ավտոմեքենաների բանեցրած գազը

իսկապես մեծ վտանգ է մարդկության ապագայի համար,

և որ երաժշտությունն օգնում է մարդուն

սեքսը դարձնել ավելի մաքուր ու հարմար:

Եվ լռում, չես խոսում այն մասին,

որ թաքուն տառապում ես հեռվում մեռնողների ճիչերից:

Եվ որ քո սիրտը իսկապես ցավում է

հեռավոր մի երկրի համար,

որի բարեբեր հողերը

ողողվել են ֆաշիզմի կոյուղու կեղտաջրով,

և որ այլևս չի ապրում Սալվադոր Ալիենդեն,

որն այնքան շատ էր ուզում տեսնել

իր երկիրը երջանիկ ու հարուստ,

ր այլևս չի ապրում Պաբլո Ներուդան,

որի բանաստեղծություններն ես թարգմանում դու հիմա,

ակնածանքով ու խոնարհ տքնելով ամեն մի տողի վրա:

Եվ լռում ես, չես խոսում այն մասին նաև,

որ քո խիղճը բացահայտորեն տառապում է

սովից խեղաթյուրված դիմագծերի համար,

որոնց հենց քո կողքին աճող հացի մի կտորը

կդարձներ հրապուրիչ և գուցե գեղեցիկ:

Իսկ դու լռում ես, չես խոսում այս ամենի մասին,

որովհետև բառերը խեղճ են ու անզոր,

որովհետև բառերը դեռ չեն հասունացել

մեծ ցավի և մեծ ուրախության համար:

Օ`, շարեք պատերը տան

և պայթեցրեք մարդու սիրտը լաբորատոր պայմաններում,-

երեխաներ կծնվեն առանց ոտք, առանց աչք,

մայրերն առանց արցունք՝ սարսափից կհամրանան:

Օ՜, սարքեք տներ առանց պատուհանների,

չէ՞ որ արևի լույսի արդարությունը կխանգարի ձեզ,

և մանեկենները կլցվեն փողոցները` ճերմակ սիլիկոնե ուղեղներով,

ամուր բիցեպսներով և անմազ դեմքերով

և չեն հասկանա, թե ինչու են մարդիկ թավալվում

իրենց կրակոցներից:

Իսկ դու լռում ես, դու չես խոսում,

այլ` գլուխդ թաղել ես թերթերի մեջ

և սիրտդ բաբախում է չափից դուրս արագ:

Եվ լսում ես առօրյա մի խոսակցություն այն մասին,

որ ճապոնական գարունը չափազանց անհասկանալի է,

որ իջել է հեռուստացույցների գինը,

որ շատ ճաշակով են հագնվում աղջիկներն այս ամառ,

որ Դեմիս Ռուսոսն ազգությամբ հույն է, ապրում է Փարիզում

և երգում է անգլերեն,

իսկ մենք հայ ենք ու պիտի բազմանանք:

(Ասել, որ դու սիրում ես խաղաղությունը և որ ուզում ես

բոլորը լինեն երջանիկ, ճշմարիտ կլինի, բայց չի լինի բանաստեղծական:

Կամ` թող երկնքում ճախրեն աղավնիները և արևի դեմքը երբեք

չծածկվի մշուշով, դու մի քիչ այլ կերպ կդասավորեիր բառերը, և

կստացվեր մոտավորապես այսպիսի նախադասություն.-

Եթե երկնքում աղավնիներ կան,

մենք բոլորս էլ հանգիստ գնում-գալիս ենք

արևի տակ):

Բայց դու կարող է ապրեիր աշխարհում

և ֆաշիզմի մասին չունենալ ոչ մի գաղափար:

Բայց դու կարող էիր լինել առավել երջանիկ,

թե չիմանայիր ինչ բան է գենոցիդը

ու թե չիմանայիր ինչ է խտրականությունը ռասայական:

Կխմեիր քո սուրճը հանգիստ, կհամբուրեիր կնոջդ,

կպառկեիր մեջքի վրա` երազելով տիեզերագնաց դառնալ

և զարմացնել ձեր թաղի բոլոր անմեղ քաղքենիներին,

որոնք գիշեր-ցերեկ փայլեցնում են իրենց

բյուրեղապակյա անոթներն ու սկահակները

և թանկարժեք կահույքի վրայից մանրադիտակի

օգնությամբ հայտնաբերում

և մեկ-մեկ թռցնում են փոշին:

Օ՜, բառարանները լիքն են ավելորդ բառերով,

այս փոքրիկ երկրագնդի վրա ո՞վ հնարեց դրանք…

Հեռախոսի զանգը ստիպեց փոխել մտածումներիդ ուղղությունը.

դու հիշեցիր քաղաքը, որտեղ ծնվել ես 28 տարի առաջ,

և ժպիտն ու ցավը ողողեցին դեմքդ` հիշեցիր մորդ

և քույրերիդ, ու չփոխվեց դեմքիդ արտահայտությունը, երբ հորդ հիշեցիր:

Բայց դու ներքուստ զգում ես, որ տարիները ետ են գնում արագորեն,

դու մանկանում ես արագորեն,

և շուտով, շուտով կհասնի այն պահը,

երբ այլևս անհնարին կլինի զսպել

թարթիչներիդ տակ ուռճացող հեղեղը արցունքի

և ճիչդ,

ճիչդ,

նորածնի ճիչդ անհոդաբաշխ ու ցնծագին:

 

                        ՕՐՎԱ ՎԵՐՋ

     ԿԱՄ  ԲԱՆԱՍՏԵՂԾՈւԹՅԱՆ  ՎԵՐՋ

Եվ այն ամենը, ինչի մասին դու ոչ մի խոսք չասացիր,

և քո սիրտը ցավից միայն դուրս ընկավ, շեղվեց ռիթմից,-

դու բառ-բառ կպցրեցիր ու դարձրիր տող:

Հրաժեշտի համար, ահա, բարձրացնում ենք մեր ձեռքերը:

Եվ այն ամենը, ինչ դու տեսար օրվա ընթացքում,

և հարցերը, որ տվեցին քեզ, և պատասխանները,

ինչքա՜ն քիչ էին կապվում քո կյանքի և օրվա վախճանի հետ:

Այդ դու չէ, դու չէ, թող ուրիշներն արտասվեն,

դու բարձրացրու քո ձեռքերը հրաժեշտի այս պահին:

Ու թեև քեզ խփեցին տեղի ու անտեղի

և ասացին խոսքեր, որոնցից դառնացավ քո սիրտը`

բայց դու հավատարիմ ես քո ժողովրդին սկզբից մինչև վերջ,

հավատարիմ ես և ոչ թե պարտական, և ոչ թե ի պաշտոնե,

և դրա համար չէ, որ աշխատավարձ ես ստանում,

այլ` ճակատագրով, որովհետև դու այդպես ես ծնվել

և գուցե այդպես էլ մեռնես:

Այդ դու, դու, միայն դու պիտի արտասվես

և հրաժեշտի համար պիտի բարձրացնես քո ձեռքերը:

Սիրելիս, նայիր` տող-տողի ետևից շարվում է քո կյանքը,

և սերն ու ցավը քեզ ասում են` ապրիր,

և ամպերն ու արևը, և անձրևն ու վիշտը, և աստղերն ու քամին.

բոլորն են այստեղ, քեզ հետ են, ինչ արած:

Բայց դու բարձրացրու քո ձեռքերը հրաժեշտի այս պահին:

Եվ մարդիկ… սիրիր նրանց առանձին-առանձին,

արատների համար սիրիր,

առավելությունների համար կսիրեն ուրիշները,

որովհետև դու այդպես ես ծնվել

և գուցե այդպես էլ մեռնես:

Իսկ անհրաժեշտության դեպքում,

խնդրեմ,

ահա, այս պատկերը,-

Մարդիկ թռչունների թևերով

դանդաղ հեռանում են երկրագնդից…

Բայց դու հրաժեշտի համար

բարձրացնում ես քո ձեռքերը,

դու մնում ես այստեղ`

սիրելու, երգելու և մեռնելու համար: