ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄ Է…

Արձակ > Հոդվածներ > ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄՀԵՐԻ ՔԱՐԱՅՐՈՒՄ

   Ծխելու ցանկություն ոչ մի բան այնպես չի բորբոքում իմ մեջ, ինչպես «Առողջապահության նախարարությունը զգուշացնում է. ծխելը վտանգավոր է ձեր առողջությանը» գրությունը, որը պարտադիր փակցվում է ծխախոտատուփի ամենաերևացող տեղերում: Առաջին տպավորությամբ  խիստ հումանիստական այս զգուշացումից առավել բացահայտ դեմագոգիկ երեսպաշտություն մարդկությունը դեռևս չի հորինել, սրա հետ թերևս կարող է մրցել միայն համայնավարների` «Մարդն ամենաթանկ կապիտալն է» հայտնի կարգախոսը: Փառք տանք Աստծուն, որ խորհրդային տարիներին չէին պարտադրում այն փակցնել մարդկանց ամենաերևացող տեղերում:

   Ինչ վերաբերում է առողջապահության նախարարությանը, ապա չեմ կասկածում, որ այնտեղ շատ լավ գիտեն, բայց չգիտես ինչու, չեն զգուշացնում, որ ծխախոտից շատ ավելի վատթար` մեր առողջության վրա ազդում են մեր ողորմելի աշխատավարձերն ու նպաստները, գործազրկությունն ու հատկապես անպաշտպանվածության զգացումը, որը դեկտեմբերյան ցրտերի հետ պատեց մեր հոգին և առ այսօր շարունակում է ամենաարդիականն ու հրատապը մնալ մեզ համակած զգացումների շարքում:

   Անշուշտ, հիշում եք «Երեք խոզուկներ» հեքիաթը: Պարզվեց` մեր վարդագույն մայրաքաղաքը կառուցել ենք խոզուկներից ամենաանխոհեմի օրինակով` ծղոտից: Բավական էր հյուսիսային ցրտերը ներխուժեին  Հայաստան, որպեսզի անմիջապես գլխի ընկնեինք, թե ինչքան անպաշտպան ենք բոլոր առումներով: Ամանորը ոմանք դիմավորեցին առանց ջրի, ոմանք առանց կոյուղու, շատերը առանց լույսի, իսկ ամենադժբախտները` բոլոր այս օրհասների եռամիասնությամբ: Եվ ուրեմն, առավել արդարացի, մարդասիրական քայլ չէ՞ր լինի, եթե առողջապահության նախարարությունը խոշոր տառերով գրություն փակցներ քաղաքի բոլոր շենքերի երևացող մասերին` առ այն, որ «Նախարարությունը զգուշացնում է` այս բնակարաններում ապրելը վնասակար է ձեր առողջությանը»: Իսկ թե քաղաքային տնտեսությանն ինչքան է վնասակար, արդեն հաշվարկված է, և այն ցույց է տալիս, որ եթե իշխանությունները քաղաքն անվճար ջեռուցեին, վնասը տասնապատիկ քիչ կլիներ: Ինչպես ասում են` ժլատը կրկնակի է (մեր դեպքում`  տասնապատիկ) վճարում:

   Եվ մի՞թե ես պիտի հուշեմ առողջապահության նախարարությանը, թե հայ մարդկանց առողջությանն ինչքան վնասակար է միայն «Հայռուսգազարդի» հետ հույսեր կապելը: Ժամանակը չէ՞ վերոհիշյալ զգուշացումն ազդարարող գրություն փակցնել սույն կազմակերպության գրասենյակի ճակատին: Սակայն այստեղ զգուշացումը բավարար չէ, հետգրություն էլ է անհրաժեշտ: Շուկայական համակարգը, որին այլոց թվում անցել են նաև Հայաստանն ու Ռուսաստանը, խստիվ հաշվարկված գործնական հարաբերություններ է պարտադրում, այնպես որ վաղուց ժամանակն է մի կողմ դնել «Հայաստան-Ռուսաստան, բհայ, բհայ» զգացմունքային կոչերն ու անցնել. «Ապրանք ես վերցրել, ժամանակին վճարիր» ու նաև` դեռևս խորհրդային տարիներին իրեն արդարացրած` «Դրամը հաշվիր առանց դրամարկղից հեռանալու» կարգախոսներով: Ինչո՞ւ են ձգձգվել ու կուտակվել Ատոմակայանի համար Ռուսաստանից գնված  միջուկային վառելիքի վճարները, ինչի պատճառով արդեն որերորդ ամիսն է ԱԷԿ-ը մատնված է անգործության, այն դեպքում, երբ բնակչությունը բարեխղճորեն մուծում է հոսանքի վարձերը, այն էլ` ինքնարժեքից մի քանի անգամ բարձր գնով:  Ինչերի՞ վրա է ծախսվել  ժողովրդից քամված այդ գումարը, ի՞նչ անհեթեթ ծրագրերի, անիմաստ ու անպտուղ գործուղումների, միգուցե ձրի բենզինի, որ խժռում է գնալով ուռճացող ծառայողական ավտոմեքենաների` հանրապետությունը հեղեղած նախիրը:

   Եվ ինչի՞ վրա ենք հույս դրել` ժամանակին չվճարելով այդ պարտքերը. հուսալով, թե մեր բարեկամ Ռուսաստանը կների՞… Զուր հույսեր: Պարտքերը չմարելու դեպքում Ռուսաստանը նույնիսկ իր հարազատ քաղաքացիների հոսանքն ու ջեռուցումն է անջատում` բառացիորեն մահվան դատապարտելով  նրանց Սիբիրի` հաճախ –50 աստիճանից անցնող սառնամանիքի պայմաններում: Էլ ուր մնաց մեզ, որ ո՛չ այնքան հարազատ ենք, ո՛չ էլ` առանձնապես սլավոն:

   Եվ հետո, ո՞վ ասաց, որ բարեկամի պարտքի մարումը կարելի է ձգձգել, և ո՞վ ասաց, որ բարեկամն ընդամենը մեկն է լինում, ի՞նչ պակաս բարեկամ է, օրինակ, մեզ սահմանակից (ի տարբերություն Ռուսաստանի) Իրանը, որը Վարդանանց պատերազմից ու Ջուղայի գաղթից այս կողմ խիստ բարեկամաբար է տրամադրված թե՛ Հայաստանի և թե՛ իր ներսի հայկական գաղութի (ի տարբերություն Ռուսաստանի) նկատմամբ: Այդ բարեկամությունն առավել նկատելի դարձավ վերջին տասնամյակում: Իսկ բոլորովին վերջերս, երբ Վրաստանի սահմանին պայթեց գազատարը, և մենք հերթական անգամ ընկանք ծանր կացության մեջ, հստակորեն գործեց երկկողմանի պայմանագիրը, և Իրանը մեզ էլեկտրական էներգիա մատակարարեց: Ինչո՞ւ ենք տարիներ շարունակ  խոստանում և չենք ավարտում Իրան-Հայաստան գազամուղը, որը մեզ հնարավորություն կտար առանց խորը տագնապների հետևել Ռուսաստան-Վրաստան հարաբերությունների անկանխատեսելի զիգզագներին…

   …Եվ էլի տասնյակ նմանօրինակ անպատասխան «ինչուներ», որոնցից շատերն անփոփոխ մեզ են փոխանցվել անցյալից և հավանաբար անփոփոխ էլ կփոխանցվեն գալիք սերունդներին: Ճշտված է, չէ՞, որ հին ժողովուրդների մեջ միայն հայերն են մնացել անփոփոխ… Այստեղից էլ ամենակարևոր «ինչո՞ւն»` էլ ինչո՞ւ եմ գրում այս դառը տողերը, ինչո՞ւ եմ բզկտում ուրիշների և հենց իմ հոգին, ի՞նչ օգուտ այս ամենը գրելուց, էլ չհաշված մարդկանց տրամադրությունը փչացնելը, իսկ տրամադրությունը, գիտեք, թե ինչ ծանր է ազդում մարդկանց առողջության վրա… Հետևաբար ես ո՛չ կզարմանամ և ո՛չ էլ կզայրանամ, եթե հոդվածիս ամենաերևացող մասում կարդամ առողջապահության նախարարության զգուշացումը. «Այս հոդվածի ընթերցանությունը վնասակար է ձեր առողջությանը»…

                                                                    «Գրական թերթ», 2003, 31 հունվարի