ԱՎԱԶԻ ԵՎ ԾՈՎԻ ՄԻՋՈՎ…

Պոեզիա > ԲՈԼՈՐՈՎԻՆ ՈՒՐԻՇ ԱՇՈՒՆ

Ավազի և ծովի միջով քայլում է մի ծերունի,

առանց երգելու և առանց խորհրդավոր թատերականության:

Նռների և թզերի միջով քայլում է մի ծերունի,

որը երբեք չի պարծենում

անխոնջ քայլելու իր անուրանալի շնորհքով:

Առավոտ է, և եթե արև կա ու խաղաղություն,

ուրեմն արևի ու խաղաղության միջով քայլում է մի ծերունի:

Իսկ դաշտերում մաքուր սափրված ոչխարներ են արածում,

նրանք իրենց գանգուր վարսերը թողել են կանանց,

որոնք բացառիկ ճարպկությամբ

գուլպաներ են գործում դռների մոտ նստոտած

և համերաշխ ողջույն են տալիս

ամեն ինչի միջով անցնող այդ նույն ծերունուն:

Երեկո է, ու եթե սեր կա ու գրկախառնություն,

ուրեմն զույգերի և շուրթերի միջով անցնում է մի ծերունի:

Եվ վերջապես համբերությունն էլ ունի իր սահմանը,

նույնիսկ երեխաներն են զայրացած ծերունու վարքից:

Կանայք էլ չեն գործում իրենց գուլպաները,

քարացած սպասում են, թե ինչ է լինելու:

Եվ վերջապես հանգցրին ամենավերջին լույսերը,

ամենուրեք մութ է ու խավար անաթափանց,

միայն մեկը հեռու-հեռվում մոմ է վառել

և ինչ-որ բան է հաշվում ձեռքը կրծքին սեղմած…

Օ՜, ինչ տխրություն:

Դա միակ մոմն է,

մեն-միակ մոմն է,

որը վառվում է

այդ խեղճ ծերունուն փրկելու համար…