ԱՐՔԱՅԱԿԱՆ ՈՐՍ

Պոեզիա > ԴԱՆԴԱՂ ԺԱՄԵՐ

Հնչում են եղջերափողերը,

և մենք հանդիսավոր հրաժեշտ ենք տալիս իրար:

Խզված ձայնով երգող մի տղամարդ

առավել հուզիչ դարձրեց առավոտը,

և ճակատագիրը փայլեց

առավոտի մեջ մոլորված ջահել աստղի նման:

Մի տխրիր,- ասացին ձիերը,

մի տխրիր,- ասացին խոտերը,

կրակիր անվրեպ,- ասացին եղնիկները,

ձեռքդ չդողա հանկարծ,- ինձ ասացին թռչունները,

և խզված ձայնով երգող մի տղամարդ

դանդաղ սկսեց խրվել հողի մեջ,

մինչև որ ձայնը խզվեց բոլորովին:

Եվ ես չէի լսում այլևս ոչինչ,

սմբակների դոփյունից բացի,

քամին սուլում էր ականջներիս մեջ,

և ես ծնվում ու մեռնում էի անվերջ,

սիրում էի, բաժանվում, ծերանում –

և ինձ մեկ Հակոբ էին կոչում,

հետո անվանեցին Արշակ,

ապա Երվանդ անունը տվեցին,

իսկ երբ ասացին Հովհաննես,

դադարեց ձիս վարգելուց,

և ես հոգնած իջա խոտերին,

և եկեղեցու զանգերը ղողանջեցին,

որովհետև արդեն առավոտ էր նոր,

և ճակատագիրը փայլում էր

առավոտի մեջ մոլորված անփորձ աստղի պես…