ԲՅՈՒՋԵՆ ԷՐ ԱՂՔԱ՜Տ, ԴԻՄԱՑՆ ԱՐԱՐԱ՜Տ…

Արձակ > Հոդվածներ > ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄՀԵՐԻ ՔԱՐԱՅՐՈՒՄ

      Այո, ոչ ոք և ոչինչ ավելորդ չեն այս երկնքի տակ. Տեր Աստվածը մեր Ամենակարող ավելորդ ժամանակ չի ծախսել պարապ բաներ ստեղծելու վրա: Այդ դեպքում որտեղի՞ց այսքան և այսպիսի պատգամավոր, օրինաչափորեն կհարցնեք դուք: Բայց մի՞թե այս հանգամանքը չի վկայում, հարցին հարցով պատասխանում եմ ես, որ ի տարբերություն Բուդդայի և Մուհամեդի` մեր Տերն Ամենակարող օժտված է բավականին ինքնատիպ հումորի զգացումով… Թեև մեր պատգամավորների պարագայում, ավելորդ չեմ համարում նշել, այդ հումորը չափազանց սև է ստացվել…

   Ինչևէ, սև թե սպիտակ, մեր Ազգային ժողովն է, միակը, որից,  ուզում ես աջ թռիր, ուզում ես` ձախ, փախչել չես կարող: Ճիշտ այնպես, ինչպես և գլոբալացումից, երևույթ, որին խրախուսելի հետևողականությամբ անդրադառնում է Գառնիկ Անանյանը, գրականագետ, որի նկատմամբ համակրանքս երբևէ չեմ փորձել թաքցնել: Առավել ևս հիմա, երբ ի տարբերություն մեր որոշ գրողների ու գրականագետների, որոնք, միգուցե չհասկանալով, շատ ավելի հենց այդ պատճառով երկյուղելով, փակվել են գրական էքսերսիզների դղյակում,  Գառնիկ Անանյանը խորությամբ զգացել է, որ աշխարհում ընթացող ցանկացած գործընթաց` այդ թվում նաև գլոբալացումը, չի կարող չառնչվել մեր ազգային հոգսերին, հետևաբար նաև գրականության շահերին:

   Ընդունելով նրա հոդվածների դրույթներից շատերը` այնուհանդերձ նշեմ, որ դրանցից մի քանիսն ինձ մտորելու տեղիք տվեցին, խոսքս հատկապես ժողովրդավարությանն է վերաբերում, ավելի ճիշտ` ժողովրդավարության նկատմամբ վառ արտահայտված բացասական վերաբերմունքին: Միանգամից հավաստեմ, որ իմ խորին համոզմամբ բոլոր այն ազգային արժեքները, ի պաշտպանություն որոնց հանդես է գալիս հարգարժան գրականագետը, կարող են գոյատևել և զարգանալ միմիայն ժողովրդավարության պայմաններում: Նախ, որովհետև բարձ արժեքներ կարող են ստեղծել, անվիճելի փաստ է, ազատ ու անկախ անհատականությունները, որպիսիք կարող են արարել միայն ազատ ու անկախ հանրապետությունում, որն էլ իր հերթին հնարավոր չէ պատկերացնել առանց ժողովրդավարության: Սրանք մեկընդմիշտ հաստատված կանոններ են: Ասեմ, որ սոցիալիզմի պայմաններում արժեքներ ստեղծած այն անձինք, որոնց անուններն անպայման կթվարկեն իմ ընդդիմախոսները, իրացրել են Աստծո պարգևած տաղանդի 10-20 տոկոսը միայն… Ինչ վերաբերում է սոցիալիզմի գաղափարներին, որոնք անպայման հրաշալի են, ապա, ցավոք, մարդկությունը դեռևս պատրաստ չէ դրանք ընկալելու, ինչի հետևանքով`  իրական հողի վրա իջնելիս, ինչպես սոցիալիստական բոլոր երկրների փորձն է վկայում, անմիջապես վերածվում են բռնապետության` անհատի պաշտամունքի անխտիր հավելումով: Իսկ այսօրվա չինական սոցիալիզմը, որը դարձյալ կվկայակոչեն իմ ընդդիմախոսները, այնքանով է սոցիալիզմ, որքանով կոմունիստական է նրան ղեկավարող կուսակցությունը, որին, պատկերացնո՞ւմ եք, կարող է անդամագրվել նաև… «պրոլետարներին շահագործող» կապիտալիստը… Իսկ գոնե մեր տեսած սոցիալիզմի պայմաններում, մենք հո գիտեի՞նք, որ ազատ կարող էր լինել միայն Գասպարյանը, այն էլ միայն մեծատառով, որը, չնայած իր տաղանդին, չէր կարող անկախ լինել, որովհետև այդպիսի անունով զավակ հայ ժողովուրդը դեռևս չէր կոչել` չնայած այդ առումով իր անսահման երևակայությանը… Խոսելով գլոբալացման վնասներից` հուրախություն մեզ արձանագրենք, որ դրանց կրողները կլինեն Ֆրանսիայի կամ Իսպանիայի նման երկրները, որոնց շուկաներն արդեն իսկ հեղեղվել են երրորդ երկրների էժան մթերքներով` ծանր անդրադառնալով տեղական արտադրողների վրա: Մեր էժան աշխատուժի և չնչին շուկայի «շնորհիվ» շահողների մեջ կլինենք նաև մենք… մենք, որ ոչինչ չունենք կորցնելու մեր ողորմելի բյուջեից բացի, որի ողորմելիությունը ցուցադրելու համար բերեմ ընդամենը մի համեմատություն. Գլենդելն իր մեծությամբ 15-րդ քաղաքն է Կալիֆորնիայի նահանգում – ճիշտ և ճիշտ խորհրդային ժամանակների մեր Լենինականի չափ` ունի 200.000 բնակչություն, որից 60.000-ը հայ են, այսինքն` գրեթե այնքան, ինչքան մնացել է ներկայիս Գյումրիում: Ինչևէ: Այս փոքրիկ քաղաքի այս տարվա բյուջեն կազմում է… 586 մլն դոլար, շուրջ 86 միլիոնով ավելի, քան մեր հանրապետության բյուջեն…

   Ի դեպ, օգտվելով առիթից, շնորհավորենք հայ մարդկանց մեջ ամենամեծ բյուջեն կառավարողին` Րաֆֆի Մանուկյանին, Գլենդելի քաղաքապետ վերընտրվելու կապակցությամբ:

                                                                       «Գրական թերթ», 2003, 18 ապրիլի