ԴՈՒՆ ԿՐԱԿ, ՀԱԳԱԾԴ ԿՐԱԿ…

Հոդվածներ > ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄՀԵՐԻ ՔԱՐԱՅՐՈՒՄ

Ինչպես հոդվածիս վերնագիրն է պարզորոշ հուշում, խոսքն այստեղ գնալու է դիակիզարանների մասին: Ավելի ճիշտ` այն մասին, թե հասունացե՞լ է արդյոք ժամանակը` վառելու հայ մարդկանց բառիս ամենաբուն իմաստով: Անշուշտ մեռնելուց հետո: Իսկ մինչև մեռնելը նրանց վառում են իշխանությունները. վառին թողեցին – այսպես են գնահատում ոմանք այդ գործընթացը: Միտինգներում: Իսկ հիմա արդեն, դատելով մամուլում ծայր առած բանավեճերից, նույն այդ իշխանությունները մարդկանց ուզում են վառել նաև մեռնելուց հետո: Անկեղծ ասած, այս դեպքում նրանք հիմնավոր պատճառներ ունեն:

Եվ իսկապես, բավական է մի թռուցիկ հայացք նետել մեր հանրապետության ամբողջ տարածքի վրա (ի դեպ, հասկանալի պատճառով այդ տարածքի վրա թռուցիկից զատ ուրիշ հայացք նետել հնարավոր էլ չէ)` հասկանալու համար, որ մի տասը-տասնհինգ տարի հետո այդ տարածքի մի կեսը կգրավեն գերեզմանոցները, իսկ մյուս կեսը` աղբանոցները: Իսկ ո՞ւր են մնացած տարածքները,- օրինաչափորեն կհարցնեք դուք: Մնացած տարածքները վաղուց ի վեր բաշխված են մեր հարևան ժողովուրդներին` 999 տարի ժամկետով կառավարման համար:

Սակայն վերադառնալով այս պահին մեր ձեռքի տակ մնացած տարածքներում ընթացող գործընթացին` պիտի դառնորեն ենթադրենք, որ ազատ ու անկախ հայ ժողովուրդն առաջիկայում կդառնա ազատ ու անթաղ ժողովուրդ: Կյանքի կկոչվի «մեռած ենք ու թաղած չենք» հայտնի ասացվածքը` նրանից բխող բոլոր հետևանքներով:

Այս վտանգն առաջինը զգացին և տագնապի ահազանգ հնչեցրին մեր օլիգարխներն ու մեծահարուստները, որոնք հանկարծ սկսեցին նկատել, որ գերեզմանատները հետզհետե մոտենում են իրենց դղյակների պարիսպներին, և քիչ-քիչ պակասում է այն ճանապարհների թիվը, որոնցով հնարավոր է երթևեկել իրենց վիթխարածավալ ջիփերով…

Եվ ահա, նրանք հավաքվեցին և որոշեցին դիմել քաղաքապետին` այդ մտահոգիչ գործընթացի դեմն առնելու համար:

– Ի՞նչ անենք, ի՞նչ եք առաջարկում,- հարցրեց քաղաքապետը,- դարերով ձևավորված սովորության համաձայն` մարդիկ մեռնում են, ի՞նչ անենք, չթաղե՞նք…

– Չէ,- եղավ կտրուկ ու միահամուռ պատասխանը:

– Բա ի՞նչ անենք:

– Վառենք, ես դրանց մայրիկը…

– Բայց միևնույն է, վառելուց հետո էլ պիտի մոխիրը թաղենք, այնպես որ նույն 2 մետր 40 սմ տարածությունը պիտի տրամադրվի:

– Այ մարդ, մոխիրը լցրեք մի ամանի մեջ, տվեք ձեռքերն ու ռադ արեք… Թող տանեն տուն: Նոր տարուն էլ կդնեն սեղանին…

– Դա ելք է, ուրեմն հարկավոր է դիակիզարան կառուցել:

– Ելքը գտնված է: Համ էլ այդպիսով մենք պայքարած կլինենք աղքատության դեմ, չէ՞որ հիմնականում մեռնում են չքավորներն ու աղքատները… Հետո էլ էդ խեղճերը գոնե մեռնելիս կտաքանան… Բարի գործ ենք անում, տղերք:

– Աղքատներին ու ընչազուրկներին, հասկացանք, կվառենք, ձայն հանող չի լինի, իսկ ինչպե՞ս վարվենք հանրապետության ճանաչված դեմքերի հետ, ասենք, թե մի հայտնի գրող մեռնի… Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ աղմուկ-աղաղակ կբարձրանա, եթե նրան վառելու փորձ անենք,- առարկեց քաղաքապետը:

– Դրանց գործն ավելի հեշտ է:

– Ինչպե՞ս, շուն ե՞ք ուզում հաչեցնել:

– Ինչ շուն, այ մարդ: Էդ գրողները չե՞ն, որ տեղի-անտեղի հայտարարում են, որ իրենք անմահ են:

– Ասենք թե, հետո՞:

– Եթե հայտարարում են, ուրեմն թող իրենց խոսքի տերը լինեն: Այսինքն` չմեռնեն: Հայտարարություն փակցրեք, որ արվեստի, գրականության և գիտության անմահ գործիչներին կտրականապես արգելվում է մեռնելը…

– Լավ, ասենք թե դրանց հարցն էլ լուծվեց: Իսկ ի՞նչ անենք սփյուռքահայերին, որոնցից շատերը գերադասում են ապրել արտասահմանում, իսկ մեռնել` հայրենիքում:

– Էհ, թող գան հայրենիքում ապրեն, հայրենիքում էլ մեռնեն:

– Չէ, ասում են` դրսում ապրելու համար են լավ պայմաններ ստեղծված, իսկ հայրենիքում` մեռնելու: Եվ հետո, մենք ենք ախր հռչակել` մեկ ազգ, մեկ մշակույթ և մեկ գերեզմանոց կարգախոսը, ինչպե՞ս ետ կանգնենք:

– Հարցը կլուծվի, եթե ասենք, որ նրանց շիրմաքարերի վրա անուն-ազգանուններն ու մյուս ախ ու վախերը գրվելու են նոր, բարեփոխված ուղղագրությամբ և արևելահայերենով…

– Լավ, էդ հարցն էլ լուծվեց: Մնաց մի կարևոր հարց: Ամենակարևորը:

– Էդ ի՞նչ հարց է:

– Ձեր հարցը:

– Ի՞նչ ես ուզում ասել…

– Ուզում եմ ասել` վառե՞նք, թե՞ թաղենք, եթե ձերոնք մեռնեն…

– Այ տղա, դու էդ ի՞նչ ասիր, էդ խի՞ պիտի մեռնենք, հա՞ց չունենք ուտելու, թե՞ շոր չունենք հագնելու: Հլա մի հատ պատճառ ասա, կարող ա փողե՞րս են պրծել, տեղյակ չենք… Տո էդ ո՞ւմ մուծվեմ, որ տեղս չմեռնի… Բա մենք մեռնո՞ղ տղերք ենք… Իմացած լինես, որ մինչև գործը մեզ հասնի, մենք բոլորին` մեծից փոքր, վառած էլ կլինենք, թաղած էլ…

«Սատիրիկոն», 2005, 4 հոկտեմբերի