ԴՈՒ ԽՈՍՈՒՄ ԵՍ, ԲԱՅՑ ԼՌՈՒԹՅՈՒՆԸ ՉԻ ԽԱԽՏՎՈՒՄ

Պոեզիա > ԴԱՆԴԱՂ ԺԱՄԵՐ
  1. Դու խոսում ես, բայց լռությունը չի խախտվում:

Դու մտածում ես՝ հիմա ուր-որ է

քամին կփչի, և բառերը աշնան տերևների պես

կթափվեն շուրթերիցդ

և կտարածվեն անձրևից սևացած փողոցներում:

Տիկնիկներ,

չափից դուրս շատ տիկնիկներ

խանութների ցուցափեղկերում՝ ցերեկվա

լույսերի մեջ անտարբեր հետևում են

քեզ, որը դեռ հույսեր է փայփայում,

թե երբևէ կբարձրանա լռության վարագույրը,

կերևա բեմը լույսերով ողողված,

կծլնգա զանգը և տիկնիկները կսկսեն շարժվել,

և բառերը, բառերը կսկսեն խոսել՝

ինչպես բոլոր իսկական ու շքեղ թատրոններում: