ԴՈՒ, ՈՐ ՉԱՓԻՑ ԴՈՒՐՍ ԱՐԱԳ ՔԱՅԼԵՐՈՎ ՀԵՌԱՑԱՐ ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻՑ

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Կոտրված սրտով հեռացողների մեջ

Դու չէ որ վերջինն ես լինելու:

Բայց ի՞նչ իմաստ ուներ այսքան հապճեպ

նետվել այս փայտե պլպլան արկղի մեջ` աչքերդ փակ,

և ձեռքերդ ծալած կրծքիդ,

իսկ պատին, սև ժապավեններով երիզված լուսանկարդ է,

որտեղ ձեռքերդ չեն երևում, բայց աչքերդ բաց են

և անտարբեր նայում են ներսուդուրս անողներին,

կնոջդ, որը սկսում է բարձրաձայն արտասվել

ամեն մի ներս մտնողի հետ և ողբի ուժգնությամբ

կարելի էր որոշել թե ներս եկողն ինչքանով էր

                                               հարազատ ու մտերիմ

քո ընտանիքի և անձամբ քեզ հետ:

Բնականաբար, լացն առավել ուժգնանում էր,

երբ բարձրաստիճան պաշտոնյա էր երևում

դռների արանքում:

Հետամնաց երկիր ենք, դեռ լաց ենք լինում

                                                հանգուցյալների ետևից:

Բնական հարստություններից զուրկ ենք,

եղածն էլ մի բանի նման չի, ահա թե ինչու խորը վշտով,

մեծ դժվարությամբ ենք բաժանվում մեր ունեցած

սակավ հարստությունից` մտերիմներից, ընկերներից

ու հարևաններից,

ու նաև քեզանից, իմ հեռավոր բարեկամ,

որ անշարժ պառկել ես սեղանի վրա,

այդպես էլ չիմանալով, թե ինչով կավարտվեն

հայ-թուրքական բանակցությունները,

                                         կբացվե՞ն սահմանները, թե՞ ոչ…

Թեև, ճիշտն ասած, դեմքիդ արտահայտությունից

պարզ զգացվում է,որ  խաչ ես քաշել

այդ հարցի վրա և ձեռքերդ կրծքիդ խաչած,

վստահ, որ ամեն ինչ նույնն է մնալու

                                               այս հնամաշ հողի վրա,

հեռանում ես մեզանից – մեր ունեցած

միակ բաց ու ազատ ճանապարհով,

որը երկինք է տանում…