ԴՌՆԱԿԸ ԲԱՑ, ՆԵՐՍ ԳԱՄ ԵՍ

Արձակ > Հոդվածներ > ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄՀԵՐԻ ՔԱՐԱՅՐՈՒՄ

   1986 թվականի մայիսի 1-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի` ուռաներով և կեցցեներով հեղեղված և տոնականորեն զարդարված փողոցներով շքերթի դուրս ելած աշխատավորության  մտքովն ի՞նչ անցներ, որ մանր անձրևը, որն առավոտից տեղում էր իրենց գլխին, խորապես ատոմային է… Հանրապետության ղեկավարությունը, ինչ խոսք, գիտեր, որ ընդամենը չորս օր առաջ, բազմամիլիոնանոց մայրաքաղաքի ուղիղ քթի տակ տեղի է ունեցել աշխարհի ամենասարսափելի տեխնոգեն վթարը, և արդեն հասցրել էր սեփական ընտանիքները հեռացնել ապահով վայրեր, իսկ ինքը «հերոսաբար» մնացել էր հարազատ ժողովրդի հետ, անշուշտ, չմոռանալով կոճկել թիկնոցները վերից վար` ոչ մի վայրկյան չմերկացնելով գլուխներն ու դուրս չգալով ծածկի տակից` մահաբեր անձրևի վախից…

   Չերնոբիլյան ատոմակայանի վթարի անմիջական զոհերի թիվն անցել է 30 հազարից, իսկ դանդաղ մահացողները հարյուր հազարներով են չափվում… Բայց խոսքն այսօր այդ զարհուրելի աղետի ծավալների և հետևանքների մասին չէ, թեև դրանց կարևորությունը դեռ երկար է շարունակելու մնալ բոլորիս ուշադրության կենտրոնում, խոսքը արվեստի` մասնավորապես դասական երաժշտության նկատմամբ այն մեծ սիրո մասին է, որով այդ օրերին համակվել էր վիթխարածավալ խորհրդային երկիրը, դասական հրաշալի երաժշտություն, որն օրնիբուն մատուցվում էր Չերնոբիլից լուրերի սպասման մեջ հեռուստացույցներին ու ռադիոներին կպած ժողովրդին:

   Արվեստի այդ հարուստ ճյուղի` դասական երաժշտության զարգացումը Հայաստանում աննախադեպ վերելք ապրեց 1988թ. դեկտեմբերյան ավերիչ երկրաշարժից հետո և տևեց բավականին երկար` իր մեջ ներառելով նաև Ղարաբաղյան հերոսամարտը, Սումգայիթի և Բաքվի ջարդերը, հասարակական հեղաշրջումները… Այս տեսակետից խիստ հիշարժան է 1991թ. օգոստոսը, երբ դասական երաժշտության նկատմամբ սերն այնքան  ահագնացավ, որ կորցրեց իր բոլոր չափ ու սահմանները` վերածվելով մոլուցքի… Դա օգոստոսի 19-ին էր, օր, որը մեր պատմության մեջ նշանավորվեց ԳԿՉՊ հապավումով, որն հենց այդպես էլ` առանց թարգմանության,  մտել է խորհրդային բազմազգ հանրության բառապաշարի մեջ: Այդ չարաբաստիկ հեղաշրջման օրերին մեր տանը հյուր էր գյումրեցի հեռավոր ազգականներիցս մեկը` տարեց մի մարդ` երկրաշարժի վետերաններից, որն աղետի ծանր օրերին խորապես յուրացրել էր դասական երաժշտության բոլոր նրբերանգները և հազվագյուտ մասնագետ էր դարձել` արվեստի այդ բարձրարժեք գոհարներից գրեթե անսխալ վերծանելով դրանցում սքողված և այդ օրերի համար այնքան անհրաժեշտ տեղեկությունները: Եվ երբ օգոստոսի 19-ին հեռուստատեսության մռայլ հաղորդագրությունից հետո, որը, զրույցով տարված, չկարողացանք ընկալել, հետևաբար բանի տեղ չդրինք, սկսվեց դասական երաժշտությունը, գյումրեցի հյուրս «երաժշտական գործընթացի» հետ սկսեց քիչ-քիչ մռայլվել.

   -Էս ի՞նչ կնվագեն,- մթնած հարցրեց:

   -Մոցարտ…

   -Կըսես Մոցա՞րտ… Կըրնա՞ս նվագածի անունը ըսել:

   -Վայ թե սխալվեմ… Եվ հետո, ի՞նչ կարևոր է…

   -Այ տղա, աշխարհը կքանդվի, դու կըսես` ի՞նչ կարևոր է… Հըմի որ ըսորից հետո Հայդնից բան նվագեն, իմացի, որ շատ վատ բան է եղել…

   Եվ իսկապես, հաջորդեց Հայդնը: Եվ իսկապես շատ վատ բան էր եղել:

   Մյուս օրը հյուրս Չայկովսկու «Կարապի լճով» անսխալ հայտնեց զոհերի թիվը, այդ մասին արված հաղորդագրությունից շատ առաջ: Այս մի վերծանության գաղտնիքը մեզ մեծահոգաբար պարզաբանեց. «Իրեք հոգի կպարեին»:

   Արվեստի նկատմամբ այս խիստ յուրօրինակ սերը` անցյալ իշխանություններից որպես թանկ ժառանգություն, փոխանցվեց ներկա ժամանակներ: Ամենևին պատահական չէ, օրինակ, որ մեր հեղափոխական հանրահավաքները, ցույցերը, «կորչիներն» ու «միացումները» անցկացվում էին օպերայի շենքի բակում` Թումանյանի և Սպենդիարյանի «անմիջական մասնակցությամբ»… Առավել ևս պատահական չէ, որ երբ բակը սկսեց վերակառուցվել, հանրահավաքներն ու ցույցերը տեղափոխվեցին մեկ այլ մշակույթի օջախի մոտ` Մատենադարան, քաղաքական գործընթացների մեջ ակտիվորեն ներգրավելով այս անգամ մեր խորը անցյալի մեծերին` Մաշտոցին, Խորենացուն, Շիրակացուն ու Նարեկացուն… Եվ այսօր նրանց կողքով անցնելիս դժվար չէ նկատել այն քաղաքական-գաղափարախոսական խորը թախիծը, որը փոշու նման նստել է իմաստնության մեջ քարացած նրանց դեմքերին:

   Ասելիքս այն է, որ մենք, հիրավի, երբեմն չափազանցության մեջ ենք ընկնում` մեր իշխանավորներին, քաղաքական գործիչներին մեղադրելով արվեստից ու գրականությունից կտրվածության համար: Կարող եմ բերել բազմաթիվ այլ վկայություններ, որոնք փաստում են, որ նրանք` մեր գործիչներն ու իշխանավորները, անխզելիորեն կապված են արվեստին ու գրականությանը` իրենց գործունեությունը սերտորեն առնչելով մեր մշակույթի օջախների հետ, շատ հաճախ նույնիսկ հասնելով դրանց դռներին… Ի՞նչ է մնում, չնչին մի բան` ընդամենը մի քայլ` բացել ու մտնել այդ օջախների դռներով և ներսի մարդկանց հարցնել, թե այդ ինչո՞վ եք այսքան ժամանակ զբաղված…

                                                                          «Գրական թերթ», 2003, 2 մայիսի