ԵԼԻՐ, ՈՒՄ ԿՅԱՆՔՆ ԱՆԻԾԵԼ Է…

Արձակ > Հոդվածներ > ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄՀԵՐԻ ՔԱՐԱՅՐՈՒՄ

 Դարերի խորքից սերնդե սերունդ փոխանցվելով` գրեթե անխաթար մեզ են հասել մի քանի ավանդական, ծիսական արարողություններ, որոնցից արժանահիշատակ են գարնան նախաշեմին խարույկ վառելն ու վրայով ետ ու առաջ թռնելը, էպիստոլյար ժանրը, որը մեզանում ընկալվել է որպես ամբաստանագիր, որոնց մեջ շեշտը հիմնականում դրվել է սոցիալական արդարություն հաստատելու վրա, անվերջ երթալը կամ անվերջ շարժումը և պատուհանների ապակիներ փշրելը, որն ուղեկցվել է վերը նշածս ծեսերին… Պատմական անցյալի ո՞ր մի զիգզագում այս ավանդությունները մտան մեր արյան մեջ` հիմա դժվար է ասել: «Անցյալը անասելի խորության ջրհոր է,- գրում է Թոմաս Մանն իր «Հովսեփն ու նրա եղբայրները» վեպի հենց սկզբում,- իսկ ճիշտ չի՞ լինի, եթե այն պարզապես անհատակ անվանենք»: Ճիշտ կլինի, սիրով համաձայնում ենք մենք և մի 30 էջ անց դարձյալ համաձայնում նրա հետ նաև այն հարցում, որ «դրախտը, թեև գտնվել է բաբելացիների տեսադաշտում, բայց, ըստ էության, եղել է ոչ թե Բաբելոնում, այլ Հայաստանի լեռնային մարզերում, Միջագետքի հարթավայրերից հյուսիս, ուր հարևանել են չորս սրբազան գետերի ակունքները»: Գերմանացի ականավոր գրողի հիպոթեզը հաստատելու է գալիս հայ բանաստեղծը` «Հայսատան, երկիր դրախտավայր» կտրական տողով:

   Չվիճենք այս վարկածների հետ, մանավանդ որ զրկված ենք դրանց հեղինակներին հակառակն ապացուցելու հնարավորությունից` խիստ հարգելի պատճառներով` երկուսն էլ երկնային դրախտի բնակիչներ են… Չվիճենք, սակայն նկատենք, որ թեև բարեհաճ է եղել Աստծո վերաբերմունքը մեր նկատմամբ, այնուհանդերձ վերոհիշյալ տարածքի պատմական դիտարկումներով հիմնավորված ակնառու փաստերը վկայում են, որ մեկ, առանձին վերցրած երկրում պարզապես հնարավոր չի եղել դրախտավայր կառուցելը և կամ գոնե եղածը պահպանելը… Ո՞րն է ավելի ճիշտ, որո՞նք են եղել պատճառները, որ Աստծո պարգևած դրախտավայրի հետքն անգամ չի մնացել, իսկ այն, ինչ մնացել է, սերտորեն առնչվում է դժոխքի մասին տարածված պատկերացումներին… Անցյալի անհատակ ջրհորը հնարավորություն չի տալիս ճշգրիտ գնահատել պատճառները, սակայն դժվար չէ ենթադրել, որ կարևոր դեր են խաղացել վերը նշածս ծեսերը` հատկապես ամբաստանագրերը, որոնց մեջ շեշտը հիմնականում դրվել է սոցիալական արդարություն հաստատելու վրա, ու հեղափոխական շարժումները… Ցավոք, պատուհանների ապակիները փշրելու մասին հնարավոր չէ գուշակություններ անելը, որովհետև գիտությանը դեռևս հայտնի չէ, թե դրախտում ապակեպա՞տ են եղել պատուհանները, ու ընդհանրապես, պատուհան եղե՞լ է, թե՞ ոչ… Բայց որ փշրել են ինչ-որ բան, դա հաստատ է, թեև այդ շրջանի ղեկավարները` թագավորները, ամեն ինչ արել են, և հնարավոր չէ նրանց մեղադրել գլուխ պահելու մեջ: Բնութագրական կարելի է համարել Արամ արքայի վարքը, որը, Գողթան երգիչների վկայությամբ, անվերջ շարժման մեջ է գտնվել, ահա նրա աշխատանքային օրվա պատկերը` առավոտյան Արամը կռվել է Մարաստանի դեմ, կեսօրին` Ասորեստանի, իսկ ճաշից հետո ինքն է հարձակվել Կապադովկիայի վրա` նրանց հավանական ներխուժումը կանխելու նպատակով… Ավաղ, զուր են եղել թե՛ Արամի և թե՛ հետագա մեր բոլոր առասպելական հերոսների, թագավորների ջանքերը. Խորենացու «Ողբը» վկայում է, որ այդ շրջանում արդեն ծաղկում են ապրել թե՛ ամբաստանագրերը, թե՛ հեղափոխական շարժումները, թե՛ պատուհաններ ջարդուփշուր անելը, ինչի «շնորհիվ» մենք բազում դարեր մնացինք անթագավոր… Միակ դրական երևույթն այն է, որ ամբաստանագրերի գոյության անառարկելի փաստերը գիտական լուրջ հիմք են տալիս հաստատելու այն վարկածը, որ մենք գրեր ենք ունեցել Մաշտոցից դեռևս շատ առաջ…

   Ինչևէ: Չերկարացնենք: Չեմ ուզում կանգ առնել Թոնդրակյան շարժման վրա, որն, ինչպես նախորդ և հետագա բոլոր դեպքերում, դարձյալ սոցիալական արդարության խնդիրներ է հետապնդում և ուղեկցվում էր պատուհանների ապակիների փշրման ծիսական արարողությամբ, որոնցից հոգնած ու զզված` Տերը մեր` ամենազոր ձեռքը խփեց սեղանին` գնացեք և ապրեք սոցիալիզմի մեջ… Իմ տեսած առաջին շարժումը հենց այդ շրջանին է վերաբերում, որի մասին է պատմում Ստեփան Ալաջաջյանն իր «Վաթսունականք» գրքի մեջ: Ահա թե գրողին այդ շարժման մասին ինչ է ասել ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Յակով Զարոբյանը. «Հիսունամյակի նշումից ես եմ դժգոհ և մերոնցից եմ դժգոհ: Երբ Մոսկվան թույլատրեց, ես հույս հայտնեցի, որ մենք դա լավ, գերազանց կնշենք… բայց չկարողացանք Եղեռնը ցույց տալ իբրև մարդկության դեմ ուղղված չարիք: Նեղ, ազգային բնույթ տվինք: Այդ Հովհաննես Մինայիչը… վախից… պատյան էր սարքել իր համար… Հետո էր, որ զինակիցներ գտավ մեր հայրենակիցներից, ու հեղեղի պես ամբաստանագրեր ուղարկվեցին Մոսկվա: Խուլիգանություն էր…»: Ինչևէ, ինչպես գլխի ընկաք, գործն առանց ապակու չի ավարտվել…

   Սոցիալիզմի գաղափարները հիմնովին վարկաբեկելուց հետո հիմա Աստուծո կամոք մենք կապիտալիզմ ենք կառուցում, և ինչպես երևում է` հաջող ավարտը դարձյալ խիստ կասկածելի… Նորից շարժումներ, կարգախոսներ, որոնց մեջ շեշտը հիմնականում դրվում է սոցիալական արդարություն հաստատելու վրա…

   Նայելով հուզախռով միտինգավորների` փողոցով ընթացող հոծ երթին` մի պառավ կին վախեցած հարցրեց.

   – Բալա ջան, ի՞նչ է լինելու սրա վերջ…

   – Չգիտեմ վերջն ինչ է լինելու,- պատասխանեց մեկը,- բայց որ պատուհանի ապակի են փշրելու, այդ մեկը հաստատ է…

                                                               «Գրական թերթ», 2003, 28 փետրվարի