ԵՍ ԻՆՉՊԵՍ ՄՈՌԱՆԱՄ ՔԵԶ

Պոեզիա > ԴԱՆԴԱՂ ԺԱՄԵՐ
  1. Ես ինչպես մոռանամ քեզ –

ես, որ հիմա թափառում եմ

ապրողների և մեռնողների արանքում:

Ես, որ կիսով չափ հողի մեջ եմ:

Եվ ամեն անգամ,

երբ նորից տերևակալում են թևերս

և սրտիս միջից իր ցողունն է երկարում

թունավոր վառ գույներով ծաղիկն անանուն՝

ես մտածում եմ, թե էլ ե՞րբ եմ մոռանալու քեզ

և էլ ո՞րտեղ եմ մոռանալու,

երբ կիսով չափ այնտեղ եմ և էլի հնար չկա քեզ

մոռանալու

և չկա ուրիշ

մի ուրիշ աշխարհ էլ հեռանալու…