ԵՎՍ ՄԻ ԱՌԱՎՈՏ

Պոեզիա > ԴԱՆԴԱՂ ԺԱՄԵՐ

Եվս մի առավոտ, երբ լյարդդ չի ցավում,

երբ օրն արևոտ է

ու դեռ հոգիդ ինչ-որ սպասումներ ունի

և հույսդ ուռկանի պես նետած օրվա 24 ժամերի մեջ,

ինքդ քեզ հաշիվ ես տալիս սթափ ուղեղով՝

եթե ոչ ոսկե ձկնիկ,

գոնե մի քանի արծաթե,

թեկուզ և շատ փոքրիկ,

թեկուզ և շերեփուկ

կհայտնվեն ուռկանիդ կիսամաշ թելերի մեջ:

Եվս մի առավոտ,

երբ գլուխդ չի ցավում,

երբ ողնաշարդ չի նվվում

գալիք անձրևի սպառնալիքից,

երբ դեռ ուրախ է հայացքդ

լուսամուտից դուրս նայող,

երբ փողոցով անցնող փողային նվագախումբը

չի որոնում քո տան հասցեն,

և Շոպենի հետ քո հանդիպումը

հետաձգվում է ինչ-ինչ պատճառներով…

Ահա դեռ ոտքի վրա ես,

ինքդ քեզ տանում ես առաջ

և դանդաղ ու հաճույքով վայելում ես

առավոտի քաղցրությունը,

լեզվիդ վրա զգալով աղքատիկ մանկությանդ օրերի

ամենամեծ վայելքը անմոռաց,

երբ ձմեռվա համար պահած

մուրաբան էիր ուտում

պահարանի մեջ ապահով թաքնված …