…ԵՎ ԱՆՑԱՎ ՀԱԶԱՐ ՏԱՐԻ

Արձակ > Հոդվածներ > ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄՀԵՐԻ ՔԱՐԱՅՐՈՒՄ

   Ծաղկաձորում երիտասարդ գրողների խորհրդակցությանը մասնակցելու և քննարկումներ վարելու ՀԳՄ հրավերն ընդունեցի մեծ ուրախությամբ. ներսի և դրսի տագնապներից ազատվելու հնար, գրականությանն առնչվելու վայելք… Եվ քանի որ մի փոքրիկ խոսք ասելու առաջարկ էլ կար, սկսեցի քրքրել հին ու նոր թղթերս, վաղուց կարգավորման կարոտ դարակներս, և ի վերջո ձեռքս ընկավ ժամանակից խունացած, երիտասարդական անփույթ ձեռագրով գրոտված մի թուղթ, և առաջին իսկ տողերն ինձ տարան անցյալ` խորհրդային հազարամյակ, երբ նույն այս Ծաղկաձորում դարձյալ խորհրդակցության էի հրավիրված, բայց այս անգամ` որպես երիտասարդ գրող, որի առաջին գիրքը հենց նոր էր դուրս եկել տպարանից: Կան նաև այլ զուգորդություններ. եթե այս խորհրդակցության շրջանում ԱՄՆ-ի զորքերն են պատերազմում Իրաքում, ապա անցյալ խորհրդակցությանը Աֆղանստանում մարտնչում էր խորհրդային բանակը… Ոչինչ չի փոխվել, տխրությամբ մտածեցի, դարձյալ պատերազմ է: Ոչինչ չի փոխվել, տխուր մտածումներս շարունակեցի` շուռումուռ տալով խունացած թղթերս` այն` անցյալ հազարամյակի իմ խորհրդակցության առաջին ելույթիս տեքստը. «Ահա և տպագրվել է երիտասարդ հեղինակի առաջին ժողովածուն,- հուզմունքից խզված ձայնով սկսեցի ելույթս:- Գրքույկը թևիդ տակ սեղմած, ուրախությունից գլխակորույս նետվում ես ամենօրյա հավաքատեղի դարձած սրճարանը, տենդագին հայացքով որոնում-գտնում ես գրչակից ընկերներիդ, հաղթական ժպիտը դեմքիդ մոտենում ես նրանց և շեշտված անփութությամբ գրքույկդ նետում ես սեղանին, իբր թե` տեսեք` ինչ բարձունքների եմ հասցրել արդի գրականությունը: Գիրքը ձեռքից ձեռք է անցնում, բոլորը շնորհավորում են քեզ, ոմանք նույնիսկ անկեղծությամբ… Թփթփացնում են ուսիդ, իսկ դու, այդ հուզիչ ջերմությունից գլուխդ կորցրած, ժպտում ես աջ ու ահյակ, ծխախոտ ու սուրճ ես հյուրասիրում ծանոթ-անծանոթի ու իմաստուն արտահայտություններ շռայլում պատեհ-անպատեհ:

   Անցնում են օրեր: Ի վերջո, գիրքդ հայտնվում է գրախանութներում: Առաջին իսկ գրախանութից գնում ես բոլոր օրինակներն ու սկսվում է մի աշխույժ եռուզեռ, որին մասնակցում են ընտանիքիդ բոլոր անդամները: Վեճ չի հարուցում այն հանգամանքը, որ հարկավոր է գիրք նվիրել բոլոր գործընկերներիդ: Առանց քննարկման հաստատվում է նաև թերթերի խմբագիրներին, հրատարակչության և Գրողների միության պատասխանատու աշխատողներին գրքեր նվիրելու հարցը: Հեռու և մոտ ազգականների խնդիրը նույնպես լուծվում է առանց հիվանդագին քաշքշուկի: Ջղայնանալ կսկսես լոկ այն պահից, երբ կինդ կհիշեցնի իր ղեկավարությանը, իսկ զոքանչդ` սոցապի գործակալներին, որոնցից մեծավ կախված է թոշակը ճիշտ ժամանակին ստանալու խնդիրը… Անցնում են օրեր, հաճույքով այցելում ես գրախանութները, հպարտությամբ և քնքշանքով առնում մի-մի օրինակ… Բայց անցնում են օրեր և նույնիսկ շաբաթներ, իսկ գրադարակների վրա գրքերիդ քանակը մնում է անփոփոխ, և հպարտությունն ու հաճույքը հետզհետե տեղի են տալիս տագնապին:

   Սկիզբ է առնում տենդագին եռուզեռի մի էտապ` այս անգամ առանց ուրախության երանգների: Ձեռքդ ընկած փողը ծախսում ես գրքերդ առնելու վրա: Կրակի տակ ես վերցնում նախ կենտրոնական գրախանութները և ապա անցնում արվարձաններին: Կխուսափես ծանոթներից. բացառված չէ, որ սովորական, առօրյա խոսք ու զրույցի արանքում մեկ էլ հանկարծ, իբր թե հենց այնպես, լսես, թե` գիտե՞ս, օրերս այսինչ շրջանում էի, մտա գրախանութ և ինչ տեսնեմ` գրքերդ թափված էին գրադարակին: Գործակատարն էլ բողոքում էր, թե` էս անտերի վրա նայող չկա: Եվ դու գլխապատառ նետվում ես այսինչ շրջանի գրախանութը, գնում բոլոր գրքերդ և ծանր բեռը քարշ տալիս տուն, որն արդեն բերնեբերան լցված է նույնատիպ կապոցներով: Ի վերջո, գալիս է մի պահ, երբ կարող ես հանգիստ շունչ քաշել. դա այն պահն է, երբ արդեն վստահ ես, որ գրքիդ ամբողջ տպաքանակը տանդ է, աչքիդ առաջ: Այլևս ոչ ոք և ոչինչ չեն խանգարում զոքանչիդ, որպեսզի նա շռայլորեն գրքեր նվիրի ոչ միայն սոցապի և բնակշահագործման գրասենյակի, մոտակա լվացքատան աշխատողներին, այլև աղբատար մեքենայի վարորդին, ինչպես նաև փոստատարին, որին ծերունական մոռացկոտությամբ արդեն երրորդ անգամն էր արժանացնում այդ հաճույքին…

   Անցնում են օրեր: Խոնարհ և հարգալի բարևում ես բոլոր քննադատներին, երիտասարդներին և տարեցներին, թեկնածուներին և դոկտորներին և հատկապես խորը շեշտված պատկառանքով ես ողջունում նրանց, ովքեր հաճախակի են գրախոսություններ տպագրում թերթերում և հանդեսներում: Դու ի ծնե համեստ ու ամաչկոտ ես, բայց երբեմն, երբ թախիծն արդեն կոկորդդ է սեղմում և համբերությունդ դուրս է գալիս սահմաններից, հուսահատ փորձեր ես անում` իմանալու նրանց կարծիքը, տեղեկանալու` միգուցե նրանցից որևէ մե՞կը… միգուցե ինչ-որ մի թերթո՞ւմ… միգուցե գրախոսություն… գոնե մի քանի տող…»:

   Անցել է հազար տարի, բայց նույն ուժգնությամբ հուզմունքը խեղդում է ինձ, որովհետև, ինչպես հասկացաք, այսպես է հասունանում առաջին մեծ տխրությունը, որը, ցավոք սրտի, սովորաբար հաջորդում է առաջին մեծ ուրախությանը, և այս պատմությունը կրկնվում է նորից ու նորից, ինչպես անվերջ կրկնվող այս պատերազմները, ինչպես այս չարաբաստիկ ընտրությունները, որոնց ո՛չ վերջն է երևում, ո՛չ սկիզբը…

                                                                       «Գրական թերթ», 2003, 28 մարտի