…ԵՎ ԿԳԱ ԹՈՒՐՔ ԿՈՄՍՈՄՈԼԸ

Արձակ > Հոդվածներ > ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄՀԵՐԻ ՔԱՐԱՅՐՈՒՄ

   Հիմա, երբ գրում եմ այս տողերը, Երևանում մանր ձյուն է գալիս` յուրովի հաստատելով, որ այս անցողիկ աշխարհում անցողիկ է ամեն ինչ` թե՛ փառք, թե՛ պաշտոն, և մնայուն են միայն մեծ կոմպոզիտորի երգի «Գարուն ա, ձյուն ա արել» տողերը, ինչպես նաև ցույցերն ու նստացույցերը, որոնք, ինչպես փաստերն են վկայում, օժտված են տևական ու մշտական դառնալու բոլոր հատկանիշներով և ուղեկցելու են ընտրություններին, իսկ այն, որ սրանք ևս մշտական ու անվերջանալի են, վկայեցին վերջին 10-15 տարիները…

    Ցրտից ընդարմացած մատներս շփելով` պատուհանից նայում եմ ձյան անվերջանալի հոսքին ու զարմանում, թե արևմտյան դիտորդներն այդ ինչպե՞ս են աչքաթող արել ու ընտրական խախտումների շարքում չեն նշել նաև այն կարևոր հանգամանքը, որ Հայաստանի ոչ միայն ընտրությունները, այլև եղանակները չեն համապատասխանում եվրոպական չափանիշներին… Իսկ իմ կարծիքով ո՛չ ՄԱԿ-ին և ո՛չ էլ Եվրախորհրդին մեր անդամակցությունը չպիտի խոչընդոտի մեզ, ի վերջո,  ընդունելու  այն ակնառու փաստը, որ Մեծ Հայքից մեզ բաժին հասած այս մի պատառ հողակտորը գարուն չունի. «գարուն» կոչված եղանակի առաջին երկու ամիսը ձմռանն են, երրորդը` ամռանը… Եվ ոչինչ, որ «Գարուն» անունով ամսագիր ունենք, կարի ֆաբրիկա և մի կին արձակագիր, որն այս պահին Իսպանիայում է:

   Պատուհանից նայում եմ դուրս և հասկանում, որ միտքս պտտում եմ ընտրությունների և եղանակի շուրջ` ցրելու վերահաս պատերազմի տագնապը, որն ընդամենը 300 կմ է հեռու իմ պատուհանից: Իսկ դա չնչին տարածություն է, եթե հաշվի առնենք մանրէաբանական, քիմիական զանգվածային ոչնչացման զենքերի կիրառման հնարավորությունը, որոնք, ըստ ամերիկացիների, ունի Սադամը, իսկ եթե ունի, ապա դրանք Չեխովի հեղինակավոր համոզմամբ անպայման կկրակեն, թեկուզ և հրացանի նման բացահայտորեն կախված չեն Հուսեյնի բազմաթիվ պալատներից մեկն ու մեկի պատից:

   Ինչևէ, Իրաքի միապետը հրաժարվում է հեռանալ Իրաքից, իսկ Բուշի վերջնագրով ներկայացված ժամկետն արդեն լրացած կլինի և միգուցե պատերազմն էլ` սկսված, երբ մեր թերթի այս համարը դուրս գա տպարանից, որովհետև, կարծում եմ, Ջորջ Բուշին այլևս ոչինչ չի խանգարելու հրամայել իր համերկրացի` տեխասցի գեներալ Թոմի Ֆրանկսին` գործի գցելու ռազմական մեքենան և 250 000-անոց բանակը մտցնելու պատերազմի դաշտ:

   Իսկ արդեն հիմա, երբ դեռ գրում եմ այս տողերն ու դեռևս մի ամբողջ գիշեր կա մինչև 48 ժամվա ավարտը, պարզ է, որ պատերազմն անխուսափելի է, և  Բուշը չի շեղվի Հուսեյնի վարչակարգը փլուզելու և ահաբեկչության ևս մի օջախից ազատվելու իր մտադրությունից: Այստեղ կարծես թե տարակուսելու քիչ բան կա, ինձ զարմացնողն այն է, որ Բուշը փորձելու է Իրաքում ժողովրդավարական կարգեր հաստատել… Իսլամը դեմոկրատիային պատրուսելու, հիրավի, ևս մի ձախողման դատապարտված էքսպերիմենտ, որն իր անհեռանկարայնությամբ կարող է նույնիսկ մթագնել ձմերուկը տանձի հետ պատրուսելով ինչ-որ օգտակար բան ստանալու Միչուրինի և Լիսենկոյի փորձերը… Մինչդեռ ակնառու է, որ Արևմուտքը հնձում է այն, ինչ ցանել է ինքը` տասնամյակներ շարունակ սրբելով տարածաշրջանից քրիստոնեության հետքերն ու այն վերածելով համատարած մուսուլմանականի: Անգամ անզեն աչքով տեսանելի է, որ այստեղ խախտված է կրոնական, մարդաբանական, աշխարհաքաղաքական հավասարակշռությունը, ինչի բացակայությունը ցավեցնում է, ինչպես կտրված ոտքն է ցավեցնում երբեմն, թեև անդամահատությունը վաղուց է իրականացվել: Այո, ահաբեկչական խմբավորումների, մեծ ու փոքր գզվռտոցների մեջ եռացող այս երկրամասում ո՛չ պատերազմով, ո՛չ էլ միլիարդավոր դոլարների անիմաստ ծախսերով հնարավոր չէ ո՛չ կարգուկանոն և ո՛չ էլ ժողովրդավարություն հաստատել, ինչը միայն ի վիճակի էր անել այստեղ ուժեղ ու մեծ քրիստոնեական տերության ներկայությունը, որն իրավամբ Հայաստանն էր լինելու, եթե նրա հիմերն անդուլ հետևողականությամբ չխարխլեին հենց նույն այն երկրները, որոնք այսօր բոլորից շատ են տուժում այստեղ տիրող խառնակ վիճակից:

   Արևմուտքն այսօր կրկնում է նույն սխալը, ինչ ռուսներն արեցին XX դարասկզբին` փորձելով մուսուլման թուրքերին պատվաստել կոմունիզմի լուսավոր ապագայի հետ, ինչին հավատաց և ինչի զոհը դարձավ նույնիսկ մեր մեծ բանաստեղծը.

                                 …Ու հետքը սուլթանի ձեռքի

                                 Արնաթոր ճակատից երկրի

                                 Կքերե

                                 Թուրք կոմսոմոլը…

   Հասկանալով, որ պատմության անիվը ետ չես պտտի` վերադառնանք մեր այսօրվա հոգսերին: Իրոք, ԱՄՆ-ին կարելի է հասկանալ, որովհետև դժվար չէ պատկերացնել, թե ինչ սպառնալիք է աշխարհի և հենց արաբ ժողովրդի գլխին մինչև ատամները զինված Սադամ Հուսեյնը: Հասկանալի է նաև աշխարհով մեկ ծավալված պացիֆիստական շարժումը. երկրագնդի գրեթե բոլոր մեծ ու փոքր քաղաքների փողոցներն այս օրերին լցված են ԱՄՆ-ի նախագահին դատապարտող ցուցարարներով: Ինձ համար անըմբռնելի է այն իրողությունը, որ Հայաստանը,  թերևս միակ երկիրն է, որի փողոցները նույն այդ օրերին  հեղեղած ցուցարարները բոլորովին ուրիշ բողոքներ էին ներկայացնում` այս անգամ սեփական նախագահին: Մինչդեռ  թվում էր, թե մենք բոլորից բարձր պիտի խաղաղություն պահանջեինք` անշուշտ, ոչ Հուսեյնի նկատմամբ սիրուց մղված, այլ աչքի առաջ ունենալով այն ողբերգական իրողությունը, որ ոտքի տակ գնալու  իրական վտանգի առաջ է կանգնած մեր հարազատ ժողովրդի  մի ստվար զանգված` իրաքահայության գաղթօջախը: Բուշից չէ, բայց մեր նախագահից, կառավարությունից կարո՞ղ էինք պահանջել գործուն քայլեր ձեռնարկել մեր հայրենակիցներին օգնելու ուղղությամբ: Ճիշտ է, նրանք ՀՀ քաղաքացի չեն և նախագահ ու պատգամավոր դառնալու իրավունք չունեն, բայց դրանից ո՛չ տագնապն է թուլանում և ո՛չ էլ մեղմանում է նրանց կորցնելու ցավը… Իրադրությունն առավել հուսահատական է դարձնում այն հանգամանքը, որ բազմակուսակցությունը մերժող այդ երկրում տեղ չեն գտել մեր ավանդական կուսակցությունները, որոնք կարող էին գաղթօջախին նեցուկ լինել, ինչպես լիբանանյան պատերազմի ժամանակ: Մարդիկ մնացել են եկեղեցու հույսին… Եվ ահա տեղեկանում ենք, որ թեմի հովվապետ Ավագ սրբազանը Ամերիկայում է գտնվում, իսկ օգնական վարդապետը` Հայաստանում… Ասել է թե` գաղթօջախը լիովին մատնված է անտերության…

   …Ցրտից ընդարմացած մատներս շփելով` նայում եմ պատուհանից դուրս տեղացող մանր ձյանը` հասկանալով, որ ոչ մի տաք ու բարեկեցիկ երկրի հետ չեմ փոխի իմ այս ձյունացեխակոլոլ, անգարուն Հայաստանը, որը, իր ոչ այնքան կատարյալ ընտրություններով, կոռուպցիայի և կաշառակերության ճնշող ծավալներով, ջարդուխուրդ փողոցներով ու աղքատությամբ հանդերձ, միակ, փոքրիկ անկյունն է այս ահռելի երկրագնդի վրա, ուր հայ մարդը կարող է իրեն ապահով զգալ: Փոքրիկ ու ապահով անկյուն, որը սովորաբար հայրենիք է կոչվում:

                                                                      «Գրական թերթ», 2003, 21 մարտի