ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Երբեք չմեռնես – մահվան մահճում թախանձագին

հորդորում էր ինձ հայրս: Եվ նայելով ցավերից

մշուշված նրա աչքերին, ես դառնությամբ հասկացա,

թե ինչ ծանր է մեռնել ցերեկվա պայծառ լույսերի մեջ

ողողված, երբ պատուհանից պարզ երևում է դիմացի

պատշգամբը և մի կին պատշգամբի պարանից

կախ է տալիս իր մաքրամաքուր լվացքը, հետո

զնգում է սխալված հեռախոսը, և տղամարդու

մի ջահել ձայն բացատրում է, որ այն, ինչը

վերցրել է վաղուց, հենց հիմա չի կարող վերադարձնել,

որովհետև… Հետո վերևի հարկում շրխկոցով

բացվում է դուռը և երեխաների զվարթ ճիչ ու աղմուկը

լցվում է միջանցք, տարածվում աջ ու ահյակ,

այնուհետև`աշխարհով մեկ, և դրանից երկնքի

կապույտն ավելի է պայծառանում և ավելի է

թանձրանում դառնությունը մեռնողի աչքերում…

Երբեք չմեռնես, ահա թե ինչ կասեմ քեզ,- խնդրեց հայրս

վերջին անգամ և փակեց աչքերը վերջնականապես…