ԵՐԵԽԱՆ, ՈՐ ԱՐԹՆԱՑԵԼ ՈՒ ԼԱԼԻՍ ԷՐ

Պոեզիա > ԴԱՆԴԱՂ ԺԱՄԵՐ

Մարմանդ անձրև էր մաղում Բոշի թաղում

և օրը երեքշաբթի էր:

Գորշ մութուլուսի միջով գալիս ու տեղ չէր հասնում

Յոթվերքի ղողանջը հեռավոր. Գալիս էր ու խառնվում

արթնացած երեխայի լացին, դարպասների ճռնչոցին

ու հազին տղամարդկանց, որ ծանր քայլերով ելնում էին տներից

ու հանդիսավոր, դանդաղ մարում անձրևի մեջ միալար:

Իսկ երեխան լալիս էր ու անձրևը չէր կտրվում:

Բոշի թաղում երեքշաբթի էր՝ անթիվ, անժամանակ ու անհույս:

Մի պառավ պիտի մեռներ՝ ծոռներով, թոռներով շրջապատված,

և իր գործն իմացող տան շունը վայում էի բարեխղճորեն,

վայում էր առանց հաճույքի, հալից ընկել էր արդեն,

մի շաբաթից ավելի էր

ինչ պառավը մեռնում էր ու չէր մեռնում,

և շունը վայում էր, ու անձրևը չէր կտրվում,

իսկ երեխան լալիս էր, ու պառավը չէր մեռնում-

իր մեծ որդուն էր սպասում, որին հեռագիր էին տվել,

հեռավոր մի քաղաք, մի քանի օրվա ճանապարհով,

որտեղ հիմա ձյուն է գալիս և գորշ մութուլուսի միջով

գնում ու տեղ չի հասնում

Յոթվերքի ղողանջը հեռավոր, լացը երեխայի,

Դարպասների ճռնչոցն ու հազը տղամարդկանց…

… Եվ օրերը, որ անձրևի նման մաղում են միալար,

անվերջ շարանը երեքշաբթիների, և կյանքը,

որ անցնում է գորշ մութուլուսի միջով,

և ծերունին – երեխան, հիշու՞մ ես, որ արթնացել ու լալիս էր

Բոշի թաղում, երբ օրը երեքշաբթի էր

և մարմանդ անձրև էր մաղում…