ԷՀ, ԱՍԱՑ ՓԻԼԻՍՈՓԱՆ

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Հարկավոր է մտածել վաղվա օրվա մասին,- ասաց հարևանս
և ևս մի արկղ օճառ խցկեց պահարանի վերին դարակը:
Հարկավոր է մտածել, ասաց փիլիսոփան:
Ի՞նչ իմանաս, ինչ կբերի վաղվա օրը,
թեև հիմնականում և ավելի շատ այն տանում է, քան թե բերում,-
տնքալով ասաց հարևանս հերթական աղի պարկը շալակին:
Ի՞նչ իմանաս, ասաց փիլիսոփան:
Նկատի ունեցիր նաև, որ խառն է աշխարհի վիճակը,
բոլորը խոսում են նոր պատերազմի մասին,
և լրագրերն են գրում,- ճռնչաց հարևանս` մի կերպ
քայլելով լուցկու վիթխարի արկղի տակ կքած:
Նկատի ունեցիր, ասաց փիլիսոփան:
Եվ զգոն եղիր, թե չէ աչքդ թեքես, կմնաս դատարկ սենյակում
Աստծո տված շորերով, այսինքն բոլորովին մերկ,-
դառնորեն քմծիծաղ տվեց հարևանս, ևս մի անգամ
ստուգելով դռների կողպեքներն ու փականների ամրությունը:
Եվ զգոն եղիր, ասաց փիլիսոփան:
Էհ, իսկ ամենակարևորը` հույսդ չդնես ոչ մեկի վրա,- ասաց հարևանս
և հրաժեշտ տալով ինձ, պառկեց իր իսկ ձեռքով պատրաստած
դագաղի մեջ և մեռավ` նախօրոք ամուր փակելով
բոլոր դռներն ու հանգցնելով լույսերը բոլոր սենյակների:
Էհ, ասաց փիլիսոփան: