ԹԱՎՋՈՒԹԱԿ

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Գնալով հեռանում է ծննդյանս թվականը

 և արդեն մշուշվում է կուտակվող տարիների մեջ,

 իսկ առաջին երկու թվերը վաղուց չկան:

Ինչպես նաև պատերազմն է մշուշվում,

որի ավարտին սպասեցի ծնվելու համար:

Չեմ սիրում աղմուկ-աղաղակ, հատկապես կրակոցներ,

 որոնք պարզորոշ լսում էի, մորս արգանդի մեջ

                                                         ապահով թաքնված:

Ահա և արագիլների համերաշխ ընտանիքն է

ճամպրուկները դասավորում` ուր որ է կհնչի ժամը մեկնելու:

Եվ ո՞վ ասաց, թե ծառը չի կարող

նվագել թավջութակի նման –  և դա միայն աշնանը,

երբ տերևներից մերկացած ճյուղերին քսվում է

                                                          քամու փափուկ աղեղը

և մի այնպիսի սրտակեղեք մեղեդի է տարածվում,

որ  արցունքոտված աչքերով արագիլներն են

հեռանում հապշտապ ` ճամպրուկ ու ամեն ինչ մոռացած…

Գնալով հեռանում է ծննդյանս թվականը,

իսկ ես դեռ սպասում եմ ավարտին,

վերջին կրակոցներն եմ լսում` գրեթե ամբողջովին մշուշված,

և մարդու ձայնով թավջութակն է լալիս

աշնան խորքերում ապահով թաքնված…