ԹՂԹԵ ՆՈՐ ՏԱՐԻ

Պոեզիա > ԴԱՆԴԱՂ ԺԱՄԵՐ

Եվ երբ անցնում էի փողոցով,

հիշեցի զարմանալիորեն պարզ

Նոր տարվա վաղուց անցած մի գիշեր:

Սա բոլորովին էլ սովորական պատմություն չէ

և բավականին դժվար է վերակենդանացնելը,

բայց այս անգամ, չգիտես ինչու, չափազանց հեշտ ստացվեց.

պայծառ վառվեցին հսկայական տան բոլոր լույսերը,

և պատերը դարձան թափանցիկ,

ահա հայրս գալիս է՝ հսկայական եղևնին քարշ տալով

(ես մտնում եմ մի անկյուն, որպեսզի ինձ չնկատի ,

թե չէ զարմացած կհարցնի, թե ինչու եմ այսպես ծերացել)

ահա նա մտնում է բակի դռնով

(ես բարձրանում եմ ոտքիս մատներին

և լուսամուտից նայում եմ ներս),

քույրերս սոսկալի ուրախացած թռչկոտում են,

ես էլ եմ թռչկոտում՝ մի փոքրիկ, շատ փոքրիկ տղա,

մյուս սենյակից դուրս է գալիս մայրս, նա վերցնում է

դեռևս պատերազմից շատ առաջ գնած հորս վերարկուն

և գլխարկը, որն արդեն

ետպատերազմյան ծագում ուներ,

և հետո ինչ-որ բաներ է ասում, որոնք վաղուց մոռացել եմ:

Սեղանի վրա օղու շշեր էին՝ ջրով լցված

և լիմոնադի շշեր՝ ջրով լցված,

շշերը դատարկված էին պատերազմից առաջ

և միայն ջուրը ետպատերազմյան ծագում ուներ:

Հետո մենք եղևնին ամրացնում ենք հատակին,

Իսկ ես քարշ եմ տալիս խաղալիքների արկղը

և պետք է, որ սոսկալի աղմուկ լինի

(ականջս մոտեցնում եմ լուսամուտի ապակուն,

բայց ոչ մի ձայն չի հասնում ինձ):

Մայրս բարկանում է քույրերիս վրա,

իսկ հայրս ինչ-որ բաներ է որոնում գրպաններում,

հետո ես բարձրանում եմ աթոռին,

եղևնու ճյուղերին շարում խաղալիքները.

թղթե շոկոլադներ, թղթե խնձորներ, թղթե մանդարիններ,

թղթե կոնֆետներ և մի ձմեռ պապիկ, շքեղ ու հրաշալի,

որը գնված էր պատերազմից առաջ,

իսկ մնացյալ թուղթը ետպատերազմյան ծագում ուներ:

(Քիչ հետո ես պիտի ընկնեմ աթոռից,

ես դա շատ լավ եմ հիշում՝

ճակատիս սպին մինչև հիմա կա):

Եվ ահա կռանում եմ խաղալիք վերցնելու,

և ահա քույրերս ճչում են վախից

և մայրս վրա է վազում իմ լացի ձայնից

և հայրս, որ կարկամած նայում է իր վիրավոր ձեռքին,

վիրավոր ձեռքին,

որով չկարողացավ ինձ պահել, երբ ընկնում էի,

վիրավոր ձեռքին, որը դեռ նվում ու ցավում է վիրակապերի մեջ,

վիրակապերը՝ նվերը միակ, որ հայրս բերել է պատերազմի դաշտից

և հիմա փաթաթում էին ճակատիս, որ արյունը դադարի…

Եվ հետո հանկարծ լույսերը հանգում են,

և հսկայական տունը թաղվում է լռության մեջ…

Հետո ես շարունակեցի քայլել փողոցով,

շփելով ճակատիս սպին, որը խճճվել է կնճիռների մեջ,

զարմանալիորեն պարզ հասկանալով,

որ

ուր որ է բարձրաձայն կհեկեկամ: