ԹՓԻՑ ԿԱԽՎԱԾ ԽԱԺ ՈՂԿՈՒՅԶ…

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Թփից կախված խաժ ողկույզ`

կլորերես, մեծ աչքեր,

դարասկզբի կինոյի արտիստուհու

սանրվածքով, օտար աչքից թաքնված

տերևների խոպոպով,

օտար աչքից թաքցրած

հմայքները կանացի,

որ հասունանում են դանդաղ,

լցվում հյութով ու բույրով…

Իսկ թե տերևն անզգույշ

բարձրացնես ու նայես,

և միամիտ ու անհոգ

հայացքդ առնի հայացքին –

հավատա, որ էլ ոչ ոք,

հավատա, որ էլ ոչինչ

փրկել չեն կարող քաղցր

կործանումից քո հոգին…