ԺԱՄԱՆԱԿՆԵՐ, ԺԱՄԱՆԱԿ  ԵՎ  ԿԵՍ  ԺԱՄԱՆԱԿ

Պոեզիա > ԳԻՇԵՐԱՀԱՎԱՍԱՐ

Ահա, կառուցվում է Աստծու տունը նրանց ձեռքերով, ովքեր

համոզված են` ինչքան մեծ լինի տունը, այնքան մեծ կլինի

այնտեղ բնակվող Աստված: Ահա, կառուցվում է Աստծու

տունը – առավել վիթխարի, քան լյառն Արարատ, և առավել

բարձր, քան լեռը, որն արդեն հիշատակեցինք, և ի դեմս նրա

գագաթի` Նոյն հավանաբար կունենա նոր, առավել հիմնավոր

նավահանգիստ` առաջիկա ջրհեղեղի ավարտին: Ահա,

կառուցվում է Աստծու տունը – ահռելի դահլիճներով և դռներով

բարձրաբերձ ու լայնափոր, որպեսզի հնարավոր լինի, երևի,

թողություն ստանալու հույսով այդ դռներով անցկացնել

այնպիսի մեծամեծ չափերի մեղքեր, որոնք, հավանաբար,

հնարավոր չէր անցկացնել սովորական եկեղեցիների

սովորական չափերի դռներով… Բայց Տերն արդարադատ,

որ զարմանքով հետևում է երկնքի կիսաբաց պատուհանից,

կհարցնի չէ՞ մի օր` ո՞ւր կորան սարերն ու ձորերը, ո՞ւր

կորան դաշտերը բերրի և ծառերը պտուղներով ծանրաբեռ,

ո՞ւր կորան լճերն ու գետերը, և ընդհանրապես, ո՞ւր կորավ

այս հին, թեև փոքրիկ երկիրն այս մեծ շինության հաստաբեստ

պատերի ու կտուրի տակ… Բայց ամեն ինչ հաշվարկված է ու ճշտված` և նրանք, որ վերջինն էին մինչ հիմա, առաջինն են

դառնալու այսուհետ, հետևաբար, ցնծացեք մուրացկաններ,

վերջապես ստեղծվում են հրաշալի պայմաններ ձեր

գործունեության համար, դուք բոլորդ, այսուհետ, կունենաք

ժամանակակից կահավորմամբ աշխատասենյակներ,

գեղիրան քարտուղարուհիներ, բջջային հեռախոսներ

և թիկնապահներ և, ինչ խոսք, եռանդուն գործավարներ,

որոնք տարբեր լեզուներով ողորմություն կխնդրեն

և կզբաղվեն մուրացկաշուկայի ուսումնասիրությամբ…

Ցնծացեք անհավատներ, ձեր դարձի բերման, հոգու

փրկության հարցն էլ է լուծված – ընդարձակ ու ճոխ

լսարաններում ճառեր կլսեք դուք դպիրներից ամեն-

ինչագետ, բարձր, շատ բարձր տեխնոլոգիան գործի

կդրվի, մի քանի սեանս` և դուք կլցվեք անսուտ հավատով,

երբ որոշակի պարբերականությամբ ձեր աչքի առաջ

հարություն կառնի Ղազարոսն աղքատ և կապիտալի

կուտակման գործին կլծվի իսկույն թևերը քշտած…

Երբ գավազանի թեթև հարվածով անարատ գինի կբխի

հողից` ցանկության դեպքում նաև` նավթ ու գազ,

և հաց կդառնան քարերը համայն… Կկայունանա կուրսը

դրամի և մի դատավոր կտրուկ շարժումով կհրաժարի

խոշոր կաշառքից: Բայց, Ալելուլիա, հավատացյալներ,

ցնծացեք, անշուշտ, և հատկապես դուք, անտեր,

անտերունչ թափառականներ, փախստականներ ու

աղետներից տուժածներ բազում, ցնծացեք, ահա,

իրականացավ երազանքը ձեր, և ընդհանրական ձեր

աղոթքն հասավ ում որ պատշաճ է` չէ՞ որ վերջապես

կտուր կունենաք ձեր գլխի վերև` անծայր մի կտուր,

կապրեք կողք-կողքի հրեշտակների հետ, առաքյալների,

թեև ջեռուցման հարցը չի լուծվի, բայց հո կազատվե՞ք

տան վարձ ու հոգսից:

…Ես հիմա գիտեմ, դուք լաց եք լինում երջանկությունից,

և արցունքներն են գոհության իջնում ձեր այտերն ի վար,

բայց Քրիստոսն է, Տերն արդարադատ, լալիս, իմացեք,

բարձր բոլորից, բոլորից տրտում – նրա ինչի՞ն է շքեղ

կամ մեծ տուն… Գրված է Գրքում` նա ընդամենը

ուզում է ապրել իմ, քո, բոլորիս անզարդ, անպաճույճ,

պստլիկ սրտում…