ԻՄԱՍՏՈՒՆ ԽՈՍԵԼՈՒ ԿԱՐՈՏԸ…

Պոեզիա > ԲՈԼՈՐՈՎԻՆ ՈՒՐԻՇ ԱՇՈՒՆ

Իմաստուն խոսելու կարոտը քեզ խոցեց անվերադարձ,

և դու քայլեցիր կռացած:

Հեռավոր, փոքրիկ քաղաքը քեզ ոչինչ չսովորեցրեց,

նա իր թարմ կաթն էր մատուցում ճշտապահորեն՝

առավոտյան և երեկոյան:

իսկ երբ ձյուն եկավ,

դու բոլորովին սենտիմենտալ դարձար:

Դեռ մանկուց թեքում կար քո մեջ

անբացատրելի տխրությունների,

թախծի սահուն ելևէջների

և անկյունային գոյության հրաշքների նկատմամբ:

Իսկ երբ ձյուն եկավ,

դու ուզեցիր հիշել անցյալդ գոնե մի ծխախոտի համար,

գոնե մի քիչ երազելու համար՝

այդ ամենը դու ուզեցիր, հենց երբ ձյուն եկավ:

Հեռավոր փոքրիկ քաղաքը ծաղկազարդ սոնետի է նման,

իզուր բաների համար այնտեղ երկար չեն ծափահարում,

այլ ժպտում են քթի տակ

և կինո են գնում հսկայական ընտանիքներով:

Եվ գրավաճառը հին շլյապան գլխին ուղիղ դրած

հրավիրում է քեզ խոսելու դեսից-դենից:

Իսկ դու լուռ սեղմում ես նրա ձեռքը,

կորած հիացմունքով համեմատում իջնող ձյունը կաթի հետ

և հրաշքով փրկվելով գրավաճառի կենսուրախությունից

նետվում ես փողոց

և քայլում կռացած

ծաղկազարդ սոնետի տողերի երկայնքով: