ԻՍԿ ՊԱՏԿԵՐԸ ՄՆՈՒՄ Է ՆՈՒՅՆԸ

Պոեզիա > ԴԱՆԴԱՂ ԺԱՄԵՐ

Եվ ոմն Ջորջո դե Կիրիկո

ուզեց մտնել անմահների շարքը,

և դու այդ մասին իմացար բավականին ուշ,

օ, ինչպիսի տխրություն, ինչպիսի տխրություն:

Իսկ պատկերը մնում է նույնը՝ միայն չնչին փոփոխություններ:

Գավառական փոքրիկ քաղաքում այսօր մանր ձյուն է գալիս,

թերթի կրպակները լիքն են անիմանալի նորություններով՝

այնտեղ ամսագրերն են դեղնում գույնզգույն պատկերներով,

իսկ վաճառողը հպարտ է իր անուրանալի գոյությամբ:

Ներեցեք, բայց չէ՞ որ այս ամենը ճիշտ է,

ճիշտ է ամեն օր, ճիշտ է ամեն տեղ,

և երբ քայլում ես փողոցով ներքև

և հրապարակն է բացվում քո դիմաց,

դու մտածում ես՝ ահա տխրություն

և դու այդ մասին իմացար շատ ուշ:

Գավառական փոքրիկ քաղաքում

այսօր մանր ձյուն է գալիս,

իսկ դու թերթում ես գրքի մյուս էջը

և ականջի ծայրով լսում,

թե ինչպես լուսամուտի տակ

մի փոքրիկ տղա

սուլում է անհավատալիորեն ուրախ մի երգ:

Եվ հետո պատկերը մթնում է կամաց-կամաց,

և դու գիրքը ծալում – դնում ես մի կողմ

և գլուխ առնում ափերիդ մեջ

և մտածում երկար,

շատ երկար…