ԼԱՌՈՇԵԼ

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Ինձ վաղուց պատմել էին Լառոշել քաղաքի

այս փողոցի մասին;

Հենց այս փողոցի, որի պատուհանները չեն բացվում

նույնիսկ ամենատոթ օրերին, երևի երկյուղում են,

որ հին օրերի հուշերը  կլքեն իրենց բնակարանները

և կհեռանան անվերադարձ:

Իսկ ձեր ինչի՞ն են պետք այդ հուշերը,- հարցրեցի

բնակիչներից մեկին, որն անզգուշորեն

հանել էր գլուխը դռնից

միգուցե տեսնելու, թե ինչպիսին են

օտար երկրից եկած մարդիկ,

ովքեր խոսում են օտար լեզուներով:

Ու թեև նա արագորեն փակեց դուռն ու անհետացավ

այդպես էլ ոչ մի բառ չարտասանելով, ես դառնությամբ

հասկացա, որ երրբեք չեմ մոռանալու այդ դեմքը,

երբեք չեմ մոռանալու:

Երբեք: