ԿԱՐՄԻՐ ԱՐՅՈՒՆԸ, ՈՐ ՄԱՐՄԻՆ ՉՈՒՆԵՐ

Պոեզիա > ԴԱՆԴԱՂ ԺԱՄԵՐ

Փողոցում դարձյալ գարուն է, բայց նոր են հայտնվել տերևները:

Եվ սև քարերով մի եկեղեցի, որ անչափ հոգնել է ապրելուց,

և սև շորերի մեջ փաթաթված ծեր կանայք,

որ բոլորովին չեն ուզում մեռնել,

և մի տարեց տղամարդ, որ աղիողորմ լալիս է.

այդ ինչպես պատահեց, միայն մի վայրկյան,

ընդամենը մի վայրկյան բաց թողեց մոր ձեռքը,

շրջվեց նայելու աղիողորմ ողբացող գառանը,

որն այնքան գեղեցիկ էր, կարմիր ժապավենը

ճակատին խաչ արած՝ միայն մի վայրկյան

բաց թողեց մոր ձեռքը և ահա մնաց մենակ՝

սև շալերով փաթաթված ծեր կանանց բազմության մեջ,

որ անտարբեր նայում են աղիողորմ արտասվող

տարեց տղամարդուն և խաչակնքում են արագ-արագ՝

տեր, փրկյա մեզ ի չարե…

Եվ ինչ արագությամբ մութն ընկավ,

և դու – դեմքդ արցունքների մե կորած,

քսվելով պատերին՝ մոլորված շրջում ես ճերմակ մոմերի մեջ

և խորհրդավոր փսփսոցների, անկյանք դիմակների և ճերմակ ձեռքերի,

որ բռնած տանում են վառվող մոմերը…

Եվ (այդ ինչպես պատահեց) դու տեսար հանկարծ –

կարմիր ժապավենը ընկել էր հեռու, կարմիր արյունը,

որ մարմին չուներ, զարմացած ու անմեղ աչքերը

որ այլևս չեն փակվում, և մարմինը, որ գնում է

առանց աղիողորմ ողբի, և աղիողորմ ողբը,

որը պտտվում է եկեղեցու շուրջ, մորդ ձեռքից բռնած (միայն

մի վայրկյան, ընդամենը մի վայրկյան), և դու, որ վազում ես

նրանց ետևից և ոտքերդ խրվում են հողի մեջ,

և անցնող օրերը քաշում են շորերիցդ

և անցնող տարիները, որ քամու պես խփում են դեմքիդ

և հերթով փակում են աչքերը զարմացած ու անմեղ մոմերի…