ՀԱՎԱՔԱԿԱՆ ԿԵՐՊԱՐԻ ՄԱՀԸ` ԱՇՆԱՆԱՅԻՆ ԴՐՎԱԳՆԵՐՈՎ

Պոեզիա > ԳԻՇԵՐԱՀԱՎԱՍԱՐ

Ոչինչ այնքան աշնանային չէ, որքան տխուր թափորը,

որն հանգուցյալին տանում է որոշակի ուղղությամբ:

Ոչինչ այնքան սովորական չէ, որքան այն տեսարանը,

երբ հանգուցյալն իր բարձունքից մանրադրամ է նետում

միոտանի մուրացկանին, խնդրելով նրան` աղոթել

իր հոգու փրկության համար:

Պիտի ավելացնես գումարը, պիտի շատ ավելացնես,-

նրա ետևից բղավեց մուրացկանը, որը մոտիկից էր

ճանաչում հանգուցյալին… Իսկ շիրմափոսի առջև

դարձյալ նույն` հրաժեշտի խոսքերն էին.- միջազգային

վարկեր, ակցիաներ ու հարկեր, արտասահմանյան

ներդրումներ, կայունացող հարաբերություններ, բուռն

ծափահարություններ… և այս ամենը գերեզման էր իջնում

սգո մեղեդու վշտով պարուրված…

…Քանի դեռ ուշ չէ, ներիր նրա մեղքերը, Տեր, ու թե

հնարավոր է, ընդունիր նրան գոնե քավարան, և

երբեք` դժոխք, զի այնտեղ իսկույն նա կհայտնվի

յուրայինների գրկում – և անմիջապես կծաղկեն այնտեղ

թալան ու կաշառք, կվաճառվեն կարասները խաշվող

հոգիների հետ, ցույց ու միտինգներ ծայր կառնեն

անվերջ և առաջինը նա կպահանջի դրախտը միացնել

քավարանին և ապա, երկուսը միասին` դժոխքին…

Եվ ամենակարևորը, Տեր, կպահանջի Քեզ, այսինքն`

Տեր Աստծուն, ընտրել համընդհանուր, արդար,

թափանցիկ ընտրություններով… Ուրեմն, քանի դեռ

ուշ չէ, լսիր աղոթքն իմ, Ամենակարող, լսիր ողբս

թախանձագին, հեծեծանքս տկար ու անզոր` վերցրու

նրա հոգին, տար քեզ մոտ և աչքդ պահիր վրան,

և մի համբերատար հրեշտակ կարգիր, թող զբաղվի

նրանով, ասենք թող նարդի խաղա` գիշեր ու զօր,

և թող հրեշտակը /զգուշացրու նրան/ չնկատելու տա,

թե այդ սրիկան ինչպես է անվերջ զառ բռնում

և անվերջ խաբում նրան…