ՀՐԱԺԵՇՏԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆ ՀԱՅՐԻԿԻՍ

Պոեզիա > ԴԱՆԴԱՂ ԺԱՄԵՐ

Գլխիկոր վազում էի քո ետևից,

իսկ դու շատ արագ էիր քայլում,

թնկթնկում էի,

իսկ դու չէիր լսում.

ծանրացել էր լսողությունդ պատերազմից:

Տարիներն անցնում էին աննկատ

և կարծես թե ոչինչ չէր փոխվում –

դու դարձյալ արագ էիր քայլում,

վազում,

չէի հասնում քո հետևից:

Եվ հիմա գնում ենք նույն կարգով,

առջևից դու,

իսկ ես՝ գլխիկոր ետևից,

դու հիմա շատ դանդաղ ես գնում,

քարացել է սիրտս զարմանքից,

էլ ինչու եմ ետ մնում գլխիկոր,

լալիս ու կանչում եմ քեզ նորից…