ՀՐԱԺԵՇՏԻ ԽԱՂ

Պոեզիա > ԴԱՆԴԱՂ ԺԱՄԵՐ

Կան դատարկ բառեր, կոկիկ, ինչպես կաշվե ճամպրուկներ՝

նիկելապատ, փայլփլուն եզրերով:

Կան բառեր, որոնք ազատորեն ճամփորդում են գնացքներով,

թափառում են կառամատույցների վրա

և նույնիսկ ծխում են՝ հենված կայարանի պատին:

Սակայն դա չէ ամենակարևորը,

այլ այն, որ նրանք հաճախ միանում են իրար,

խմբվում են գլուխ-գլխի, ծիծաղում ու քրքջում են միահամուռ,

նայում են անցնող կանանց ու աղջիկների ետևից,

ոտք են գցում ծերունիներին

և կտտացնում են մաքուր խուզած գլուխներին երեխաների

և հետո գնում են կինո,

նույնիսկ չնայելով, թե ինչ է գրված աֆիշներին:

Սակայն դա չէ ամենակարևորը,

այլ այն, որ նրանք կարող են տարածվել օդի մեջ,

անգույն, արցունքաբեր գազի նման,

կսողոսկեն սենյակը, ուր միայնակ ապրում է մի մարդ,

որը դեպքերի բերումով հիմա խիստ ծերացել է,

և դատարկ բառերը նրան կպատմեն

ծերությանը հաջորդող իրադարձությունների մասին

և դատարկության մասին,

որը հաջորդում է ընդհանրապես ամեն ինչին:

Եվ ծերունին, ճանճաքշիկը ձեռքին,

զայրացած կվազվզի սենյակով մեկ,

աշխատելով քշել աներևույթ ճանճերին,

հետո հուսահատված կնստի մահճակալի եզրին,

դատարկված հոգով

դառնացած տրորելով ծնկները չորչորուկ…

Կան դատարկ բառեր,

որոնք անվրեպ կրակում են լցված սրտերի վրա –

դատարկ բառերը, որոնք կույրին ասում են կույր,

կաղին ասում են կաղ

և խրոխտ քայլում են

կոտրված սրտերի փշուր-փշուր ապակիների վրայով:

Սակայն դա չէ ամենակարևորը,

այլ այն, որ ես ի վերջո հրաժեշտ եմ տալիս ձեզ,

ի վերջո ես հիմա գնում եմ կայարան`

նստելու իմ գնացքը, որը վաղուց սպասում է ինձ

հեռու մի տեղ, ուր գետակ կլինի

կամ ավերված մի ամրոց, եսիմ որ դարից խարխլված,

քարերով լցված ջրհոր, աշխարհից խռոված ջրաղաց

և մի քար՝

վրան նստելու,

լռելու,

երկաաար լռելու համար…