ՁՄԵՌԱՅԻՆ ԼԵՆԻՆԳՐԱԴ

Պոեզիա > ԲՈԼՈՐՈՎԻՆ ՈՒՐԻՇ ԱՇՈՒՆ

Արձանների շարքը, դու նրանց վաղուց ես ճանաչում,

Արձանների շարքը, փակ և բաց աչքերով:

Դու շրջում ես փողոցներով: Ոչինչ չես որոնում,

շենքերն են ծեքծեքում՝

մուշտակների մեջ փաթաթված ռուսական գեղեցկուհիներ:

Իսկ գետը հոսում է բանաստեղծության նման,

հասնում է կամուրջին, և ավարտվում է քառյակը,

սկսվում է մի նոր տող

և շարունակվում է այդպես:

Արձանների շարքը, դու նրանց երբեք չես մոռանալու,

արձանների շարքը, փակ և բաց աչքերով:

Իսկ ձյունն իջնում է, անծանոթ մի ձյուն,

առանձին-առանձին, հղկված փաթիլներով:

Ձմեռը քայլում է ոտքի թաթերի վրա,

կանգնում է ամեն շենքի առաջ,

խոնարհ բարև է տալիս

բարեկիրթ ու հնազանդ դռնապանի նման:

Իսկ փաթիլները՝ օրիորդի բարակ ու թափանցիկ մատներ,

նրբորեն իջնում են քաղաքի ստեղների վրա:

Արձանների շարքը, դու լուռ կանգնել ես նրանց առաջ,

արձանների շարքը, փակ և բաց աչքերով:

Ոչ, ոչ, դու նրանց վաղուց ես ճանաչում,

նրանք մահ չունեն, վախճանի զգացում,

նրանք նայել են քեզանից առաջ,

քեզանից հետո կնայեն,

անվերջ: