ՁՄԵՌ

Պոեզիա > ԵՐԳԵՐ ԱՌԱՆՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅԱՆ

Եվ մինչ զբաղված էինք կյանքի և սիրո թեմաներով,

ձյունը արդեն իջել էր և փողոցները անխտիր ճերմակել էին:

Եվ մենք դուրս եկանք կոճկելով վերարկուներս,

թփթփացնելով իրար ուսի

և ուրիշ այլ բաներ ասելով:

Այնինչ մենք բոլորս էլ հիացած էինք

ձմեռվա այս անսպասելի քայլից,

ձյան ճերմակությունից,

ծառերի հեզությունից,

փողոցների անթերի գծագրությունից:

Եվ մենք հրաժեշտ տվեցինք իրար

և ցրվեցինք տարբեր ուղղություններով,

չնայած նույնն էր ձմեռը ամենուր,

նույնն էր ճերմակությունը ձյան,

նույնն էր հեզությունը ծառերի,

նույնն էր գծագրությունը փողոցների

և նույնն էինք մենք:

Իսկ ահա երկու չափազանց սև կատու

համաչափ վազքով գնացին փողոցի երկայնքով

և կանգնեցին փողոցի վերջում

ինչպես վերջակետ:

Իսկ ձյունը սկսեց նորից գալ,

այսինքն ձմեռը շարունակվում է նույնաբար,

և ոչինչ չի խախտվելու այս գործողություններում,

չնայած բոլորին չէ, որ նա սիրելի է:

Շները հարգում են ձմեռվա օրենքները:

Այդ միայն մարդիկ են խախտում համաչափությունը նրա:

Սև կատուները պահակներ են միայն:

Ծառերն անհաջող դերասաններ են:

Իսկ մենք,

դե մենք կապ չունենք այս պատմության հետ:

Մենք շարունակում ենք մեր վեճը

կյանքի և սիրո թեմաներով,

չնայած մենք բոլորս էլ հիացած ենք

ձմեռվա այս անսպասելի քայլից: