ՄԱՐԴԱՀԱՄԱՐ

Պոեզիա > ԿԵՍ ԺԱՄԱՆԱԿ

Անաղմուկ շարվենք պատերի տակ,

ինչպես գնդակահարությունից առաջ՝

վաղ առավոտյան, աչքերը տրորելով,

քնաթաթախ ու շլմորած,

խուզած գլուխներով ձմերուկներ` բանտարկյալների

շերտավոր հագուստներով: Իսկ թփերի մեջ դեսուդեն

աղոտ պլպլում են դեղին հետույքները դդումների:

Ընդհատված է քամու աշխատանքը` կվերսկսի փչել,

տերևների խստագույնս հաշվարկից հետո միայն:

Հաշվե՞լ, թե՞ չհաշվել չվող թռչուններին:

Հաշվե՞լ, թե՞ չհաշվել դասականներին, նրանց,

ում արձանները կանգնած են դեսուդեն

քաղաքի փողոցներում, դպրոցների բակերում,

հրապարակներում, չէ՞ որ նրանք

անմահ են, ուրեմն ողջև առողջ են ու փաստորեն

ապրում են մեզ հետ և շատ հաճախ`

մեզանից ավելի երկար…

Հաշվե՞լ, թե՞ չհաշվել Շառլ Ազնավուրին, որի երգերը

միշտ մեզ հետ են, և ընդհանրապես, ինչպե՞ս վարվել

հանրապետության պատվավոր քաղաքացիների հետ`

հաշվե՞լ, թե՞ չհաշվել…

Եվս մի ծանր խնդիր`հաշվե՞լ, թե՞ չհաշվել Հունանյան

եղբայրներին և հանցախմբի մնացյալ անդամներին,

թողնե՞լ նրանց մարդկանց ցուցակի մեջ,

թե՞ պետք է սպասել` ինչ կորոշի դատարանը:

Եվ ընդհանրապես, ինչպե՞ս վարվել մուրացկանների,

անտուն թափառաշրջիկների հետ, նոր թվե՞ր հորինել

նրանց համար, թե՞ հաշվել նույն թվերով,

ինչ նախարարներին, պատգամավորներին ու

մեծահարուստներին են հաշվում…

Բայց չէ՞ որ մի նախարարն ավելի է, քան հազարավոր

գործազուրկներն ու թոշակառուները միասին վերցրած…

Շտապեք հաշվել ինքնասպաններին, նրանց, ովքեր

իրենց հերթին են սպասում` անաղմուկ շարված

նորակառույց կամրջի բազրիքի երկայնքով:

Եվ կարծում եմ, ինձ նույնպես դեռ կարրելի է հաշվել,

թեև հերթս հասել է ու կախված եմ բազրիքից,

բայց քանի դեռ շնչում եմ ու քանի դեռ

չեմ բախվել մայր հողին,

ինձ մի հանեք ցուցակից…