ՄԵԾ ԼՌՈՒԹՅՈՒՆ ՄԵԾ ԱՂՄՈՒԿԻՑ ԱՌԱՋ

Պոեզիա > ԳԻՇԵՐԱՀԱՎԱՍԱՐ

Այս ի՞նչ աղմուկ է,- հարցրեց կույր մուրացկանը,

որը ոչ այնքան կույր էր, որքան` խուլ, բայց քանի որ

խլությունը եկամտաբեր չէ, ուստի, նա կուրությամբ էր

վաստակում իր օրվա հացը` մուրացկանության բիզնեսում,

և ի՞նչն է հետաքրքիր` հենց փակում էր աչքերն ու ձեռքը

պարզում մուրալու` ականջներն սկսում էին աշխատել…

Այս ի՞նչ աղմուկ է,- հարցրեց նա իր գործընկերոջը,

որն իսկապես կույր էր;

Հռոմի Պապն է անցնում փողոցով,- պատասխանեց

իսկապես կույրը.- առջևից Գաբրիել հրեշտակապետը,

իսկ կողքին` սուրբ Սարգիսը…

…Մինչդեռ առջևից ընթանում էր լատինական այբուբենը`

պսպղացնելով արծաթե արդ ու զարդը, ինչ խոսք, կային

նաև տառապյալ սրբեր, առաքյալներ ու ճգնավորներ,

սակայն սրանք խառնվել էին ամբոխին, դեմքերի

այնպիսի արտահայտությամբ, որ իբր ոչ մի առնչություն

չունեն ընթացող իրադարձությունների և հատկապես

Հռոմի Պապի հետ… Ինչ խոսք, կային նաև գրպանահատներ,

որոնք, ի տարբերություն նախորդ օրերի, խաչակնքում էին

գրպան մտնելուց առաջ, իսկ գործն ավարտելուց հետո

շտապում էին նորակառույց տաճար` մոմ վառելու և

մեղքերի թողություն ստանալու` հնարավորին չափ

կարճ ժամանակամիջոցում… Իսկ թափորը

եզրափակում էր Գայլը` վիթխարի մի արարած, որի

կրծքերը գրեթե քսվում էին ասֆալտին… Գնում էր

գլխահակ, անտարբեր ու անհաղորդ` քիչ հեռվում ծավալված

մանրումեծ պատերազմներին, փոշու ամպերին, որ ծածկել էին

արևը կատաղի ռմբակոծությունից հետո, նույնիսկ

ուշադրություն չդարձրեց Բեն Լադենի վրա, որ մեկ երևում,

մեկ անհետանում էր նավթաշտարակների արանքում,

ավազահատիկներ էր շպրտում ԵԱՀԿ Մինսկի հանձնաժողովի

անդամների վրա և սուզվում Կասպիականի ալիքների մեջ…

Այս ի՞նչ լռություն է, – հարցրեց կույր մուրացկանը

զարմացած,- այս ի՜նչ անտանելի լռություն է:

Ի՞նչ կա զարմանալու,- պատասխանեց նրա գործընկերը,-

Երրորդ համաշխարհային լռությունն է, որը սովորաբար

հաջորդում է մեծ աղմուկին: