ՄԵԿ ԱԶԳ, ՄԵԿ ՄՇԱԿՈՒՅԹ ԵՎ ՈՉ ՄԻ ՄԵԴԱԼ

Արձակ > Հոդվածներ > ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄՀԵՐԻ ՔԱՐԱՅՐՈՒՄ

   Հաշվետու ժամանակաշրջանը, թեև ամառա-արձակուրդային էր, այնուհանդերձ այնպես էր հագեցած զանազան մակարդակի միջոցառումներով, որ դրանց միայն թվարկումը կարող էր էջեր լցնել: Սակայն դրանցից երկուսն արժանի են առանձին ուշադրության: Առաջինը` «Մեկ ազգ, մեկ մշակույթ» անունը կրող համահայկական մշակութային փառատոնն էր, մյուսը` իր նշանակությամբ ու ծավալներով առաջինից փոքր-ինչ մեծ էր, այսինքն` համաշխարհային էր… Խոսքը, ինչպես արդեն հասկացաք, վերաբերում է օլիմպիական խաղերին, որոնք անցկացվեցին Հունաստանի վարդագույն մայրաքաղաքում, եթե հաշվի առնենք, որ սպիտակ վարդեր էլ են լինում…

   Հաշվետու ժամանակաշրջանը, ինչպես արդեն ասացինք, ընդգրկում էր ամառվա ամենակարևոր ամիսները` հուլիսը և հատկապես օգոստոսը: Գործազուրկների համար սրանք մյուս ամիսներից տարբերվում են ընդամենը նրանով, որ չափազանց շոգ են և աննպաստ տնից դուրս գալու համար, օլիգարխա-պաշտոնական շրջանակների համար` արձակուրդային… Այս վերջիններս Սևանի սրբազան ջրերը զուր տեղը չպղտորելու և ծովից ծով Հայաստանի երազանքը գոնե մասամբ իրականացնելու նպատակով իրենց վաստակած հանգիստն անցկացնում են հեռավոր ծովերի թուրքական ափերին` հաճույքով արձանագրելով այն փաստը, որ հայկական երգերը նվաճել են նաև ամբողջ Թուրքիան` տարբերությամբ, որ տեղացիները չգիտեն, որ դրանք հայկական երգեր են, ինչի պատճառով երգում են թուրքերեն…

   Բոլորովին այլ` հեռուն գնացող նպատակներ էին հետապնդում ընդդիմադիր գործիչները, որոնցից կազմված մի հոծ խումբ մեկնել էր Հունաստան` իբր թե հունական ափերում հանգիստն անցկացնելու, մինչդեռ մեր հավաստի աղբյուրները բոլորովին այլ փաստեր են արձանագրում: Ըստ այդ աղբյուրների` ընդդիմադիրները ծրագրել էին (և իրադարձությունների հետագա ընթացքը վկայեց, որ նրանք կարողացան այդ ծրագիրը փայլուն ավարտի հասցնել) ամեն գնով տապալել հայ մարզիկների ելույթներն օլիմպիական խաղերում` գտնելով, որ դրա օգնությամբ նրանք կհասնեն իրենց միակ և բաղձալի նպատակին… Մեր այն հարցին, թե որն է ընդդիմադիրների միակ և բաղձալի նպատակը, հավաստի աղբյուրները միաբերան կարկաչեցին` իշխանափոխությունը… Եվ հիրավի, օլիմպիական խաղերի մեզ համար անփառունակ ավարտից հետո ընդդիմադիր մամուլը հեղեղվեց իշխանափոխության կոչերով, և հետաքրքիրն այն է, որ նրանք այս անգամ չափազանց մոտիկ էին իրենց բաղձալի նպատակին. լուրեր են պտտվում, և հավաստի աղբյուրներն էլ հիմնավորում են այդ լուրերի իսկությունը, որ առաջիկա մեկ-երկու շաբաթվա ընթացքում իսկապես տեղի կունենա իշխանափոխություն, և Իշխանը կփոխվի (թեև Իշխան Զաքարյանը` Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի ղեկավարը, ի զարմանս բոլորի, կտրականապես հերքում է այդ լուրերը):

   Հետաքրքիրն այն է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչներից միակը` Պարույր Հայրիկյանը, որը դուրս է մնացել բոլոր, այդ թվում` իշխանափոխության և սահմանադրական բարեփոխումների խաղերից, ինչ-որ բան փոխելու նպատակով իրեն նվիրել է ուղղագրությունը փոխելուն: Դիտարկելով իշխանափոխության  և սահմանադրական բարեփոխումների ասպարեզում նրա ձեռք բերած նվաճումները` վստահորեն կարելի է հավաստել, որ ուղղագրությունն էլ անփոփոխ կմնա…

   Ինչ վերաբերում է «Մեկ ազգ, մեկ մշակույթ» համահայկական փառատոնին, ապա կարելի է ասել, որ այն անցավ բավականին բարձր մակարդակով, ինչի պատճառով ամենևին չազդեց մեր մշակույթի իրական վիճակի վրա, որը, ինչպես հայտնի է, ի տարբերություն փառատոնի, հայտնվել է բավականին ցածր մակարդակի վրա… Տարբեր մակարդակների վրա գտնվելու պատճառով նրանք միմյանց պարզապես չհանդիպեցին… Ցավալին այն է, որ ըստ հավաստի աղբյուրների` այս չկայացած հանդիպման պատճառով մեր մշակույթը շարունակում է  բարեհաջող անկում ապրել, և վտանգ կա, որ այն կարող է լիովին վերանալ, և ըստ նույն հավաստի աղբյուրների` բացառված չէ, որ «Մեկ ազգ, մեկ մշակույթ» փառատոնը մի քանի տարի անց անցկացվի արդեն պարզապես «Մեկ ազգ» վերտառությամբ…

   Եվ դա կլինի վերջին փառատոնը, որովհետև մշակույթը կորցրած ազգերը սովորաբար վերանում են, իսկ առանց ազգ էլ ի՞նչ փառատոն…

                                                                 «Սատիրիկոն», 2004, 28 սեպտեմբերի