ՄԵԿ ՈՒՐԻՇ ՀԵՔԻԱԹ

Պոեզիա > ԲՈԼՈՐՈՎԻՆ ՈՒՐԻՇ ԱՇՈՒՆ

Մյուս օրը նա վաղ արթնացավ՝

մոռացած իր խոստումները:

Ձեռքերը հենեց պատին և աշխատեց արտասվել

ինչքան հնարավոր է բնական ձևով:

Ինչ-որ մեկի նշանով թռչունները միանգամից ճռվողեցին:

Փողոցով քայլում էին երկու զույգ կոշիկ,

և մի վերարկու իջավ տրամվայից,

առանց որևէ մեկի օգնության:

Երկնքում թափառում են գրական-գեղարվեստական ամսագրերը,

և նա հանկարծ հիշեց իր խոստումները,

ձեռքերը ետ վերցրեց պատից,

թաշկինակով սրբեց արցունքները

և պատահական մի թղթի վրա գրի առավ

հենց նոր գլուխն եկած իմաստուն մտքերը:

Բայց մյուս օրը նա վաղ արթնացավ,

մոռացած իր խոստումները:

Զայրույթից նրա աչքերը նմանվել էին ինչ-որ մի բանի,

որը չգիտես թե ինչի էր նման:

Նա նույնիսկ չհիշեց իր թաշկինակի գոյությունը,

որի վրա գրված էին

բազմաթիվ հեռախոսի համարներ

և մի անուն էր գրված:

Այն գաղտնիք է մեզ բոլորիս համար

և կապված է քնքշության և այլ տարօրինակությունների հետ:

Իսկ հետո ինչ-որ մեկը մեզ կանչեց իր մոտ

և պատմեց, որ նա, ով ամեն առավոտ

նշան էր անում,

և թռչունները ճռվողում էին՝ մեռել է:

Սովորական պատմություն էր, և մենք արագ ձանձրացանք:

Իսկ հետո նա, ով մեզ կանչեց իր մոտ

և պատմեց, որ նա, ով ամեն առավոտ

նշան էր անում,

և թռչունները ճռվողում էին՝ մեռել է,

ձեռքերը հենեց պատին և աշխատեց արտասվել

ինչքան հնարավոր է բնական ձևով:

Բայց և այնպես

մյուս օրը նա վաղ արթնացավ՝

մոռացած իր խոստումները:

Ծխախոտ չվառեց, չսուլեց, թեյ չպատրաստեց:

Նա լուսամուտից դուրս էր նայում

և պարզ տեսնում էր ամեն ինչ:

Տեսնում էր կոշիկներին, որոնք զբոսնում էին,

տեսնում էր վերարկուն, որն իջավ տրամվայից,

նա այդ ամենը տեսնում էր և ծխախոտ չէր վառում,

թեյ չէր պատրաստում:

Եվ վերջապես երևաց այն, ինչին սպասել էր

երկար ու ձիգ տարիներ,

սպասում էր և երևաց վերջապես:

Օ՜հ, վերջապես երևաց թափորը,

մարդիկ թափահարում էին գլխարկները,

թռչունները թռչում էին,

նվագախումբը նվագում էր,

երեխաները ծիծաղում էին…

Եվ նա, որ այդքան երկար սպասել էր այդ բոլորին,

հանկարծ սկսեց արտասվել,

որովհետև այլևս չէր հասկանում, թե ինչ է կատարվում,

որովհետև

մարդիկ այլ ուղղությամբ էին թափահարում գլխարկները,

ուրիշ էին գործիքները նվագախմբի,

և թռչունների  թռիչքն էր ուրիշ,

և երեխաների ծիծաղը, և այս ամենը

նրան ստիպեց հիշել իր թաշկինակի մասին,

և նա արցունքներ թափեց

թաշկինակի վրա,

բազմաթիվ հեռախոսի համարների վրա

և անունի վրա,

և հենց այդ պահին

թաշկինակի միջից ճերմակ աղավնու նման

դուրս նետվեց գաղտնիքը և ուժգին խփվեց ապակուն,

և նրա ճեղքված կրծքից արյունի նման շատրվանեց

քնքշությունը և այլ տարօրինակություններ: