ՄԻ՛ ԹՔԵՔ ՔԱՄՈՒՆ ՀԱԿԱՌԱԿ ԵՎ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ, ՄԻ՛ ԹՔԵՔ

Արձակ > Հոդվածներ > ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄՀԵՐԻ ՔԱՐԱՅՐՈՒՄ

   Եվ մինչ Իսպանիայի հավաքականը հերթական գոլերն էր խփում Հայաստանի հավաքականի դարպասը, ես փորձում էի ջղայնությունս տեղավորել այս տողերի մեջ, որոնք, ճիշտ կռահեցիք, գռեհկության մասին են, որին այնքան հաճախ ենք բախվում և այնպիսի առատությամբ, որ պարզապես վարժվել ենք, ինչպես որ հաշտվել ենք քաղաքի փողոցները հեղեղած աղբ ու կեղտի և հատկապես Գետառի գոյության հետ, որը պարզապես բաց աղբատար է քաղաքի կենտրոնում, ավելի ճիշտ` բաց կոյուղի, որի ափին կանգնած` դառը մտածումների մեջ էի ընկել` որոշակիորեն հասկանալով, թե ինչպես է ծնվել «Նույն գետը երկրորդ անգամ չի կարելի մտնել» հայտնի ասացվածքը: Գետառի պարագայում չի կարելի մտնել ոչ միայն երկրորդ, այլև հենց առաջին անգամ և ընդհանրապես չի կարելի մտնել:  Բոլոր դեպքերում էլ զուր և անիմաստ կդառնա բժիշկների վրա հույս դնելը:

   Սակայն այս Գետառն իր աղտեղությամբ պարզ անդրադարձն ու արտացոլանքն է այն մյուսի, որը «հոսում է» մեր հոգու և մտքի միջով, արտահայտվում մեր մտածողության ու լեզվի մեջ, և դժվար չէ հասկանալ, թե որն է որի հետևանքը:

    Անշուշտ, գռեհկությունը միայն մեր թուրքառուսախառն լեզուն չէ, որի մեջ այսօր թաթախված են մեր մամուլը, եթերը, թատրոնը, ոչ էլ փողոցներում  անթաքույց հպարտությամբ թքոտող, ծխախոտի և ուտելիքի մնացուկները դես ու դեն շպրտող անթրաշ տղամարդիկ, թեև սրանք էլ արգահատելի երևույթներ են: Եվ իսկապես, թեև ոչ մի վատ բան չեմ տեսնում  ո՛չ հանրահավաքների, ո՛չ երթերի և ո՛չ էլ ցույցերի մեջ, սակայն դրանց հետևելով` գալիս ես այն համոզման, որ ուտող-խմող ժողովրդից չգիտես,  որ մի պահից վերածվել ենք չրթող-թքող ամբոխի…

   Ես չգիտեմ` ցուրտ ու դաժան ձմեռնե՞րն էին մեղավոր, կիսաքաղց գոյությո՞ւնը, ցամաքած կենսակե՞րպը, թե՞ գորշ, անարվեստ ու անհրապույր օրերի շարանը, որ մեր մարդկային պարզ ու անպաճույճ հարաբերությունները խճողվել են ու գռեհկացել այն աստիճան, որ սովորականի պես, առանց զայրույթի ու զարմանքի ենք ընդունում, երբ ոչ թե ուղեվարձից խուսափող մեկի վրա սրտանց զայրացած երթուղային տաքսու վարորդն է, այլ նախագահի հարգարժան թեկնածուն բացեիբաց ու կոպիտ հայհոյում ամբիոնից, բազմահազարանոց ժողովրդի առաջ, որի կեսից ավելին կանայք ու երեխաներ էին:

   Նախագահի այդպիսի թեկնածուի «հոգևոր հարուստ ներաշխարհի» ֆոնին մի՞թե չափազանցված կհամարեք իմ իսկ լսած պատահական խոսակցությունը երթուղային տաքսու մեջ` կապված այս անգամ արդեն ԱԺ պատգամավորական ընտրությունների հետ: Տարիների բեռից սմքած մի տարեց կին մտերմաբար իր սիրտն էր բացել կողքինի` իր նման մի պառավի առաջ. «Էն օրը տղես, մեռնեմ արևին,- կերկերուն ձայնով պատմում էր պառավը,- մեր թաղի ամբողջ ժողովրդի առաջ երդում կերավ, որ եթե ընտրվի, պլանքաշությունն ու սրսկվելը թարկելու ա: Տեսնեիր, թե ժողովուրդն ինչ ոգևորությամբ ծափ տվեց: Տղես ինքն էլ ոգևորվեց ու ավելացրեց, թե` ա՛յ ժողովուրդ, խոստանում եմ`  հա ՛մ ես գողությունը թողնեմ, հա՛մ էլ ամբողջ թաղում գողությանը վերջ տամ. գիշերները դռները բաց հանգիստ կքնեք… Այ քուր ջան, չես հավատա, էս խոսքի վրա ժողովուրդը սսկվեց, հետո էլ մեկը տեղից գոռաց, թե` բա որ գողությունը թողնենք, ինչո՞վ ենք ապրելու, ո՛չ գործ կա, ո՛չ խոպան…»:

   Ափսոս, պառավի խոսքերից հնարավոր չեղավ գլխի ընկնել, թե պատգամավորության ո՞ր մի թեկնածուի մասին էր գնում խոսքը, այլապես ձայնս հաստատ նրան կտայի և ոչ թե նրանց, ովքեր խոստանում են ընտրվելու դեպքում ոչ միայն Ղարաբաղը միացնել իրենց ընտրական տեղամասին, այլև Ավստրալիան իր կենգուրուներով և նույնիսկ Սոմալին իր Մոգադիշո մայրաքաղաքով:

   Մի՞թե նախընտրական այս թոհուբոհի մեջ անհավանական եք համարում գոյությունը մի այնպիսի պատգամավորության թեկնածուի, որն ի վիճակի է այնքան գռեհկանալ, որ հանուն երանելի աթոռի կխոստանա ամեն ինչ, այդ թվում` բարեփոխել ոչ միայն Հայաստանի, այլև Թուրքիայի սահմանադրությունը` վերջինիս մեջ ավելացնելով մի այսպիսի կարևոր կետ. «Անմիջապես մոտիկից ճանաչել մեր հարևան հայ ժողովրդի ցեղասպանությունը և իսկական տիրոջը վերադարձնել նրանից անարդարացիորեն խլված հողերն ու ունեցվածքը…»:

   Ինչ խոսք, ընդունում եմ, որ այս դեպքում իրադրությունը փոքր-ինչ գունագեղ եմ դարձրել, ինչը դժվար չէ նկատել: Սակայն այն, ինչին ականատես դարձանք անկախության ոչ միայն առաջին տարիներին, այլև գրեթե բոլորովին վերջերս` 98-99-ական թվականներին, ժողովրդի նկատմամբ գռեհիկ վերաբերմունքի մի այնպիսի ցցուն և բացահայտ օրինակ էր, որը ոչ մի գունազարդման կարիք չի զգում: Կառավարությունը շուկա հանեց գանձապետական կարճաժամկետ պարտատոմսեր, պարզապես անհավատալի` 40-60 և նույնիսկ 80 տոկոսաշահույթով: Քաղաքակիրթ երկրներում այսպիսի ֆինանսական խաղերն ավարտվում են սկանդալային դատավարությամբ, ինչքան էլ բարձր աստիճանի վրա կանգնած լինի քողարկված կաշառակերության, այսօրինակ գռեհիկ թալանի կազմակերպիչը… Սակայն, ինչպես վերևում արդեն նշեցինք, այնքան ընդունելի ու սովորական է դարձել մեզ մոտ գռեհկության, ցինիզմի հասնող արհամարհանքը ժողովրդի նկատմամբ, որ գործն ավարտվեց ընդամենը… այլ աշխատանքի տեղափոխությամբ:

   «Գռեհկությունը հարմար պահ ընտրելու այնպիսի «ունակություն» է, ինչի հետևանքով մարդիկ, որոնց հետ շփվում ես, ընկնում են անհարմար դրության մեջ»: Այս տողերի հեղինակը հույն փիլիսոփա Թեոֆրաստեսն է, որն ապրել է Քրիստոսի ծննդից առաջ 3-րդ դարում: Համոզված եմ, որ նա խիստ կզարմանար` տեղեկանալով, որ իրենից գրեթե երեք հազար տարի հետո «անհարմար դրության մեջ» տապակվող հայ ժողովուրդը գռեհկությունը բանաձևող փիլիսոփայի տողերի անմահության վրա է խարսխել հին հույների և նոր հայերի դարավոր բարեկամությունը:

                                                                        «Գրական թերթ», 2003, 4 ապրիլի