ՆՈՐ ԺԱՄԱՆԱԿՆԵՐ, ՀԻՆ ՀԵՐՈՍՆԵՐ

Արձակ > Հոդվածներ > ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄՀԵՐԻ ՔԱՐԱՅՐՈՒՄ

Գեներալները սովորաբար նախապատրաստվում են անցած պատերազմին: Այս հանրահայտ ասույթը գրեթե նույնաբար կարելի է տարածել սեյսմոլոգների վրա, որոնք մեծ ճշգրտությամբ կանխագուշակում են արդեն տեղի ունեցած երկրաշարժը…

Դեկտեմբերը կարծես թե դադարում է զուտ հայկական սգո ամիս լինելուց, և իր չարագուշակ սև դրոշները սկսում է ծածանել մյուս երկրների վրա: Ծննդյան տոներն ու Ամանորը մարդկության մի զգալի հատվածի համար խամրեցին ու կորցրին իրենց տոնական փայլը, և նույնիսկ հայ ժողովուրդը  վշտից կարկամեց մի քանի ակնթարթ ու մոլորված շեղվեց խոզի բդի որոնումներից: Որովհետև ճշմարիտն այն է, որ համաշխարհային ոգին մեզ բոլորիս կապում է իրար, և հարավասիական աղետը, հետևաբար, մարդկության ընդհանուր աղետն է, և ցավը խոցում է բոլորիս, որտեղ էլ այն ծնունդ առնի: Մենք դա հասկացանք 1988-ին. խորհրդային ահռելի կայսրության հարավային պարիսպների տակ իրար գլխի հավաքված, աշխարհից ու հավատից կտրված` ապրում էինք մեր հացի ու ծխախոտի կտրոններով, կիսադատարկ խանութներով ու ժրաջան սպեկուլյանտներով, բրեժնևյան անեկդոտներով ու վերակառուցումներով, իսկ պարսպից այն կողմ մի օտար, խորթ ու անծանոթ աշխարհ էր տարածվում, որտեղ ընթացող իրադարձություններին մենք անտեղյակ ու անհաղորդ էինք, և նույնիսկ շատ հաճախ կասկածով էինք վերաբերում մեզանից դուրս այդ աշխարհի գոյությանն ընդհանրապես… Եվ մենք կույր աղիքի պես մի բանի էինք վերածվել, որը երևի ինչ-որ օգուտ տալիս է օրգանիզմին, բայց շատ հանգիստ կարելի է յոլա գնալ առանց նրա:

Եվ ինչպես ասում են` չկա չարիք, առանց բարիքի. 1988թ. երկրաշարժը բազում, զարմանալիորեն կենդանի մնացած նյարդաթելերով մեր ցավը տարածեց ամբողջ աշխարհով մեկ, և չորս կողմից, աշխարհի տարբեր ծայրերից մեզ օգնության մեկնված ձեռքերը պարզապես ուզում էին մեզ ապաքինելով ապաքինել, մեղմել հենց իրենց ցավը, որովհետև մենք բաց վերքի պես նվում էինք ամբողջ մարդկության մարմնի վրա… Մեկ-միասնական, ընդհանուր մարմնի… Այո, ինչքան էլ տարօրինակ է, ոչ մի բան մեզ այնպես չմիավորեց համայն մարդկությանը, ինչպես 88-ի երկրաշարժը: Էլ ավելի պարզ ասած`  մինչ այդ գոնե իմ սերունդը երբեք այնքան ուժգին չէր զգացել համաշխարհային ոգու զորությունը, ինչպես այդ օրերին: Եվ դա ամենևին պատահական չէր. մեր ազգային ոգին սկսել էր զարթոնքի նշաններ ցույց տալ դեռևս 70-ականներին` խրուշչովյան` առաջին իմ տեսած դեմոկրատիայի շնորհիվ: Եվ այդ վերելքն իր գագաթնակետին հասավ 90-ականներին` ղարաբաղյան շարժման, ազատության ու անկախության պսակով: Ուշադիր աչքը չի կարող չնկատել, որ այդ` 70-90թթ. վերելք ու առաջընթաց էր գրանցվում գրեթե բոլոր ասպարեզներում` արվեստում, գրականության մեջ, էլ չեմ խոսում սպորտի մասին: Ցավոք, նույնը չի կարելի ասել տնտեսության առումով, այն պարզ պատճառով, որ այն կաշկանդված էր սոցիալիստական տնտեսավարությամբ, եթե, իհարկե, կարելի է այդ բառն օգտագործել տվյալ պարագայում:

Սակայն ժամանակն է կրկին վերհիշելու հոդվածիս հենց սկզբում հիշատակածս գեներալներին, որոնք միշտ նախապատրաստվում են անցած պատերազմին: Տարված հազարամյակներ առաջ կորցրած մեր` այսպես կոչված ունեցվածքը, մի սենյակը տասի վերածելու մարմաջով` մենք մոռացանք թե՛ ներկան և թե՛ հատկապես ապագան… «Անցած» պատերազմներին նախապատրաստվելով և մեր ամբողջ ուժն ու զորությունը ծախսելով պատմության դասագրքերը ետին թվով սրբագրելու վրա` մենք կանգնած ենք նոր պատերազմում պարտվելու վտանգի առջև. խոսքը մեր «վաղեմի, արյունարբու հարևանի հետ» պատերազմելու մասին չէ,  բարեբախտաբար, այդ ճակատամարտում մենք պարտվելու իրավունք չունենք… Խոսքն այն պարտությունների մասին է, որոնք սկսվում են այն պահից, երբ երևում են ազգային ոգու սմքելու նշանները: Իսկ այդ նշաններն ի հայտ եկան այն պահից, երբ գրքերն ու երաժշտական գործիքները սկսեցին դուրս շպրտել և ազատված տարածքները լցնել հագուստ-կապուստով, պերճանքի առարկաներով… և հատկապես սննդամթերքով: Մեր աչքի առջև Երևանը կամաց-կամաց վերածվում է միայն բերանից և ստամոքսից բաղկացած մի տարօրինակ մարմնի: Քաղաքը հեղեղվել է ահռելի ու բազմաքանակ կառույցներով, որոնց պատերի ետևում, ավելի ճիշտ` ներսում, կտուրների տակ հավաքված մարդկանց հոծ բազմությունն առավոտից-իրիկուն ուտում է: Օդը համակված է ատամների տակ փշրվող ոսկորների ճրթճրթոցով, եռանդով աշխատող ծնոտների կափկափյունով, կոկորդներն ի վար հոսող հեղուկների կլկլոցով, գխկոցով ու զկռտոցով, և այս ամենը՝ ողողված «Մեխակներս ո՞ւմ նվիրեմ» երգի ախորժալուր հնչյուններով…

Եվ կատարվել է մի հետաքրքիր երևույթ, որի մեխանիզմը գործի է ընկել միգուցե ազգապահպանման բնազդով. մենք մեծ կորուստ տվեցինք ժողովրդի քանակի տեսակետից, բայց ժողովրդի ընդհանուր քաշը ոչ միայն չի պակասել, այլև նույնիսկ ավելացել է: Ըստ երևույթին, հայրենիքից հեռացած յուրաքանչյուր 70 կիլոյանոց հայի փոխարեն`  հայրենիքը չլքած, մնացած յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի իր ազգանվեր պարտքն է համարել սեփական քաշն ավելացնել 70 և ավելի կիլոգրամով` կորցրածը ետ բերելու բարի նպատակով: Եվ եթե հիմա բնակչության քանակով շատ ենք զիջում, ասենք, եվրոպական պետություններից շատերին, բայց դրա փոխարեն քաշով, ամենայն հավանականությամբ, շեշտակիորեն գերազանցում ենք մերձբալթյան հանրապետություններին` երեքը միասին վերցրած… Եվ այս երևույթն առաջինը տագնապով արձանագրեցին մեր երթուղային տաքսիների վարորդները: Վերջերս, երբ ճխլվելով մի կերպ խցկվեցի դրանցից մեկը, տուն` Ավան գնալու անթաքույց մտադրությամբ, ոտից-գլուխ զննելով ինձ և, ըստ երևույթին, դրական գնահատելով չափերս, վարորդը, դիմելով ինձ, մտերմորեն սկսեց տրտնջալ.

-Չէ, ախպեր, էլ սրանով տուն պահել չի լինում:

-Ինչ է, հարկայի՞նն է նեղում, թե՞ գծի տերը,- հարցրեցի;

-Չէ, ջանըմ, ի՞նչ հարկային, ի՞նչ մաքսային ու գծային,- դժգոհ փնչացրեց նա,- պասաժիրն է չաղացել, պասաժիրը… Առաջ էս անտերի մեջ քսան մարդ էի տեղավորում, հիմա հաշվիր, տես` քանի՞ մարդ կա` էն էլ իրար գլխի լցված:

Տասը մարդ, արագ հաշվեցի ու երկար լռեցի:

Սակայն շատ երկար լռել հնարավոր չէ, որովհետև ինչքան էլ, որ հումորի տանք, իրադրությունն, այնուամենայնիվ, խիստ տագնապալի է, ոչ թե այն պատճառով, որ հայ մարդիկ նկատելիորեն գիրացել են, այլ որ ոգեղենը ետին պլան է մղվել մեր արժեքային համակարգում: Իսկ թե ով է առաջին պլանում, և թե ովքեր են մեր ժամանակի հերոսները, դժվար չէ գլխի ընկնել. հետևելով մեր մամուլին ու հեռուստահաղորդումներին` ո՞ւմ կհանդիպեք – կամ նրանց, ովքեր նստած են պաշտոնական աթոռներին և խոսում են մեր ծաղկուն ապագայի մասին, կամ էլ նրանց, ովքեր ձգտում են  գրավել այդ աթոռները և խոսել ծաղկուն ապագայի մասին:

Հայտնի է, որ հոգին անհատականացած է. ամեն մարդ ունի կամ պետք է, որ ունենա հոգի: Հասկանալի է, որ զորեղ անհատականոււթյունները` մեծատաղանդ արվեստագետները, գրողները, գիտնականները… զորեղ հոգիներ ունեն: Իսկ ոգին ունիվերսալ է, այն ծածկում է ազգն ամբողջությամբ: Անզեն աչքով անգամ նկատելի է, որ մեր ազգային ոգին այսօր խիստ նվազած է, խամրած ու սմքած, որովհետև լիցք չի ստանում զորեղ անհատականություններից, ոչ թե այն պատճառով, որ նրանք չկան, այլ որովհետև նրանք թերագնահատված են, անկյուն են քշված, և ընկճված են նրանց հոգիները: Ցավոք, սա նշանակում է, որ մենք մտել ենք պարտությունների ժամանակաշրջան, պարտություններ թե՛ տնտեսության, թե՛ արդյունաբերության և թե՛ նույնիսկ սպորտի մեջ, ինչը շատ պարզ երևաց վերջին օլիմպիադայում: Այո, եթե ուզում ենք առաջ գնալ, կառուցել ուժեղ ու հեռանկարային պետություն, հաղթել բոլոր կարգի մրցություններում, պիտի անպայման բարձրացնել ազգային ոգին, իսկ դրան հասնելու ընդամենը մի ճանապարհ կա` բոլոր քաղաքակիրթ երկրների նման հարկավոր է հոգատարությամբ  շրջապատել տաղանդավոր անհատականություններին: Գոնե նրանց գերեզմանները, որովհետև խիստ կասկածում եմ, թե նրանցից որևէ մեկը մինչ այդ կկարողանա ողջ մնալ:

«Գրական թերթ», 2005, 21 հունվարի