ՇԱՐԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Պոեզիա > ԴԱՆԴԱՂ ԺԱՄԵՐ

Պատերազմի մասին հնարավոր չէ պատմել –

ասում էր հայրս

և ջղայնացած գնում-գալիս էր սենյակում,

իսկ ես տետրակը ձեռքիս գնում-գալիս էի

նրա ետևից, որովհետև ուսուցիչն էր հանձնարարել

շարադրություն գրել պատերազմի մասին:

Իսկ ուրիշ էլ ո՞վ պիտի ինձ պատմեր պատերազմի մասին,

եթե ոչ հայրս, որի մեդալները թաքուն

կպցնում կրծքիս

և իջնում էի բակ և հավասարը-հավասարի պես շրջում

մեդալակիր ընկերներիս հետ միասին:

Պատերազմի մասի՞ն,

հնարավոր չէ, ասում էր հայրս, ոչ մի կերպ հնարավոր չէ

և ջղայնացած գնում-գալիս էր՝

չնկատելով, թե ինչպես է ծխախոտ-ծխախոտի ետևից կպցնում

և նորից ճմլում մոխրամանի մեջ,

իսկ ես տետրակը ձեռքիս գնում-գալիս էի

նրա ետևից,

թախանձելով անվերջ:

Հետո մայրս միացավ մեր խմբին,

հետո քույրերս,

և թախանձում էինք

և գնում-գալիս էինք նրա ետևից,

և հետո հայրս հանկարծ կանգ առավ սենյակի կենտրոնում,

դողացող ձեռքով ճմլեց վերջին ծխախոտը մոխրամանի մեջ,

հետո հանեց պիջակը

և խնամքով կախ տվեց աթոռի թիկնակին…

Մենք զարմացած նրան էինք նայում,

իսկ նա խոնավ հայացքով նայում էր մեզ,

իսկ դողդողացող մատները վերնաշապիկի կոճակներն էին քանդում,

իսկ երբ անճարակ շարժումներով

վերնաշապիկը մի կերպ հանեց՝

մի տեսակ խեղճացած անշարժացավ

վերնաշապիկը ձեռքի մեջ բռնած,

և մարմինը, մարմինը, չգիտեր ինչպես թաքցներ,

մարմինը՝

ամբողջովին սպիների մեջ կորած…

… Մայրս արդեն լաց էր լինում անկյունում կծկված,

իսկ մենք փաթաթվել էինք ամբողջովին սպիներով պատված մեր հորը,

իսկ մենք լալիս ու ծիծաղում էինք սրտապատառ,

կարծես հենց նոր վերջացավ պատերազմի վերջին օրը,

կարծես հենց նոր բացվեց դուռը,

հենց նոր տեսանք պատերազմից տուն դարձած մեր հորը

և փաթաթվել

լալիս ու ծիծաղում էինք սրտապատառ…