Ո՞ՒՄ ՀԱՄԱՐ ԵՆ ՂՈՂԱՆՋՈՒՄ ՀՐԱՏԱՐԱԿՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Արձակ > Հոդվածներ > ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄՀԵՐԻ ՔԱՐԱՅՐՈՒՄ

   Հայտնի փաստ է, որ երբ թշնամին մտել է ուրիշի երկիր (հիմնականում Հայաստան), այդ երկիրը գրավելուց հետո, նույնիսկ ընթացքում, իր առաջնահերթ խնդիրներից մեկն է համարել այրել գրադարանները, ավերել դպրոցները:

   Եվ եթե մեր վանքերը մտնեք, փնտրեք ու գտնեք այն սրահը, որի պատերին թզաչափ սև մուր է նստած, համոզված եղեք, որ դուք վանքի մատենադարանն եք մտել, ավելի ճիշտ` նախկին մատենադարանը, որի պատերին, որպես հիշատակ, այրված մատյանների թանձր մուրն է մնացել: Թշնամին այս կերպ իր գրավյալ երկրի բնակչությանը զրկել է հիշողությունից: Այն, որ թշնամիներին շատ բան է հաջողվել այդ ասպարեզում, վկայում են այն փակ, մութ ու կույր էջերը, որոնցով լցված է մեր պատմությունը ծայրեծայր: Եվ եթե մեր հնագույն շրջանից ինչ-որ բան գիտենք, ապա միայն օտար պատմիչների և մատենագիրների շնորհիվ (Պլուտարքոս, Քսենոփոն, Մար Աբաս Կատինա…), իսկ քանի որ նրանք իրենց օտար լինելու բերումով չէին կարող լիովին օբյեկտիվ ու անաչառ լինել, հետևաբար այդ տեղեկություններն էլ են կասկածելի:

   Վերջին տասնամյակներին թշնամին մեր հող ոտք չի դրել (ոտնատեղ է թողե՞լ, որ մտնի), և այդ բացը լրացնելու մղումով ինքներս էինք մեր ձեռքը վերցրել մեր վանքերն ու դպրոցներն ավերելու, գրքերը վառելու «գործը», կարճ ասած` անցել էինք ինքնասպասարկման: Չեմ ուզում փորփրել այդ շրջանի մեր վերքերը, սակայն մի երկու նախադասություն ասելու անհրաժեշտություն եմ զգում, որովհետև ոչինչ այնպես ծանր հետք չի թողնում ժողովրդի հետագա ճակատագրի, նկարագրի ձևավորման (մեր դեպքում` աղավաղման) վրա, ինչպես սեփական մշակույթի և գրականության վրա ձեռք բարձրացնելը: Ինչևէ: Մինչ խորհրդային մյուս հանրապետություններում XX դարի 30-ական թվականներին, երբ աթեիզմի վայրագ հորձանքն իր տակ առավ պատմության և մշակույթի տեսակետից գրեթե անարժեք մի քանի տասնյակ փայտաշեն եկեղեցի, շատ հազվադեպ` 18-19 դդ. հուշարձաններ, Հայաստանում ամեն մի հոռի երևույթ համազգային մոլուցքով յուրացնելու դարավոր ավանդույթով սովորականի նման ընկանք ծայրահեղության մեջ` հիմնավեր անելով V-VI-VIIդդ. պատմական մեծարժեք, անկրկնելի հուշարձաններ և արվեստի կոթողներ… Ինչ վերաբերում է գրականությանը, ապա եթե մյուս հանրապետություններում (չնչին բացառություններով) նոր ժամանակներն աննշան տուժեցին, հինը բացարձակապես չտուժեց (պարզապես, հին գրականություն չունենալու խիստ հարգելի պատճառով, իսկ ռուսներն ու վրացիներն իրենց հներից արգելքի տակ էին դրել առանձին ստեղծագործություններ), իսկ եթե գրող են գնդակահարել, ապա ոչ թե նրա ստեղծագործությունների ուղղվածության, այլ հեղինակի` սպիտակ գվարդիային պատկանելության մեղադրանքով (ինչպես օրինակ` Գումիլյովին), հայ մարդն այս անգամ էլ ցուցաբերեց իր սեփական, մայրենի գրականությունը ամենավայրագ թշնամուն գերազանցող մոլեռանդությամբ վերացնելու ջանախնդրություն: Տարիներ առաջ, երբ շոշափելով և համոզվելով, որ Գոշավանքի մատենադարանի պատերին նստած մրի հաստ շերտը հազարավոր այրված մատյաններ են հուշում` վանականին հարցրեցի, թե որ դարում և ովքեր` սելջուկնե՞րը, թուրքե՞րը, թե՞ արաբներն են այրել մատյանները, գլխահակ վանականը առանց ինձ նայելու խուլ ձայնով ասաց, որ սույն բարբարոսության ժամանակը XX դարն է, իսկ հեղինակը` կոմունիստները: «Հայ կոմունիստները»,- որոշ դադարից հետո գրեթե լիովին խլացած ձայնով ավելացրեց նա…

   Ի՞նչ եք կարծում, այս եղկելի ոճիրներն անհետ մոռացվեցի՞ն, ջնջվեցի՞ն, վերացա՞ն մեր գենետիկ կոդից… Ինչո՞վ բացատրել սեփական ունեցվածքի` մշակույթի, արվեստի գրականության ու գիտության նկատմամբ այս վառ արտահայտված հակակրանքի պատճառները, միգուցե պետականության 700-ամյա  բացակայությա՞մբ… Բայց չէ՞ որ նույնն է եղել վերաբերմունքը խոր անցյալի մեր մեծերի, օրինակ` V դարի պատմիչ Մովսես Խորենացու նկատմամբ, որի ժամանակ լավ թե վատ և՛ պետություն կար, և՛ պետականություն: Իսկ միգուցե մեր գենետիկ կոդի մեջ չգիտես որ դարից մեզ խառնված, որ մի բարբարոս ցեղից արմատավորված և ապա քրոնիկական արատի վերածված ժառանգական հիվանդության պես անվերջ կրկնվող այդ վարա՞կն է եղել պետականությունից զրկվելու պատճառը…

   Հուսադրողն այն է, որ մեր ժողովրդի մեջ չափազանց զորեղ է լուսավորի և տաղանդավորի արմատը, ինչը կարելի է հիմնավորել նաև առանց շատ հեռու գնալու` բերելով մի այնպիսի հզոր մտավորականի անուն, ինչպիսին Հրաչյա Աճառյանն է, բայց մեր դժբախտությունն այն է, որ նրա կողքին չափազանց զորեղ է նաև այն տականքի արմատը, որը կարող էր ծխախոտ հանգցնել Աճառյանի ճակատին:

  Ճիշտն ասած, գնալով թերահավատ եմ դառնում այն համոզման նկատմամբ, որ  համայն խորհրդային ժողովրդի` մասնավորապես հայ ժողովրդի 30-50թթ. ծանր կորուստների միակ պատճառն անհատի պաշտամունքն է եղել: Գուցե հիմնական, բայց ոչ միակ… Միտքս հաստատելու համար չեմ ուզում հասնել Խորենացու ժամանակները: Տեսեք, թե այսօր գրավոր ու բանավոր ինչ լուտանքներ, մաղձոտ հայհոյանքներ են հնչում մեր մեկ այլ զորեղ մտավորականի ու անհատականության` Մանուկ Աբեղյանի հասցեին, մինչդեռ խնդիրը նոր, եթե շուրջ հարյուր տարին կարելի է նոր համարել, և իմ կարծիքով անթերի ուղղագրությունն է, որը ոչ միայն անհատի կուլտին չի առնչվում, այլև խորհրդային իշխանությանը (ինչի հետ շատ են ուզում կապել ոմանք` այն վարկաբեկելու համար), որովհետև ուղղագրությունը բարեփոխելու շուրջ բուռն քննարկումներ սկսվել են, և դրանց ակտիվորեն մասնակցել է նաև Մանուկ Աբեղյանը, Հայաստանի խորհրդայնացումից շատ տարիներ առաջ, և ի վերջո նրա շնորհիվ է, որ հայ ժողովրդի արևելահայ հատվածն ազատվեց խճողված ու չկարգավորված հին, ավելի ճիշտ` հնացած ուղղագրությունից:

   Ճանաչված գրող, սփյուռքահայ գործիչ Պողոս Սնապյանի դժվարին և շնորհակալ աշխատասիրությամբ 1985 թվականից սփյուռքում ձեռնարկվեց արևմտահայ գրականության և ընդհանրապես հայ գրականության մեծագույն դեմքերից մեկի` Հակոբ Օշականի ծննդյան 100-ամյակին նվիրված ավելի քան քսան հատոր կազմող մատենաշարի հրապարակման գործը: Եվ պատկերացում կազմելու համար, թե հին, խճողված ուղղագրության հետ կապված ինչ դժվարությունների է բախվել մատենաշարի խմբագիր Պողոս Սնապյանը, մեջբերեմ «Սուլեյման Էֆենդի» հատորը բացող նրա առաջաբանից ընդամենը մի փոքրիկ հատված. «Օշականի գրությունները հյուրընկալած թերթերը կիրարկած են ուղղագրական և կետադրական տարբեր ձևեր: Պարզ օրինակով մը բավարարվելու համար ըսենք, որ անոր էջերուն «հեքիաթ» բառը մենք կարդացած ենք վեց ուղղագրությամբ.- Հեքիաթ, հեքեաթ, հեքէաթ, հէքիաթ, հէքէաթ, հէքեաթ…»: Կարող եք չկասկածել, որ այսօր այս առումով վիճակը չի փոխվել աշխարհի չորս ծագերում լույս տեսնող սփյուռքահայ մամուլում:

   Ինչո՞ւ եմ այսպես ծանրորեն անդրադառնում այս խնդրին, որովհետև երկուստեք գիտենք, որ վեճի հիմքը կեղծ ու հորինովի է, որովհետև երկուստեք գիտենք, որ ժողովրդի կիսված հատվածներն անջրպետողը ոչ այնքան ուղղագրությունն է, որքան բուն լեզուն, և ուղղագրությունը թիրախ դարձնելը պարզապես տակտիկական քայլ է` հաջողելու դեպքում անցնելու լեզվապայքարին… Գալիք լեզվապայքարի նվիրյալներին տեղեկացնեմ, որ լեզուն ևս վաղուց ի վեր անջրպետ չէ, և եթե նրանք ասեն, թե զուտ գրական մտավորականության շրջանում, ապա թող հենց նրանք էլ բացատրեն, թե այդ դեպքում ի՞նչն է պատճառը, որ Արևելահայաստանում Հակոբ Պարոնյանն ու Երվանդ Օտյանը համաժողովրդական ճանաչում ունեն: Եվ կամ  արևելահայ գրողների մեջ շա՞տ են այնպիսիք, որոնց հայաստանցիներն ավելի շատ են սիրում ու գնահատում, քան արևմտահայ Դուրյանին, Մեծարենցին, Վարուժանին, Զոհրապին… Պարոնյանի և Օտյանի մասին արդեն ասեցինք: Իսկ եթե գանք մեր օրերը, ապա Հայաստանում այսօր ամենաճանաչված բանաստեղծների շարքում անպայման կհանդիպենք Զահրատի անվանը:

   Իսկ ինչ վերաբերում է ժողովրդին, և ապացուցելու համար, որ լեզվի խնդրում նրա համար ներկա ժամանակներում ոչ մի անջրպետ չկա, բերեմ ընդամենը մի օրինակ. վերջերս մեր հեռուստաընկերություններից մեկը «Փակ սենյակ» անունով հեռուստախաղ էր կազմակերպել- Եվրոպայում վաղուց ի վեր ծնված ու վերացած այդ խաղի առանցքն այն է, որ հեռուստադիտողները, ասել է թե` համայն ժողովուրդը (չխոսելով խաղի որակի մասին, հավաստեմ միայն, որ Հայաստանում իսկապես ամբողջ ժողովուրդն էր հետևում խաղի ընթացքին), պիտի գնահատեր բավականին երկար ժամանակով փակ տարածքում հայտնված մի խումբ երիտասարդների մտավոր և խաղային ունակություններն ու որոշեր հաղթողին: Ինձ այս խաղն հետաքրքրեց միայն այն պատճառով, որ խաղացողների մեջ նաև սփյուռքահայ կար` Պողոս անունով ստամբուլցի մի շատ համակրելի երիտասարդ: Պողոսը խոսում էր արևմտահայերեն, և ես չեմ հիշում մի դեպք, որ նրա խաղընկերներից որևէ մեկը նրան չհասկանալու նշաններ ցույց տար: Անդրադառնալով ժողովրդին` նշեմ, որ ժողովուրդը Պողոսին հաղթող ճանաչեց` վկայելով, որ թե՛ նրա արևմտահայերենն են հասկացել ու սիրել և թե՛ Պողոսին` ինքնին վերցրած… Ցավոք, ես գրեթե չեմ կասկածում, որ լեզվական անջրպետի բացակայությունը վկայող ամենալուրջ փաստարկն անգամ (ինչպես ուղղագրության դեպքում) կարող է խոչընդոտել լեզվապայքարի ջատագովներին, և նրանք, գոնե ինձ համար առայժմ անհասկանալի պատճառներով, կշարունակեն այդ ազգակործան պայքարը, որի առաջին նշաններն արդեն երևում են (կարդա Բեյրութի «Սփյուռք» հանդեսի վերջին համարը, մի շարք ելույթներ մեր հեռուստատեսությամբ և այլն):

   Ի վերջո նշեմ, որ այս վեճին այսքան հիվանդագին հետևելու պատճառն այն է, որ եթե հանկարծ սփյուռքի և այստեղի «նվիրյալների» կողմից այս խնդիրները լրջորեն դրվեն իշխանությունների և լեզվաբանների սեղանին, ապա հայ գիրքն ու մշակույթը, կրթությունն ու արվեստն այնպիսի ծանր հարված կստանան թիկունքից, որ մաքսային ու հարկային անարդարությունները, հասարակության ու պետության կողմից անտարբեր վերաբերմունքը գիր ու գրականության, ընդհանրապես գրքի նկատմամբ` լինի դասագիրք, թե գիտական աշխատություն, մանկական ոտանավորների ժողովածու, թե բառարան, խաղ ու պար կթվան այդ հիրավի մշակութային աղետի առաջ բերած անդառնալի գործընթացների նկատմամբ…

   Ինչքան էլ տարօրինակ է, չնայած տնտեսական ծանր կացությանը` վերջին տարիներին թանկարժեք թղթերով, շքեղ ձևավորմամբ գրքեր հաճախակի են հրապարակվում, ինչն, անշուշտ, ուրախալի երևույթ է ոչ միայն հոգու, այլև աչքի համար, թեև ոչ այնքան ընդունելի օտարերկրացու կամ, ասենք, սփյուռքահայի տեսանկյունից, որը երկրի ու ժողովրդի բարեկեցության մասին դատում է նաև գրքերի տպագրության որակով: Այդ է պատճառը, որ «ոտներդ վերմակներիդ չափով երկարացրեք» ասացվածքը խիստ հաճախ է հնչում սփյուռքահայ պատվիրակությունների հետ հանդիպումների ժամանակ: Անշուշտ, սփյուռքահայերի շուրթերից: Թերթելով, օրինակ, Կուբայում կամ Հյուսիսային Կորեայում հրատակաված շարքային գրքերը (առաջնորդներին, ղեկավարներին նվիրված գրքերը տպագրվում են մերինից անհամեմատ շքեղ)` անմիջապես գլխի ես ընկնում, որ սույն երկիրը գտնվում է սոցիալ-տնտեսական բավականին ծանր կացության մեջ. կազմերը չափազանց անշուք են, թուղթը դեղնավուն ու անորակ:

   Իհարկե, ինչպես տեսնում ենք, չնչին բացառություններով, գիրքը, բացի իր մշակութային դերից, կարող է լակմուսի թղթի դեր կատարել` նշելով այն երկրի բարեկեցության մակարդակը, ուր նա լույս աշխարհ է եկել:

   Արդեն խոսեցինք Մանուկ Աբեղյանի մասին. ժամանակն է երևի անդրադառնալու նրա մերձավորագույն ազգականներից մեկին` Արտաշես Աբեղյանին, փայլուն մտքի տեր խորիմաց գիտնականին, որի շնորհիվ գրքի մշակութային, գիտակրթական դերի մասին պատկերացումները կընդլայնվեն առաջին հայացքից գրքի հետ անհարիր հատկանիշով: Եվ այստեղ անհրաժեշտ է հիշատակել մեր հավերժական «ոխերիմ» բարեկամին` Թուրքիային, որն Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ կարողացավ Գերմանիայի օգնությամբ իրականացնել իր հայահալած քաղաքականությունը և Երկրորդ համաշխարհայինի շեմին փորձեց նույնը կրկնել երկրորդ անգամ` հակահայ քարոզչությամբ նացիստական ուժերը շրջել Եղեռնից մազապուրծ հայերի այն գաղթօջախների վրա, որոնք փրկության որոնումներով հաստատվել էին Եվրոպայում: Եթե թուրքերին հաջողվեր գերմանացիներին համոզել, որ իրենց ծագումով, հակումներով, բնույթով հայերը նման են հրեաներին և արժանի են հալածանքի, և իբր թե հայերը սեմական ծագում ունեն և ռուսական հեղափոխության առաջամարտիկներից են, ապա Գերմանիայում և նրա զավթած ահռելի տարածքներում ապաստանած շուրջ կես միլիոնի հասնող հայերը չէին խուսափի հրեաների ճակատագրից: Այն, որ հայության գլխին կախված վտանգի սպառնալի հետևանքն ամենևին չափազանցված չէր, վկայում է հրեաների ողբերգական ճակատագիրը և այն խարանը, որ դաջվեց մարդկային գործունեության գրեթե բոլոր բնագավառներում մեծագույն ներդրում ունեցող գերման ժողովրդի ճակատին…

   Շտապեմ նշել, այդ փաստը բոլորին է հայտնի, հայերը հրեաների ճակատագիրը չկիսեցին (իսկ պատճառը քչերին է հայտնի) եվրոպացի մի խումբ գիտնականների, հասարակական-քաղաքական գործիչների շնորհիվ, որոնք, հայերի հնդեվրոպական ընտանիքին պատկանելուն ու արիական ծագումն ապացուցող իրենց ուսումնասիրություններն ի մի բերելով «Հայկականություն և արիականություն» վերտառությամբ գրքի մեջ, այն հրապարակեցին 1934 թ. Գերմանիայի Պոտսդամ քաղաքում: Գիրքը տպագրվել է 3000 օրինակով և ձրի բաժանվել բոլոր շահագրգիռ կազմակերպություններին և անձանց` գիտնականներին, դիվանագետներին, բարձրաստիճան զինվորականներին, քաղաքական գործիչներին, լրագրողներին: Հայ ժողովրդի կես միլիոնանոց հատվածին կոտորածից փրկած այս գրքի համար առաջին հերթին պարտական ենք  տաղանդավոր գիտնական, հասարակական գործիչ Արտաշես Աբեղյանին և այդ շրջանում գերմանա-հայկական ընկերության նախագահ Պաուլ Ռոհրբախին: Գրքում տեղ են գտել հայ ժողովրդի մեծագույն բարեկամներ Յոհաննես Լեփսիուսի, Մորից Վագների, Հայնրիխ Հյուբշմանի, Յոզեֆ Ստրժիգովսկու, Կառլ Լոթի  հոդվածներն ու ուսումնասիրությունները: Պետք է ուրախությամբ նշել, որ այս հիրավի փրկարար գիրքը, զինվոր-գիրքը իտալերենից և ռուսերենից հետո վերջերս հրապարակվեց նաև հայերեն (խմբագիր` Յուրի Խաչատրյան, կազմել և ծանոթագրել են Յուրի Խաչատրյանն ու Արամ Ալեքսանյանը, թարգմանել է Ալինա Տոնոյանը):

   Այո, գրքեր` այդ թվում նաև արժեքավորներ և նույնիսկ շատ արժեքավորներ, հրապարակվում են, սակայն այսօր` անցումային այս շրջանում, ամենաարժեքավորը, թերևս, դպրոցական և բուհական դասագրքերն են, գիտության, տնտեսագիտության, իրավագիտության և բազմաթիվ հին ու նոր ճյուղերի, ասպարեզների նվիրված արտասահմանյան վերջին նվաճումների հայերեն թագմանությունները` որակյալ թագմանությունները… Գրեցի այս տողերն ու գրիչս նետելով սեղանին` հուսահատված նայեցի լուսամուտից դուրս. այս ի՞նչ պարզունակ տողեր եմ գրում, մի՞թե առանձնապես մեծ խելք և ինտելեկտուալ կարողություն է հարկավոր հասկանալու, որ երբ մարդու որևէ մի օրգանը, ասենք` ատամը, ցավում է, մարդու մարմինն ամբողջությամբ կուլ է գնում այդ ցավին, և նրա մյուս` բացարձակապես առողջ անդամներն անգամ անընդունակ են դառնում ծառայելու տիրոջը, նրանք պարզապես սպասում են, թե երբ է կտրվելու ատամնացավը, որպեսզի զբաղվեն իրենց առտնին գործերով:

   Ինչքան էլ դառն ու ինքնաձաղկող էին հոդվածումս արձանագրված մտքերից շատերը, այնուհանդերձ վստահ եմ, որ մեր ժողովրդի արմատներից լուսավորներն ու արգասավորներն առավել զորեղ են, այնպես որ, գրքի և գրագիտության խնդիրներն իսկապես իրատեսական և լուրջ խոսակցության առարկա կարող են դառնալ միայն այն ժամանակ, երբ ի վերջո բուժվի մեր հանրապետության ոչ միայն ատամնացավը, այլև փորացավը…

   Ավելացնեմ նաև (որպեսզի ազգովի չտառապենք անլիարժեքության ախտով), որ վիճակը, չնչին տարբերություններով, նույնն է նախկին խորհրդային տարածքի բոլոր անկախացած հանրապետություններում` ներառյալ փոքրիշատե բարվոք դրության մեջ գտնվող մերձբալթյաններն ու արևելաեվրոպական պետությունները: Որպես օրինակ` նշեմ ընդամենը մեկը. նախկինում 500 000 տպաքանակով սպառվող «Դրուժբա նարոդով» և «Նովիյ Միր» հանդեսներն այժմ տպագրվում են  2000–3000 տպաքանակով…

   Արդ, առայժմ առնվազն սադիզմ է ձմռան ցրտին չջեռուցվող սառնաշունչ բնակարաններում կուչ եկած կիսաքաղց մարդկանցից պահանջել, որ գլխովին խորասուզվեն ընթերցանության մեջ: Մանավանդ որ համընդհանուր գրագիտության մարմաջով ծայրահեղության մեջ ընկած` չենք էլ ճշտել, թե իմաստ ունի՞ երթուղային տաքսու վարորդներից և հողի պարզ մշակներից պահանջել, որ հմտանան Հոմերոսի կամ Պետրարկայի պոետիկայի առանձնահատկությունների տարբերակման մեջ. ժամանակը չէ՞ արդյոք լայն խոսակցություն բացել այս թեմայի շուրջ: Իսկ գրքեր պետք է հրատարակել, որովհետև ուշ թե շուտ գալու է նաև ընթերցանության ժամանակը:

                                                                                             «Գարուն», 2002, № 10