ՊԱՏՄՎԱԾՔ ՎԻՊԱԿԻ ՄԱՍԻՆ

Արձակ > ԳԵՐԵԶՄԱՆԻԱ

Ոմանց թվում է, թե կյանքն իրենց սեփականությունն է, և այն նրանք, իբր, ապրում են ըստ սեփական ցանկության՝ շատերը նոթատետր են պահում, ուր ժամ առ ժամ, օր առ օր նշում են անելիքները, ոմանք նույնիսկ րոպեներն են նախատեսում։ Ասենք, գրում են. 10 անց 25 րոպե – զանգել Մարթային և հիշեցնել, որ գերեզմանոց՝ մայրիկի շիրիմին այցելելու հերթը նրանն է, և զգուշացնել, որ խունկ ու ծաղիկներ գնի քաղաքի կենտրոնից, գերեզմանոցում, մուտքի մոտ կրկնակի թանկ են վաճառում…

Ենոքի նոթատետրն ավելի շուտ հաշվապահական մատյան էր հիշեցնում, թեև թվերի, անունների, հասցեների կողքին փակագծերում հաճախ գրի էին առնված ընդհանուր կարգի մտքեր. «Ամեն ինչ մեռնում է, նույնիսկ փողը, նա էլ է մարդու պես վերադառնում հողին». «Ասում են՝ մարդն իր կյանքի տերն է… Սո՜ւտ։ Ի՞նչ տեր ես, եթե չգիտես, ինչքան է տևելու կյանքդ, երբ են ունեցվածքդ ձեռքիցդ խլելու…»։ Որևէ արդարացում չեմ տեսնում Ենոքի այս մտքերի ճշմարտացիությանը չհավատալու համար։ Եվ իսկապես, առավոտից իրիկուն նոր կյանք մտնողներին ողջունող, կյանքին հրաժեշտ տվողներին ուղեկցող այս մարդուց՝ Ենոքից լավ ո՞վ կարոդ է ավելին իմանալ երկիր կոչվող այս ցեխագնդի վրա սողոսկող մարդ արարածի և նրա կյանքի ու մահվան խորհուրդները։

Հերթական թաղումից ստացած գումարը ջանասիրաբար սրած մատիտով անցկացնելով նոթատետրի մեջ՝ Ենոքը հանկարծ հիշեց, որ լրացել է ուղիղ մեկ տարին այն օրվանից, երբ գերեզմանատնից փախցրեց ու որդեգրեց Արամին։ Ժպտաց և գումարի կողքին խոշոր փակագիծ դրեց ու գրեց՝ Կարևոր օր։ Հետո վեր կացավ, պահարանի խորխորատներից հանեց օղու շիշը, հաց, երշիկ, պանիր ու պոմիդոր դրեց սեղանին։ Բաժակը լցրեց, բայց չխմեց։ Մտավ կողքի սենյակը, երկար ու գորովանքով նայեց խորը քնի մեջ սուզված փոքրիկին, ապա դուռը զգուշությամբ փակեց և հետո միայն դատարկեց օղու բաժակը…

Ենոքը չգիտեր, որ այդ օրը Կարևոր է լինելու շատերի, հիմա արդեն կարելի է ասել՝ Հին Քաղաքի բոլոր բնակիչների կյանքում, որովհետև հենց այդ օրը Հին Քաղաքի վերջին բնակիչը, փոշուց ու կեղտից զզված, տեղափոխվել էր Գերեզմանիա և հիմնավորվել մաքուր ու կոկիկ գերեզմանոցում, հենց իր հարազատների շիրիմների կողքին կառուցված տանը։

Ենոքը հարազատի շիրիմ չուներ Գերեզմանիայում. այնուհանդերձ, մի անշիրիմ տարածք վերցրել ու բավական հաստատուն տուն կառուցել էր վաղուց, բայց հազվադեպ էր լինում այնտեղ, նախ, որովհետև չէր ուզում Արամը մեծանա մեռելների շրջապատում և երկրորդ՝ խմբի փորձերն այնտեղ անցկացնելը հարմար չէր գտնում, թաղման երգերը դեռ ոչինչ, հարսանիքների, կնունք-ծնունդների երգ-երաժշտության համար էր անհարմար զգում…

Այո, Ենոքը չգիտեր ու երևի ուշադրություն էլ չէր դարձրել, որ այդ օրվա թաղումով, լավ էլ չի հիշում, թե ով էր հանգուցյալը. գրանցվել է մի հետաքրքիր իրադարձություն՝ նոր փորված շիրմափոսն իր մի կեսով խրվել էր Հին Քաղաքի տարածքը… Այսինքն, գերեզմանոցն ու քաղաքը միացել էին իրար, և շիրմափոսը կապող օղակ էր դարձել նրանց միջև։

Ժպիտը դեմքին՝ ծամում էր երշիկը, և օղուց դաղված բերանը ոչ մի համ չէր զգում։ Աչքն ընկավ նոթատետրի բաց էջին, և ժպիտը դանդաղ մարեց՝ ծանր օր էր գալիս. ժամը երկուսին թաղում, իսկ երեկոյան՝ կնունք։ Ենոքը թաղման կողքին գիծ քաշեց և գրեց՝ ձրի ենք նվազելու.. հանգուցյալը Սև Արտուշի հերթական ազգականներից մեկն էր։ Հետո մտածեց, ևս մի բաժակ օղի լցրեց, դանդաղ խմեց՝ դեմքը զզվանքից ծամածռելով և ապա, փակագիծ դնելով, ավելացրեց. «Մահ ու ծնունդ իրար են խառնված, ո՞րն է սկիզբը, ո՞րն է վերջը՝ ի՞նչ իմանաս…»։ Վերջակետ դրեց, փակեց ծոցատետրը, հետո նորից բացեց, այս անգամ բարձրաձայն կարդաց. «Մահ ու ծնունդ իրար են խառնված, ո՞րն է սկիզբը, ո՞րն է վերջը՝ ի՞նչ իմանաս…»։ Հուզվեց, նորից արտասանեց, էլի հուզվեց, օղի լցրեց.- Լավ երգ կլինի,- մտածեց,- երկու տող էլ գտնեմ, լավ երգ կլինի…

Օդեկոլոնի սուր հոտը շեղեց նրա ուշադրությունը։ Ծանոթ հոտը։ Մեռելների վրա առատորեն ցանում են, հատկապես շոգերին, նեխահոտը ծածկելու համար։ «Էնքան եմ էդ անտերների կողքին տնկվում, որ շան հոտը քաշվել է վրաս».- փորձեց հեշտ բացատրություն գտնել Ենոքը և գնաց դուռը բացելու՝ օդը մաքրվի… Քարացավ տեղում՝ դուռը կրնկի վրա բաց էր… Ինչ-ինչ, բայց նա դուռը Երբեք բաց չէր թողնում։ Տուն մտնելիս, տնից դուրս գալուց առաջ երեք բան էր անպայման ստուգում՝ ջրի ծորակները, լույսերը և դռները։ Պատահել է՝ ահագին ճանապարհ անցնելուց հետո, մեքենան շրջել, նորից վերադարձել է ստուգելու՝ դուռը փակե՞լ է, թե ոչ։ Տուն մտնելիս դուռը բանալիով փակում էր արդեն մեխանիկորեն՝ երկար տարիների սովորություն էր։ Իսկ քնելուց առաջ դարձյալ ստուգում էր՝ ջրի ծորակները, լույսերը և դռները։

Չհավատալով աչքերին՝ նա ինքնաբերաբար դուրս ելավ բակ և երբ տեսավ, որ դարպասն էլ է բաց՝ գող կա տանը, մտածեց, և շամփրված սրտով, դողացող ծնկներով վազեց տուն, նորից վերադարձավ, փակեց դարպասը և մեխվեց տեղում, անշարժացավ ձեռքը դարպասի փականին, զգաց, շոշափելիորեն զգաց, որ թիկունքին, ընդամենը մեկ-մեկուկես մետրի վրա մարդ է կանգնած։ Կտրուկ շրջվեց և տեսավ մի փոքրամարմին պառավի՝ ձեռքերը կրծքին խաչած. հարցական ու սևեռուն հայացքով Ենոքին էր նայում, իսկ սա բերանը բաց ու խուփ էր անում, և չկարողանալով շնչառությունը կարգավորել, ձեռքերն էր միայն թափահարում զարմանքն ու զայրույթը արտահայտելու համար։ Պառավը, որ սկզբում հետաքրքրությամբ զննում էր Ենոքին, կարծես թե ձանձրացավ և շրջվելով՝ մտավ տան բաց դռնով… Ենոքը վազեց նրա ետևից՝ անհոդաբաշխ ձայներ արձակելով։ Պառավը հանգիստ նստած էր մեծ սենյակի բազմոցին, ձեռքերը կրծքին խաչած, իսկ հայացքը թափառում էր սենյակի լայնք ու երկայնքով։

– Տո, դու ո՛վ ես, որտեղի՞ց ծլեցիր, հլա մի խոսք ասա՝ լսեմ,- շունչը տեղը բերելով՝ իրար ետևից շարեց Ենոքը՝ կանգնելով պառավի դեմ մարտական կեցվածքով,– էս շան հոտը քեզանի՞ց է փչում։ Այ կնիկ, խոսիր, էէ՜է…

– Բա դու ո՞վ ես,- պառավի ձայնից զգացվում էր, որ նրան առանձնապես չէր հետաքրքրում Ենոքի ով լինելը, պարզապես պետք էր ինչ-որ բան ասել՝ ասաց։ Սակայն այդ՝ հենց այնպես, տհաճ լռությունը խախտելու համար արտասանված խոսքերն այնպես խոցեցին Ենոքին, որ նա այս անգամ կարծես թե վերջնականապես շնչահատվեց։ Գունաթափվեց, թուլացավ, կակղեց, կարծես թե մարմինը վերացավ շորերի միջից և մարմնազուրկ շորերը մի կերպ քայլ արեցին և ծալծլվելով տապալվեցին բազմոցին ու տարածվեցին պառավի կողքին։ Վերջինս իր տարիքին անհամապատասխան թեթևությամբ վեր թռավ, սեղանից չանթեց օղու շիշն ու շրջեց Ենոքի բաց բերանի մեջ։ Ստուգելով, որ այլևս ոչ մի կաթիլ չի մնացել շշի մեջ, պառավը շիշը նորից դրեց սեղանին և վերադարձավ, նստեց բազմոցին՝ ձեռքերը խաչելով կրծքին։ Քիչ անց, երբ սենյակի, վիթխարի բնակարանի քար լռության մեջ փողային նվագախմբի ամբողջ զորությամբ դղրդաց Ենոքի խռմփոցը, պառավը սարսափահար ոտի թռավ, նետվեց դռան կողմն ու անհետացավ խտացող մթության մեջ…

Ենոքն արթնացավ Երեխայի լացի ձայնից։ Սենյակի լույսը վառ էր. բազմոցից մեծ դժվարությամբ բարձրանալով՝ մեխանիկորեն հանգցրեց լույսը, անմիջապես էլ վառեց, որովհետև թեև գիշերը կոտրվել էր, բայց դեռևս վաղ էր, որպեսզի լուսաբացը մտներ ուժի մեջ։ Մշուշված գլուխը տմբտմբացնելով՝ մտավ երեխայի սենյակ, փոխեց թաց տակաշորերը և համոզվելով, որ Արամը նորից քնեց, դուրս եկավ ու, նստելով բազմոցին, գլուխն առավ ձեռքերի մեջ։ Մարմինը կոտրատվում էր. պառկեց ու նորից քնեց, դարձյալ չմտածելով շորերը հանելու, լույսը հանգցնելու մասին։

Այս անգամ նրան արթնացրեց Մարոն՝ հարևան ծննդատան քույրերից մեկը, որը որոշակի վարձով մայրություն էր անում Արամին. տունուտեղն էր հավաքում, ճաշ էր եփում Ենոքի համար, շորերն էր լվանում-արդուկում, չէր խուսափում նաև նրա հետ անկողին մտնելուց… Հին Քաղաքում բոլորը գիտեին նրանց հարաբերությունների մասին, բայց ոչ ոք չէր դատապարտում, որովհետև հայտնի էր՝ Ենոքն ամուսնության առաջարկության էր արել, և Մարոն կտրականապես մերժել էր.

– Իյա՜, ընչի, մարդուս ի՞նչ է եղել որ…

– Ի՞նչ է եղել…,- զարմացել է Ենոքը,- գնդակահարել են, էլ ի՞նչ պիտի լիներ, եսիմ որ ջհանդամում թաղել։

– Տեսնող է եղել։

– Ավելի վատ՝ բա որ ետ գա ու իմանա՞ ինչեր ես անում ինձ հետ…

– էդ ի՞նչ է, որ…

– Ինչխ թե՝ էդ ինչ է, դրանից էն կողմ էլ ի՞նչ պիտի անեիր։

– Գործիդ գնա՜,– թափ էր տալիս թմբլիկ ձեռքերը Մարոն։ Ենոքը հասկացել էր, որ անիմաստ գործ է Մարոյին համոզելը, հետո համակերպվեց այն մտքի հետ, թե այդպես էլ վատ չէ։ Զագսով ամուսնացածներից ինչո՞վ են տարբերվում։ Զարմանալին այն էր, որ համաքաղաքացիներն էլ էին նույն կերպ մտածում, ելնելով այն համոզմունքից, որ ոչ Մարոն էր ուրիշ տղամարդու վրա նայում և ոչ էլ Ենոքն էր փնտրում ուրիշ կին… Իսկ վարձը, «էհ, էդ ո՞ր կնիկն է մարդուն ձրի ծառայում»– Ենոքի փաստարկն անհերքելի էր։

Երեխան գրկին՝ Մարոն լուռ կանգնած էր Ենոքի գլխավերևում, իսկ սա բացուխուփ էր անում աչքերը՝ իր հետագա անելիքը չիմանալով։

– Վեր կաց, ուշանում եմ աշխատանքից,- վերջապես խոսեց Մարոն։- Երեխան կուշտ է, մի քիչ կխաղաս հետը, հետո կպառկեցնես, հանգիստ գնա գործիդ, ես մի քիչ հետո էլի կգամ…

– էս գիշերով ի՞նչ գործ,- փորձեց զարմանալ Ենոքը։

Մարոն չպատասխանեց, երեխան տալով դեռևս ուշքի չեկած Ենոքի գիրկը՝ արագ հեռացավ։ Արամին զգուշորեն դնելով բազմոցին՝ Ենոքն անկեղծ զարմանքով մտածեց. «Այ մարդ, ես սատանի պես սև, էս երեխան էսքան ճերմակ, հետաքրքիր է՝ էս ու՞մ է քաշել…»։ Հետո հիշելով, որ գերեզմանոցում գտած ընկեցիկ երեխան ոչ մի առնչություն չունի իր հետ, հազիվ զսպեց ծիծաղն ու համարյա վազքով մտավ լոգասենյակ, լվացվեց, սանրվեց և միայն հայելուն նայելիս վախեցավ, «էս ինչո՞ւ եմ շորերով»։ Ուշադիր զննեց ճմրթված շալվարն ու պիջակը, մոլորված քայլերով մոտեցավ, նստեց բազմոցին և այն է՝ նորից էր ուզում զարմանալ, թե ինչու է երեխան էդքան ճերմակ, սեղանին տեսավ օղու դատարկ շիշը… «Ես ե՞մ խմել»։

Հետո միանգամից ամեն ինչ հիշեց. «Ինչ ախմախ երազներ եմ սկսել տեսնել»։

Հեռախոսի զանգը կտրեց նրա մտքերի թելը։ «Էս ո՞վ է էս գիշերվա կեսին»,- քթի տակ մրթմ

րթաց Ենոքը։ Ոստիկանապետն էր. «Խումբդ հավաքիր, արի գործի տեղ»։

Այդ գիշեր, բացի նրանցից, ովքեր Գերեզմանիայի տներում էին մնացել, մյուսները մոտավորապես նույնպիսի երազներ էին տեսել։

Ղեկավարությունից միայն ոստիկանապետը՝ Մելիքն էր Հին Քաղաքում մնացել հանգամանքների բերումով, և միայն նա էր հասկացել, որ տեսածը երազ չէ։ Շատ պարզ պատճառով՝ ոչ մի վայրկյան աչքը չէր փակել։ Նրա տանն էր հայտնվել Վարոսը, որին մի տասը տարի առաջ Մելիքը ծեծելով սպանել էր մեկուսարանում և իր ձեռքով էլ թաղել ոստիկանատան բակում, պարսպի տակ։ Երկար հարցափորձ անելուց հետո, համոզվելով, որ Վարոսը ոչինչ չի հիշում իր անցյալից. Մելիքը թեթև շունչ էր քաշել և նրան առաջն արած տարել էր ոստիկանատուն, հերթապահին կարգադրելով՝ փակել մեկուսարանում։

– Բակ եմ տանելու,- ուռած-կարմրած աչքերը հատակին հառած՝ քթի տակ մրթմրթաց հերթապահը։- Մեկուսարանում տեղ չկա։ Այսինքն, բակում էլ արդեն դժվար թե տեղ ճարվի…

Մելիքը չհասկացավ, թե ինչպես մոտեցավ իր առանձնասենյակի միակ պատուհանին, որը բացվում էր բակի բարձրաբերձ պարիսպներով շրջափակված ահռելի բակը լեփ-լեցուն էր և նման էր… ինչի էր նման… հիշեց՝ վերջերս տեսած ֆիլմի կադրերից մեկին, որը նկարահանված էր հոլիվուդի ճաշասրահում, ուր դերասանները սնվում էին ոտքի վրա՝ տարբեր դարաշրջանների, տարբեր երկրների ու ժովուրդների մասին պատմող ֆիլմերում նկարահանվող դերասանները, նկարահանումների արանքում, առանց զգեստափոխվելու խռնված էին վիթխարի սրահում… Միայն տարբերությունն այն էր, որ ոստիկանատան բակում լռություն էր տիրում, և շարժում չկար:

– Փողոցներից եմ հավաքել,– աչքերը ճմռելով՝ պատմելու պես բացատրեց հերթապահը։- Ես ու Տավրոսը ամբողջ գիշեր չենք քնել, հետո մյուս տղերքին էլ ստիպված կանչեցինք՝ ճիշտ է, խելոք, սուս ու փուս գալիս էին մեր ետևից, բայց երկու հոգով այսքան մարդ հավաքելը հեշտ գործ չէր: Ինչո՞ւ էինք հավաքում, ես էլ չգիտեմ, խեղճերը ոչ կարգ էին խանգարում, ոչ ձայն էին հանում. Հին Քաղաքի դատարկ տներն էին ելնում-մտնում, ու՞մ պիտի խանգարեին, այստեղ էլ մարդ չի մնացել, բոլորը Գերեզմանիայում են…

– Բայց ովքե՞ր են սրանք, ի՞նչ են ուզում, որտեղի՞ց են,- ցածրաձայն հարցրեց Մելիքը, վախենալով, որ հերթապահի պատասխանն ու իր կասկածները կհամընկնեն: Հերթապահը լուռ դուրս գնաց և քիչ հետո վերադարձավ երկու հոգու հետ՝ մեկը միջահասակ տղամարդ էր՝ մերկ մարմնի վրա քաթանե տոպրականման մի շոր, վիզն ու ուսերը բաց, բոբիկ ոտքերին փայտե սանդալներ, իսկ մյուսը մերօրյա սևազգեստ մի պառավ։ Վերջիններս հերթապահի հրահանգով անխոս նստեցին պատի տակ շարված աթոռներին։ Մելիքը մոտ գնաց և ուշադիր զննելուց հետո միայն նկատեց նրանց վզից բարակ շղթայով կախված ուղղանկյուն փոքրիկ տախտակները։ Տղամարդու տախտակի վրա գրված է «Վարազդատ», ներքևում՝ «272 – մահվան թիվն անհայտ է», իսկ պառավինի վրա՝ «Եղիսաբեթ Համբարձումյան, 1899-1999»:

– Ծննդյան ու մահվան թվերն են,– գլուխը կախ ասաց հերթապահը։

– Տխմար,– ջղայնացավ Մելիքը,– այդքանը ես էլ եմ հասկանում, քո միջնակարգից բացի, համալսարանում էլ եմ սովորել… Դե լավ, մի նեղացիր, ջղերս լարված են, չեմ հասկանում՝ ինչ է կատարվում։– Մելիքը լռեց՝ անշարժ հայացքը պատուհանից դուրս։ Հետո մոտ քաշեց հեռախոսն ու հավաքեց քաղաքագլխի՝ Վարազդատ Հարությունյանի՝ Գերեզմանիայի տան համարը։ Հինգերորդ թե վեցերորդ զանգից հետո միայն լսվեց քաղաքագլխի խռպոտ ձայնը։

– Ո՞վ է, ի՞նչ կա։

– Վարազ, Մելիքն է, հավաքվել է հարկավոր,– լռեց, հետո մի տեսակ անհարմար զգալով՝ ձեռով փակեց հեռախոսի ընկալուչն ու հերթապահին գլխի շարժումով հասկացրեց՝ պառավին ու տղամարդուն հանել աոանձնասենյակից,ապա խուլ ձայնով շարունակեց: սենյակից, ապա խուլ ձայնով շարունակեց։- Շեֆ, քաղաաքը մեռելներով է լցվել։

– Մեռելներո՞վ,- Վարազդատը չարացավ։- Հաստագլուխ, ես քեզ համար ի՞նչ է, թաղման բյուրո՞ եմ, տո, դու գիտե՞ս՝ ում ես զանգել։

– Գիտեմ, գիտեմ,- չնեղացավ Մելիքն ու նույն հանգիստ տոնով շարունակեց.- Շեֆ, հավաքվել է հարկավոր, ասում եմ՝ քաղաքը լցվել է մեռելներով…
– Այ տղա, մեռելից լավ բան, տարեք, թաղեք, էլ հավաքվելս ո՞րն է…

– Վարազ,- նորից մտերմական տոնի անցավ Մելիքը,- թաղելու հարմար չեն։

– Ի՞նչ, ի՞նչ, ի՞նչ,- ինչերին մի այնպիսի քրքիջ հաջորդեց, որ հավանաբար Գերեզմանիայում, որտեղից խոսում էր – քաղաքագլուխը, վերջին մեռելները սարսափահար դուրս թռան շիրիմներից և սուրացին Հին Քաղաքի ուղղությամբ։- Այ Մելիք, մեռելի հարմարը ո՞րն է…

 Սրանք էնքան էլ մեռել չեն.– ծանր շնչեց Մելիքը,– քայլում են. շնչում են, ճիշտ է՝ շատ քիչ, բայց խոսում են։

– Ի՞նչ բարբառով են խոսում։

– Հիմնականում՝ Կարնո, բայց կան, որ գրաբարով են խոասում, օրինակ, մոտս քիչ առաջ մի Վարազդատ կար, որը…

– Բա ինձ թվում էր, թե ինձանից բացի ուրիշ Վարազդատ չկա:- Քաղաքագլուխը մի պահ լռեց։– Լսիր, Մելիք, մենա՞կ ես խմել, թե՞ էդ քո մեռելների հետ։

– Խմած չեմ, բայց չէր խանգարի։ Ի միջի այլոց, սրանք ոչ խմում են, ոչ ուտում։

– Ուրեմն, կուսակցության հարազատ զավակներն են։ Լավ կատակեցինք, պրծանք, հիմա ասա՝ ի՞նչ է պատահել. հո էլի չ՞ես վիճել կնոջդ հետ։ Քեզ հազար եմ ասել…

– Շեֆ, քաղաքը լցվել է մեռելներով։- Քաղաքագլուխը չէր պատասխանում։- Վարազ, գլուխս կորցրել եմ։ Հավաքվենք, տեսնենք՝ ինչ ենք անում:

– Բա լավ. դրանք տեր չունե՞ն։– Վերջապես խոսեց Վարազդատը:

– Պիտի որ ունենան։ Ինչքան հասկացա՝ բոլորն էլ էս կողմերի ծնունդ են… Ստուգել եմ…
– Դե, բա էլ ի՞նչ կա՝ հավաքում ես դրանց տերերին և ասում՝ արեք ձեր մեռելները տարեք… Լավ, լավ, մի ֆսֆսա. մի կես ժամից կհավաքվենք քեզ մոտ, տեսնենք՝ էդ ինչ մեռելներ են:

Ենոքը սպասեց՝ մինչև Մարոն վերադարձավ, այդ ընթացքում սափրվեց, փոխեց շորերը, զանգեց հյուրանոց և Փուչ Անդոյին ու Սիրուն Գևորին կարգադրեց գործիքներով շտապ ներկայանալ։

Ոստիկանատանը մոտենալ հնարավոր չէր, և Ենոքը ստիպված եղավ մեքենան կանգնեցնել ահագին հեռու, գործիքները ձեռքներին դուրս եկան մեքենայից, և վաղ առավոտի կաթնագույն մշուշի մեջ ամեն ինչ անիրական ու ջղայնացնելու աստիճան անհասկանալի թվաց։ Վերջին անգամ ե՞րբ էր Ենոքն այսքան վաղ արթնացել՝ անծանոթ ու օտար էր այս ժամի քաղաքը, և բնակիչներն են օտար, որոնց մինչ այս Ենոքը գիտեր նույնիսկ անուն-ազգանունով… Նա հանակարծ զգաց, որ այն ամենն, ինչ կատարվել է իր հետ գիշերով, ինչ-որ կապ ունի ոստիկանատան չորսբոլորը խռնված բազմության հետ. ամբողջ քաղաքն այստեղ էր, անորոշ մի բվվոց չէր թողնում ըմբռնել, թե ինչն է բերել մարդկանց Մելիքի դուռն այս վաղ ժամին։ Զարմանալի հեզությամբ ճանապարհ բացեցին, և երաժիշտները ոստիկանատան երկաաթակուռ դարպասով անարգել մտան բակ, իսկ մինչև շենք ահռելի տարածություն կար՝ գրեթե իրար հպված մարդականցով լցված։ Վարչության մուտքի առաջ երկու այլ ոստիականների հետ սեղան ու աթոռներ դասավորող հերթապահը, տեսնելով երաժիշտներին, ձեռքով շտապելու նշան արեց. հասկացնելով, որ ներսում վաղուց են նրանց սպասում։ Իսկ ներսում Մելիքի ընդարձակ առանձնասենյակում հավաքաված էր քաղաքի ղեկավարությունն ամբողջ կազմով, ի հավելումն, այնտեղ էին թաղման բյուրոյի տնօրենը, դատական բժիշկը, ԶԱԳՍ-ի վարիչն ու գլխավոր նոտարիուսը։ Լուսամատի մոտ նստած էր Արդար Հարութը, որն ուշադիր նայում էր բակում հավաքվածներին։ Դատական բժիշկը ժամանակ առ ժամանակ մոտենում էր Մելիքին, բացատրում, որ իր կարիքն այստեղ բոլորովին չի զգացվում, որ ամեն րոպե կարող են կնոջ ցավերը բռնել, կողքին մարդ չկա, իսկ հարազատ ամուսինն ինչ-որ անհեթեթ գործով է զբաղված՝ մեռելների… առողջությունն է ստուգում։ Սրանք սովորական մեռելներ են՝ սիրտ չունեն, զարկերակ չունեն, թոքն ի՞նչ է, էդ Էլ չունեն… տարեք թաղեք, ի՞նչ եք ուզում ինձանից. թողեք գնամ տուն, կնոջս մոտ մարդ չկա։ Մելիքն անզոր տարածում էր թևերն ու գլխի շարժումով ցույց տալիս Սև Արտուշի կողմը, այսինքն՝ նա է գլխավոր հրամանատարը և որևէ մեկի մնալ-չմնալու հարցը նա է որոշում։ Բժիշկը հուսահատ թափ էր տալիս ձեռքն ու քաշվում մի անկյուն՝ վախենում էր Սև Արտուշից։ Իսկ ո՞վ չէր վախենում, երևի թե միայն Արդար Հարութը, թեև այսօր նա էլ էր խուսափում Սև Արտուշից, որի դեմքը երբեք այնքան սև չէր եղել, ինչպես այս պահին, իսկ հուսահատության փառով պղտորված հայացքն առավել սարսափազդու էր դարձրել նրա տեսքը։ Անաշարժ կանգնած էր Արդար Հարութի թիկունքին և նրա հետ ուշադիր նայում էր դուրս։ Շարժվեց միայն, երբ տեսավ ներս մտնող երաժիշտներին, մոտ կանչեց Ենոքին և կարգադրեց տեղ գրավել սենյակի հեռավոր անկյունում և նվագել արարողությանը պատշաճող տխուր ու հանդիսավոր մեղեդիներ՝ ոչ այնքան բարձրաձայն, որ խլացնեն խոսակացությունը և ոչ այնքան ցածրաձայն, որ չազդեն տրամադրության վրա։ Ամեն ինչից զգացվում էր, որ անելիքը որոշված է, արդեն ընդհանուր հայտարարի են եկել, և Ենոքը լսեց քաղաքագլխի եզրափակիչ խոսքը. – Պահը հուզիչ է, սակայն դա չպիտի խանգարի, ինչպես Սև Արտուշն ասաց, որպեսզի մենք հստակ գործելակերպ հաստատենք, ըստ այբբենական կարգի հերթապահը ներս կհրավիրի Հին Քաղաքի բնակիչներին, ողջերին նկատի ունեմ, յուրաքանչյուր ընտանիքից մեկը, ցանկալի է ավագը, նրան կներկայացնենք իր հանգուցյալին… ավելի ճիշտ կլինի ասել՝ վերածնված հարազատին կամ հարազատներին, եթե մեկից ավելի լինեն, հետագա գործողությունները կունենան այսպիսի ընթացք,– հանգուցյալներն առաջինը կմոտենան բժշկին, և սա կոնկրետ զննումով կվկայի, որ հանգուցյալը… ըըը.. իսկապես հանգուցյալ է…

– Ախր, կինս տանը մենակ է, ցավերը կբռնեն, կողքին մարդ չի լինի…

Սև Արտուշը հակվեց Արդար Հարութի ականջին և ինչ-ոը բան ասաց, Հարութը ժպտաց ու շրջվեց բժշկի կողմը.

– Հանգստացիր, կնոջդ կողքին բուժքույր է նստած, իսկ շտապ օգնության մեքենան պատրաստ կանգնած է տանդ առաջ… Շարունակեք, պարոն քաղաքագլուխ։

– Պրծա՞նք քեզանից, կարծում էիր՝ մենակ քե՞զ է հետաքրքրում կնոջդ առողջությունը… Բոլորը կարողացան զսպել իրենց ծիծաղը։ Բացի գրեթե հարբած Մելիքից։ Այդ օրն հնչած առաջին ծիծաղն էր, որը կարճ տևեց՝ նույնիսկ հարբածությունը չօգնեց Մելիքին դիմանալու Սև Արտուշի կատաղի հայացքին։ Մինչև ականջները կարմրատակած բժիշկը գլխահակ զննում էր դողացող մատները։ Ամբողջ քաղաքին էին հայտնի բժշկի կնոջ ու Սև Արտուշի հարաբերությունները, և ամենևին պատահական չէր Սև Արտուշի հոգատարությունը բժշկի կնոջ նկատմամբ՝ շատերի կարծիքով նորածինը թե արտաքինով և թե բնավորությամբ չէր տարբերվելու Սև Արտուշի մյուս երեխաներից…

– …Այնուհետև,- շարունակեց քաղաքագլուխը,- թաղման բյուրոյի տնօրենը հանգուցյալներին դուրս կգրի Գերեզմանիայից. ԶԱԳՍ-ի վարիչը կգրանցի և կմտցնի նրանց քաղաքի բնակիչների ցուցակը, դա առանձին ցուցակ կլինի, հասկանալի պաստառներով, նոտարը կհաստատի գործողության օրինականությունը, իսկ ոստիկանապետը,– քաղաքագլուխը կասկածանքով նայեց Մելիքին,– ավելի ճիշտ, նրա տեղակալը կհանձնի քաղաքացիության ժամանակավոր վկայական, իսկ մենք էլ կողքից կհետևենք… Այն սեղանի մոտ։

«Այն սեղանը» արդեն ճռնչում էր շշերի ու կերակուրների ծանրության տակ։ Փուչ Անդոն ու Սիրուն Գևորը, որ չէին հասցրել բան գցել բերանները, տենչալի հոտոտում էին սեղանից փչող բուրմունքները։

Ներս մտավ հերթապահ ոստիկանը և զեկուցեց.

– Ամեն ինչ պատրաստ է։

– Բարձրախոսները նույնպե՞ս,- հարցրեց քաղաքագլուխը։

-Այո։

Քաղաքագլուխը նայեց Սև Արտուշին, և սա գլխով արեց։

– Դե, ուրեմն միացրեք,- կարգադրեց քաղաքագլուխն ու վերցրեց միկրոֆոնը։
– Հարգելի համաքաղաքացիներ, ողջեր ու հանգուցյալներ.- քաղաքագլխի ձայնը հնչեց նախատեսվածից շատ ավելի բարձր՝ լսելի ոչ միայն բակում և նրա շուրջբոլորը, այլև ամբողջ քաղաքով մեկ, և անակնկալի եկած լռեցին իրենց առավոտահաչը բարեխղճորեն իրացնող շները,- մեր սիրելի, հարազատ, բազմադարյան քաղաքը, ինչպես և մեր ամբողջ երկիրը, անցել է ահեղ փորձությունների միջով և այսօր, չնայած ընդդիմադիր կուսակցություններն ու մեր դարավոր թշնամին չտեսնելու են տալիս, հասել է զգալի նվաճումների։- Մելիքը, որ մինչ ղեկավարության հավաքվելը հասցրել էր մի շիշ օղի դատարկել և զգալի նվաճումների հասել համարձակության ասպարեզում, ուսերը ցուցադրաբար վեր քաշեց, այսինքն՝ ի՞նչ իմաստ ունի այս պահին կրկնել նախընտրական ճառը, երբ մինչև ընտրությունները դեռևս շատ ժամանակ կա՝ մեռելների՞ն ենք զարմացնում, ի՞նչ է… Քաղաքագլխի սուր աչքից դա չվրիպեց, նա շրջվեց ոստիկանապետի կողմն ու միկրոֆոնը ձեռքի ափով ծածկած՝ ֆշշացրեց.– Լակել ես ու չափդ կորցրել։– Սակայն այդ ընթացքում հասցրեց նկատել, որ խմբի մյուս անդամներն էլ են Մելիքի կարծիքին, ,հըմե արեց ու որոշեց կարճ կապել։– Հուզիչ պահ է, այսօր մեզ հետ են մեր հարազատները. որոնց ետևից մենք աղիողորմ լացել ենք. երազել ենք, որ վերադառնան, մասնակցեն մեր հաղթական արշավին, մեր հինավուրց քաղաքը անդաստանի վերածելու հարաճուն գործընթացին.. Այսօր մենք երջանիկ ենք. որովհետև միասնական ենք՝ ինչպես երբեք, իսկ մեր ժողովուրդը հաղթել է միայն այն ժամանակ, երբ միասնական է եղել… Այսօր, ինչպես արդեն ասացի, մենք միասնական ենք, ուրեմն, հասել է նոր հաղթանակների ժամանակը, ուրեմն, եկեք ծիծաղով ու սրտաբաց ընդունենք նրանց, ում արցունքով ու սրտաբեկ ճամփել ենք մի օր…– Զգալով, որ դժվար թե կարողանա այս վերջին նախադասությունից առավել տպավորիչ եզրափակման խոսք գտնել, քաղաքագլուխը ձայնը տվեց ԺԱԺՔ-ի՝ Ժողովուրդ Առանց Ժողովրդավարական Քարոզի՝ իշխող կուսակցության առաջնորդին, իսկ ինքը շտապեց դեպի անկյունի սեղան, ջղայնությունը օղիով մարելու վճռական մտադրությամբ և,խռոված երեխայի նման պռոշներն ուռցրած, նստեց մեջքը ընկերներին դարձրած։ Միկրոֆոնի մոտ մնաց միայն կուսառաջնորդը՝ թմբլիկ, կլորիկ– կարճլիկ, խուճուճ մազերով մի երիտասարդ.

– Մեր քաղաքագլուխն իր ելույթում ասաց՝ սիրելիներս, և ես լիովին համաձայն եմ նրա հետ, այդ բառը մենք հաճախ ենք լսում մեծարգո Սև Արտուշի շուրթերից. երբ նա մտախոհ շրջում է Գերեզմանիայում, հարազատ շիրիմների արանքում, և ես առաջին հերթին համաձայն եմ նրա հետ.– կուսառաջնորդը խոսում էր շրթունքները միկրոֆոնին հպած, նպատակ ունենալով խռպոտել ձայնը, քաջ գիտակցելով, որ ձայնի խռպոտությունը անկեղծ հուզմունքի երանգ է հաղորդում խոսքին։– Ես ուզում եմ, որ և՛ այս, և՛ այն աշխարհի բնակիչները լավ հիշեն Սև Արտուշին, բարի խոսքով հիշեն՝ նրա թխված հացով են ապրում այս աշխարհի բնակիչները, և երբ աշխատանքից հետո ճաշի սեղանի շուրջ են հավաքվում մեր քաղաքի բնակիչները, թող հիշեն, որ նրանց սեղանին չկա մի բան, որի ստեղծմանը մասնակից եղած չլինի Սև Արտուշը և այն աշխարհ գնալիս էլ թող նրա բարի հիշատակը պահեն իրենց հոգու խորքում, որովհետև այդ նրա արտադրամասերում պատրաստված դագաղների մեջ այդուհետ պիտի տևի նրանց այնաշխարհային հավերժական խոնջանքը, և նրա վարպետների հղկած գերեզմանաքարերի տակ պիտի նշվեն և հիշվեն ողջերի կողմից… Մոնոպոլի՞ստ է արդյոք Սև Արտուշը, ոմանք, և այղ թվում ընդդիմադիր ուժերն ասում են, թե՝ այո, իսկ ես ասում եմ՝ ոչ, և հարց եմ տալիս, ու՞ր էին, ո՞ր ծակերում էին պահ մտած մեր նորօրյա ժողովրդավարներն իրենց շուկայական հարաբերություններով այն դաժան ու խստաշունչ օրերին, երբ մեր քաղաքում առաջին շուկան հիմնեց Սև Արտուշն ու այնտեղ այնպիսի հարաբերություններ զարգացրեց, որոնք կարող են հիմնարար դասընթաց հանդիսանալ ոչ միայն հայրենի, այլև օտարերկրյա բիզնեսմենների համար։ Այո, ես համոզված եմ, որ ողջերի հետ միասին մեր հանգուցյալները ևս առաջիկայում իրենց ձայնը կտան ԺԱԺՔ-ին. որի պայծառ ներկայացուցիչներից մեկն է նաև մեծարգո Սև Արտուշը… Սակայն վերադառնանք մեր մեռելներին։ Դուք,– խոսքս հանգուցյալներին է վերաբերում,– մեզ՝ ողջերիս պարգևեցիք մի անսպասելի տոնական օր, և մենք ամեն տարի ամենայն հանդիսավորությամբ կնշենք այդ օրը որպես մեռելադարձի օր։ Սակայն դա մյուս տարի, իսկ հիմա ուզում եմ ձեզ ներկայացնել, թե ինչ ծրագիր է նախապատրաստել ձեզ համար քաղաքի ղեկավարությունը։ Ի դեպ, այդ ծրագրի ֆինանսական հովանավորն է Սև Արտուշը: Այսպես, ուրեմն, մեր հին ու նոր հանգուցյալներին իրենց ողջ հարազատներին միացնելուց անմիջապես հետո, հանգուցյալների համար կազմակերպել ենք մի փոքրիկ Էքսկուրսիա քաղաքի տեսարժան վայրերով, կարծում եմ՝ հատկապես նրանց համար, ովքեր կյանքին հրաժեշտ են տվել մինչև մեր դարասկիզբը, չափազանց հետաքրքիր կլինի ծանոթանալ այն նորույթներին, որոնք հայտնվել են մեր հինավուրց քաղաքում վերջին հարյուր տարվա ընթացքում. սրանք կլինեն մեր մշակույթի օջախներում, դպրոցներում, արտադրական ձեռնարկություններում, վստահ եմ հանգուցյալները մեծ հաճույք կստանան՝ ծանոթանալով դագաղաշինական կոմբինատի վաստակաշատ կոլեկտիվին, մոտիկից ուսումնասիրելով դարձյալ Սև Արտուշին պատկանող քարհանքերի աշխատանքը, տեսնելով, թե ինչպես է վիթխարի քարաբեկորը, անցնելով բազում արտադրական օղակներով, վերածվում սգո սքանչելի հուշակոթող-գերեզ– մանաքարի… Օրվա ավարտին քաղաքի՝ Զիգֆրիդ Բենի անվան մշակույթի և հանդիսությունների պալատում տեղի կունենա հանդիսավոր նիստ և համերգ՝ նվիրված մեր վերածնված հարազատներին, երեկոյի մեխը կլինի Դանտեիանվան դպրոցի ցածր դասարանցիների պատրաստած ներկայացումը՝ մեծ իտալացու «Աստվածային կատակերգության» համառոտեցված տարբերակի հիման վրա… Պակաս հարուստ չի լինելու վաղվա ծրագիրը։ Առավոտյան հանգուցյալները, քաղաքի իշխանության ներկայացուցիչների հետ միասին, ծաղկեպսակ կդնեն քաղաքի կենտրոնում կանգնեցված ԱՆՀԱՅՏ ՄԵՌԵԼԻ հուշարձանին, որից հետո ավտոբուսներով կմեկնեն քաղաքամերձ Մեռելաշատ ավան, որտեղ կծանոթանան այն նորաստեղծ օրինակելի գերեզմանոցին, որը նախատեսվում է առաջիկա երկրաշարժերի և այլ բնական ու անբնական աղետների զոհերի համար… Քննադատաբար վերլուծելով նախորդ երկրաշարժերի դառը փորձն ու թերացումները, քաղաքային իշխանությունները, Սև Արտուշի ակտիվ մասնակցությամբ և քաղաքագլխի ղեկավարությամբ, մեծ աշխատանք են կատարել նոր աղետները կազմ ու պատրաստ դիմավորելու համար։ Այդ նպատակին է ծառայելու Շիրիմաշեն ավանում արդեն գործարկման պատրաստ ,Սև Արտուշ ընդ քամփընիե ֆիրմայի արտադրական հզոր բազան, որը լիովին մասնագիտացված է գերեզմանոցաշինական պիտույքներով քաղաքն ապահովելու ոլորտում։ Ասֆալտապատված ու բարեկարգված են աղետի հավանական օբյեկտներից՝ դպրոցներից, մանկապարտեզներից, ինստիտուտներից, բնակելի և արտադրական պետական շինություններից գերեզմանոց տանող ճանապարհները, վարված են հազարից ավելի շիրմափոսեր, պատրաստ են նույնքան դագաղ ու շիրմաքար… Այնպես որ՝ աղետ-զոհ-գերեզմանոց շղթան այս անգամ կգործի անխափան։ Չմոռանանք նշել մեր հպարտությունը՝ աշխարհում միակ բարձրագույն ուսումնական հաստատությունը, ուր բացի այն, որ վաստակաշատ մասանագետները (դագաղագործներ, շիրմաքարի, կիսանդրու, խաչքարի, հարթապատկերի, տաղավարի վարպետներ և այլն) իրենց փորձն են փոխանցում նոր սերունդներին, ուսանողները խորացնում են իրենց գիտելիքները նաև տեսության բնագավառում։ Օրինակ, վերջերս, համաքաղաքային ստուգատեսում առաջին մրցանակ շահեց բուհի լավագույն ուսանողներից մեկը, իր՝ ,Բազմակուսակցակա՞ն է արդյոք անդրշիրիմյան հասարակությունըե թեմայով գիտական զեկուցման համար։

Սիրելի հանգուցյալներ, հիրավի սիրելի, սխալված չեմ լինի, եթե ասեմ՝ պաշտելիներս. և սրանք սոսկ դատարկ հնչյուններ չեն, ինչպիսիք գուցե աշխարհի մյուս քաղաքներում են հնչում ամեն օր, մեր քաղաքը ոտից գլուխ, եթե կարելի է այդպես արտահայտվել, ողողված է ձեր նկատմամբ անչափելի սիրով ու պաշտամունքով, և դրա ապացույցը դուք կտեսնեք հենց այսօր՝ հրավիրված եք որպես դիտորդ մասնակցելու մեծարգո Սև Արտուշի վաղամեռիկ հարազատի թաղմանը, և սա մեր էքսկուրսիայի կարևոր էջերից մեկն է… Դուք կլսեք, թե ինչպես են ողբամ նորընծա հանգուցյալի մերձավորները, կտեսնեք անմարելի կսկիծը նրանց հոգու գաղտնարաններում, ձեզ բացառիկ հնարավորության է ընձեռված մոտիկից հետևելու անկեղծ վշտի մեջ մորմոքվող Սև Արտուշին, նրա սիրալիր թույլտվությամբ դուք ականատես կլինեք, թե ինչպես են արցունքները հոսում նրա աչքերից… Վշտահար հարազատների թափորի հետ միասին մենք կընթանանք դեպի Գերեզմանիա, և դուք կհամոզվեք, որ մենք՝ ժամանակավոր ողջերս, անբաժան ենք ձեզանից նույնիսկ այս վերգետնյա կյանքում, մենք լքել ենք Հին Քաղաքի մեր բնակարաններն ու կացարաններ ենք կառուցել ձեր կողքին, որպեսզի օրվա և ոչ մի պահ դուք հեռու չմնաք մեր աչքից և, հետևաբար, սրտից, որպեսզի աշխարհիկ կյանքի առտնին հոգսերով տարված՝ չլինի թե հանկարծ նույնիսկ մի վայրկյան մոռանանք ձեզ, ձեր կենդանի հուշն ու ներկայությունը… Եվ այդ մեծ սիրո ձգողականությունը չէ՞ արդյոք ձեզ հանել շիրիմներից, և արդյոք այդ անծայրածիր կարոտը չէ՞ մեզ հիմա նորից պարգևվել ձեզ տեսնելու ահռելի հրճվանքը,– կուսառաջնորդը թաշկինակը հանդիսավորությամբ սեղմեց աչքերին, որոնք, ի զարմանս բոլորի, իսկապես լցված էին արցունքով…

Թաշկինակի հայտնվելը, ըստ նախօրոք պայմանավորվածության, նշանավորեց ելույթի ավարտն, ու Ենոքը կլարնետը տարավ շրթունքներին, Սիրուն Գևորը դափով ծածկեց ծաղկատար դեմքն, ու… քաղաքում մի այնպիսի լացուկոծ ընկավ, որ շները նորից կտրեցին առավոտն ազդարարող աշխույժ հաչը, բայց այս անգամ գործընթացը շարունակեցին սգավոր վայնասունով։ Այս սուգ ու լաց-վայնսաունին անհաղորդ ու անտարբեր էին միայն հանգուցյալները, իրար սեղմված՝ նրանք սևեռուն նայում էին ոստիկանատան գլխավերևից իր իսկ ճառագայթներին հենվելով հետզհետե վեր բարձրացող արևին։

Սիբիրյան աքսորից վերադարձին, երբ ինչ-որ աներևույթ ուժեր նրան ուղղեցին մինչ այդ նրա համար բացարձակապես անհայտ այս անկյունը, Արդար Հարութը գիտեր՝ քաղաքի դիրքը, փողոցների դասավորությունը, անցուդարձող մարդկանց դեմքերը, քամին, որ քաղաք էր մտնում միշտ նույն ժամին և նույն փողոցով, նույնիսկ ամեն մի չնչին մանրամասն հուշում էին, որ սա գծերի ու կորերի հատման հենց այն կետն է, որտեղ ինչ-որ բան է կատարվելու… Այստեղ ապրած տարիները Արդար Հարութի համար սպասման տարիներ էին։ Սակայն զարմանալին այն է, որ այդ ինչ-որ բանի կատարվելու իմացությունն ամենևին չօգնեց Արդար Հարութին՝ մեռյալների հայտնվելը նրան անակնկալի բերեց։ Սպասիր և կհայտնվի, կանչիր, և կգա, հուսա, և կիրականա, նայիր, և կտեսնես,– այս ամենը վաղուց էր հայտնի Արդար Հարութին։ Բայց ե՞րբ։ Եվ այս անորոշության մեջ է անակնկալի զորությունը։ Օղու բյուրեղապակյա փոքրիկ ըմպանակը դողդողում էր նրա մատների մեջ։ Վախենում էր հայացքը բարձրացնել… Վախենում էր մտածել այս ամենի մասին։ Նա չէր ուզում, ամեն գնով փորձում էր հեռաձգել իր գիտակցության, ահռելի գիտելիքների մասնակցությունն այս իրադարձություններին։ Նա ձգում էր վայելքի պահը՝ ազատ անկման մեջ սուրացող պարաշյուտիստի նման, աշխատում է հնարավորին չափ ուշ սեղմել կոճակն ու բա ցել պարաշյուտը։

… Իսկ արարողությանը վաղուց ընթացքի մեջ էր. բարձրախոսից հնչում էր հերթապահի հոգնած ու խռպոտ ձայնը, որը կանչում էր քաղաքի հերթական բնակիչներին, որոնք մտնում էին ներս, ինչ-որ թղթեր էին ստորագրում, ստանում էին իրենց հանգուցյալ հարազատներին, տխուր մեղմ նվագակցությամբ գլխահակ դուրս էին գալիս և նորից շարվում ոստիկանատան բակի երկարաձիգ պատերի տակ՝ սպասելով հետագա կարգադրության։

Քաղաքի ղեկավարությունն իրենց մեռելներին արտհերթ ստանալով՝ շուտափույթ հեռացել էր։ Մնացել միայն Մելիքը՝ խմի՞չքն էր ազդել, թե անսովոր իրադրությունը, տեղից շարժվել չէր ուզում, գլուխը սեղանին դրած՝ մշշում էր կիսարթուն նիրհի մեջ։
Հերթապահ ոստիկանը զգուշորեն մոտեցավ Մելիքին խոնարհվեց նրա ականջին։

– Ի՞նչ կա,– առանց գլուխը բարձրացնելու հարցրեց ոստիկանապետը։

– Թուրք մեռելներ եմ հայտնաբերել։

– Ի՞նչ, թու՞րք,– վեր թռավ Մելիքն ու ձեռքը տարավ ատրճանակին,– ո՞ր կողմից են գալիս, շա՞տ են։ Շտապ զանգիր կայազոր, թող զորք ուղարկեն, արագ…

– Ի՞նչ զորք, ընկեր գնդապետ, ասում եմ՝ մեռելների մեջ եմ գտել…

– Ախ, հա՜,- հիշեց Մելիքը, թեթևացած նստեց ու նորից գլուխը դրեց սեղանին։- Ամեն դեպքում, տար մի անկյուն՝ գնդակահարիր…

– Ընկեր գնդապետ,– քթի սոսկ խնդմնդաց հերթապահը,– ախր, դրանք մեռած թուրք են, էն էլ երևի մի երկու-երեք հարյուր տարվա… Մեռելին էլ ի՞նչ գնդակահարություն…

– Հա, ճիշտ ես ասում,- Մելիքն էլ սկսեց ծիծաղել,- տես՝ ընդդիմադիր կուսակցություններից ո՞ր մեկն է ինտերնացիոնալիստական, տուր` թող տանեն, հարստացնեն իրենց բազմազգ շարքերը…

Հայտարարվեց ընդմիջում։ Փուչ Անդոն ու Սիրուն Գևորը գործիքները նետեցին աթոռներին և գրոհեցին անկյունի սեղանի վրա։ Ենոքը ոչ քաղց էր զգում, ոչ հոգնություն, մոտեցավ պզտուհանին, և նրա հայացքը տենդագին թափառեց ու վերջապես գտավ փոքրամարմին, կոկիկ հագնված պառավին, որն ուղիղ Ենոքի աչքերի մեջ էր նայում։ Պառավը շատ հեռու էր, և նրա դեմքը հազիվ էր երևում, բայց Ենոքն զգաց, տեսավ պառավի աչքերը։ Չդիմացավ հայացքին, շրջվեց, մոտեցավ, նստեց Արդար Հարութի կողքին։

– Հարութ,– դողացող ձայնով հարցրեց,– աշխարհի վե՞րջն է։ Արդար Հարութը, որ կարծես վաղուց ի վեր այդ հարցին էր սպասում, կտրուկ շարժումով բերանին տարավ օղու ըմպանակը, պարպեց, և ապա, թևի ժամացույցին ուշադիր նայելուց հետո, պատասխանեց.

– Ոչ, դեռևս ահագին ժամանակ կա։