ՌԻԳԱ

Պոեզիա > ԴԱՆԴԱՂ ԺԱՄԵՐ

Մի բարակ անձրև է հարկավոր քեզ նորից հիշելու համար,

մի թեթև քամի, որ օգնելու է

թերթելու այս գիրքը հաստաբեստ՝

լցված սև-սպիտակ նկարներով:

Ի վերջո, հրաշալի էր ծխել Բալթիկ ծովի ափին,

երբ քեզ հետ լռում են համերաշխ,

և ինչ է երջանկությունը՝ մի տուփ ծխախոտ,

լուցկի, որ խոնավությունից այլևս չէր վառվում,

և զարմանալիորեն մանր աստղեր,

ավելի մանր, քան ավազը՝ ծովեզերքին տարածված,

կամ, գուցե, երկինքն էր շատ բարձր,

և երազները սավառնում էին շատ վերևում,

և ահա թե ինչու են լատվիացիները բարձրահասակ ադքան,

այլ կերպ ինչպես կերազես այդքան բարձր երկնքի տակ,

կամ, գուցե, ծովն էր շատ ծանծաղ,

ինչպես սկսնակ բանաստեղծի տողացի թարգմանությունը,

որն արդեն քանի օր է ընկած է սեղանիս,,,

Տրամվայի մի հեռավոր զնգոց էր հարկավոր

քեզ նորից տեսնելու այնպես,

ինչպես հենց այն պահին, երբ մեկն ինձ լատվիերեն

ինչ-որ բան հարցրեց,

իսկ ես, ամենևին չտարակուսելով, պատասխանեցի հայերեն,

և հետո

սկսեցինք բարձրաձայն ծիծաղել ինչ-որ խառը լեզվով,

թփթփացնել իրար ուսի և նորից ծիծաղել…

Ի վերջո, հրաշալի էր ծիծաղել Բալթիկ ծովի ափին,

երբ բարակ անձրև էր գալիս,

և քամին չգիտես օգնում էր, թե խանգարում

թերթելու այս գիրքը հաստաբեստ,

որ հիշողություն է կոչվում…