ՍԿԶԲՈՒՄ ԽՈՍՔՆ ԷՐ

Արձակ > Հոդվածներ > ԲԱՑ ԴՌՆԵՐԻ ՕՐ ՄՀԵՐԻ ՔԱՐԱՅՐՈՒՄ

   Հետևելով երկար շաբաթներ տևած նախագահական քարոզարշավ կոչվող  այս հոգնեցուցիչ, տառապալի մարաթոնյան մրցավազքին` ակամա հարց է ծագում` իրավունք կունենա՞նք մեղադրելու ընտրված նախագահին, եթե նա առաջիկա հինգ տարին անցկացնի բժշկի հսկողության տակ անկողնում պառկած` այս անտանելի թեժ ու անզիջում պայքարից հյուծված մարմինն ու հոգին կազդուրելու, քիչ թե շատ ուշքի գալու համար:

   Հավանաբար, ճիշտ այդքան էլ ընտրողներին է հարկավոր ազատվելու, մաքրվելու, սթափվելու այն հազարավոր խոստումներից, ծրագրերից, խնդրանքներից, փաստարկներից, սպառնալիքներից ու, ինչո՞ւ չէ, նաև հայհոյանքներից, որ նրանց գլխին տեղացել են թեկնածուները հանրահավաքներում, ռադիոյով, հեռուստատեսությամբ, լրագրերով…

   Նախագահը դեռ ոչինչ, ընտրությունից հետո սաունա, վաննա, մերսումներ… և մեկ-երկու ամսում հնարավոր է ոտի կանգնեցնել: Շարքային ընտրողների վիճակն է սարսափելի` սաունա ու մերսում միայն կինոներում տեսած այդ խեղճերին մի քանի շաբաթ հետո սպասվում է ևս մի` առավել ահեղ փորձություն` Ազգային Ժողովի պատգամավորների ընտրությունները…

   Խորհում ես այս համակողմանի տառապանքների մասին և մեջդ ակամա երկրորդ հարցն է առաջանում` հանուն ինչի՞ են այս չարչարանքները, էլ չեմ խոսում այն ահռելի ծախսերի մասին, որոնք գնում են սույն քարոզարշավը քիչ թե շատ մարդավայել կազմակերպման համար. անհաշվելի տպաքանակով բրոշյուրներ, թռուցիկներ, թեկնածուի բովանդակալի պատկերով պաստառներ, կարգախոսներ, ոտքերի տակ մորթվելու ոչխարներ, ավտոմեքենաներ ու բենզին, տոննաներով բենզին` հանրապետությունը ծայրեծայր չափչփելու և ոչ մի բնակավայր բաց չթողնելու համար, չափազանց թանկարժեք շտաբ-բնակարաններ ու կենտրոններ, շքեղ կահ-կարասի ու համակարգիչներ, բջջային հեռախոսներ, սպասարկողների, օգնականների, զինակիցների վիթխարի բանակ, որն աշխատավարձ է պահանջում, և դարձյալ մեծ գումարներ պահանջող վճարովի հեռուստա-ռադիո ելույթներ, լրագրային հոդվածներ – գովազդներ… Վերջը չի երևում:

   Ժողովրդի սիրտն ու վստահությունը շահելուն նպատակամղված այս արտակարգ թանկարժեք զուլումը, որը ժողովրդավարությունն է հորինել և խստիվ հետևում է դրա կատարման ընթացքին, և որից առավել կատարյալը, խոստովանեմ, մարդկությունը դեռևս չի ստեղծել, այնուհանդերձ չի ծառայում իր նպատակին: Որովհետև ժողովրդի իմաստնությունը, ինչի հետ մեծ հույսեր են կապել ընտրության այս համակարգը հորինողները, ավաղ, ինչպես մարդկության պատմությունն է վկայում, միշտ չէ, որ գործել է արդարության հետ ձեռք ձեռքի տված:

   Դրանում համոզվելու համար չարժե խորանալ մինչև քարեդար, լիովին բավարար է դիմել Սուրբ Գրքին, որն իր անմրցելի առավելություններով հանդերձ նաև ամենահավաստի սկզբնաղբյուրն է իմ իմացածների մեջ: Անշուշտ, հիշում եք` ինչպես էր սկսվում Հին Կտակարանը. «Սկզբում խոսքն էր…»: Այդ Նոր Կտակարանում է, որ սկիզբ են առնում քարոզներն ու քարոզարշավը, որին դիմում է Աստծո ժողովրդավար Որդին: Իսկ նրա Հոր մոտ  խոսքը գործի հոմանիշն է, որովհետև նրանք անտրոհելիորեն ձուլված են միմյանց և մեր ընբռնմամբ այն համարժեք է հրամանին, որը ենթակա չէ քննարկման… Այլապես, պատկերացնո՞ւմ եք, թե ինչ կկատարվեր, եթե աշխարհաստեղծման  նրա ծրագիրը, ըստ ժողովրդավարության սկզբունքների, դրվեր համաժողովրդական քվեարկության և կամ հաստատման ներկայացվեր Ազգային Ժողով:

   Ասելու չէ, թե ինչ քաշքշուկներ ծայր կառնեին, ամիսներ տևող ու վերջ չունեցող քննարկումներ ու բանավեճեր, որոնք մի նստաշրջանից մյուսը կտեղափոխվեին, և ապա կգումարվեին արտահերթ նստաշրջաններ… Բոցավառ ելույթներ կհնչեին, կներկայացվեին կասկածներ ու խիստ անհրաժեշտ լրացումներ, կարտահայտվեին ծրագիրը լրամշակման համար Հեղինակին անհապաղ ներկայացնելու պահանջներ…  Դժվար չէ ենթադրել, թե ինչպես կհակաճառեր պատգամավորներից ամենաըմբոստը` Սադոյա…ելը` ծրագրի` ջուրը ցամաքից զատելու ենթակետին. «Չխաբվե՜ք, ջուրը ցամաքից զատում են եսիմ որտեղից կոպեկներով առած ջրաչափերը մեր վրա թանկ գնով սաղացնելու համար…»:

   Այո, Եհովան ժողովրդավար չէր,  և եթե նա գտնում էր, որ Ադամին ու Եվային պետք է վտարել Դրախտից, Նա չէր խորհրդակցում որևէ մեկի հետ: Նա պարզապես վտարում էր` առանց քննարկման ու առանց ռեֆերենդումի:

   Բոլորովին այլ է իրադրությունը Նոր կտակարանում. Հիսուսը, որն Աստծո կամոք պիտի թագավորեր Հրեաստանում, չփորձեց օգտվել իր ամենակարող Հոր զորությունից` թագավորական գահին տիրանալու համար, այլ գնաց ժողովրդին համոզելու ժողովրդավարական ուղիով` վստահելով նրա իմաստնությանը: Եվս մի անգամ կարդացեք նրա Լեռան քարոզը. ուրիշ էլ ի՞նչ խոսքով է հնարավոր ապացուցել, որ այդ խոսքերի տերը, հիրավի, թագավոր է: Աստծո պես կատարյալ մարդ և չափազանց մարդկային Աստված:

   Քարոզներին զուգընթաց նա դիմեց նաև հրաշքների օգնությանը. բուժեց բորոտներին, աչքի լույս տվեց կույրերին, քարը հաց դարձրեց, ջուրը` գինի, նույնիսկ հարություն տվեց մեռյալներին… Թե ինչով ավարտվեց երկար տարիներ տևած այս քարոզարշավը, բոլորին է հայտնի. համաժողովրդական ազատ և թափանցիկ քվեարկությամբ նա գամվեց խաչին, և չեմ ուզում անունը տալ նրա, ով նույն այդ համաժողովրդական քվեարկությամբ ազատ արձակվեց:

   Այո, լինելով ժողովրդավարական արժեքների մոլեգին հետևորդ` այնուհանդերձ, խորապես համոզված եմ, որ համաժողովրդական քվեարկությամբ արդար թագավոր ընտրելու այս համակարգը կատարյալ դառնալու համար դեռևս շատ երկար ճանապարհ ունի անցնելու: Իսկ առայժմ մխիթարվենք նրանով, որ գոնե Հայաստանում նախագահ ընտրվելը գրեթե հավասարազոր է խաչ բարձրանալուն: Ափսոս, որ դա շատերը գիտակցում են խաչից իջեցվելուց հետո միայն:

                                                                 «Գրական թերթ», 2003, 21 փետրվարի