ՍՈՎՈՐԱԿԱՆ ԳԵՐԵԶՄԱՆՈՑ

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Սովորական գերեզմանոց էր: Շիրմաքարերի շուրջ դեսուդեն
աճած մի քնի ծառով, որոնք ամենասկզբում պտղատու են եղել:
Սովորական, շարքային գերեզմանոց էր,
ընդամենը մի պատգամավորով,
որը մեռել էր ընտրողների հետ միասին և միասին էլ
թաղված էին մի ընդհանուր շիրմաքարի տակ…
Չմոռանանք դատավորին, որը թեև պատվարժան էր,
բայց նրա մահվան մասին խորհրդավոր լուրեր էին պտտվում,
երբ քաղաքում դեռևս պտտվում էր կարուսելը`
միակը քաղաքի բազում ձեռնարկություններից,
որն աշխատում էր անխափան և որից ամեն երեկո
սիրով օգտվում էին քաղաքի այրերը հարգարժան:
Պատգամավորը նախընտրում էր ձին,
իսկ դատավորն առյուծը, սակայն երբեմն նրանք
տեղափոխվում էին, երբ հարկ էր լինում
հասարակության պահանջով գնալ ինչ-ինչ փոփոխության…
Իսկ ընդհանրապես, հասարակական կազմակերպություններից
ամենաաշխույժն ու եռանդունը հասարակական զուգարանն էր,
որի անունը առաջինն էր նշում պատգամավորն իր
նախընտրական ճառերի այն հատվածում,
որն արվեստին ու մշակույթին էր նվիրված:
Հետո ընտրազանգվածը կոտորվեց մինչև վերջին մարդը`
անվերջ նույն թեկնածուին ընտրելու ձանձրույթից,
ինչի հետևանքով պատգամավորը մեռավ խորը վշտից:
Իսկ երբ հանցագործությունները վերացան, որովհետև
վերացան ընտրություններն ու պատգամավորը,
դատավորը խարակիրի արեց հասարակական զուգարանի
առջև և հոգին ավանդեց սաստիկ տառապանքների
և վիթխարի պարտքերի մեջ խրված…
Հաջորդ օրվանից քաղաքը լիովին ամայացավ և ծառերը
դադարեցին պտղաբերելուց
և քիչ-քիչ տեղափոխվեցին գերեզմանոց,
շարվեցին շիրմաքարերի շուրջ`
աճելով ինչպես պատահի, երբ պատահի…