ՎԵՐՋԻՆ ՀԵՔԻԱԹ

Պոեզիա > ԵՐԲԵՔ ՉՄԵՌՆԵՍ - ԱՀԱ ԹԵ ԻՆՉ ԿԱՍԵՄ ՔԵԶ

Գրադարանները պայթում են գրքերի առատությունից:

Գուցե թե սա վերջին դա՞րն է, կամ

էլ առավել սարսափելին` վերջին տարի՞ն:

Իսկ քանդակագործը քանդակում է անվերջ

և արվեստանոցը բերնեբերան լցված է քանդակներով,

և տունը լցված է քանդակներով,

և կինն ու երեխաները ստիպված փողոցում են ապրում,

բայց շուտով փողոցն էլ կլցվի քանդակներով,

իսկ քանդակագործը քանդակում է անվերջ,

և ոչ մի հնար չկա նրան կանգնեցնելու:

 

Գուցե թե սա վերջին դա՞րն է, կամ

էլ առավել սարսափելին` վերջին տարի՞ն:

Բուռն շինարարություն է ծավալվել

վերջին անմարդաբնակ կղզում`

հոթելներ, մոթելներ, բազաներ և տուրբազաներ, ամենուրեք

փոշի, վերամբարձ  կռունկներ, ցեմենտ կիր ու ավազ,

և աղբահավաք մեքենան ծով է տանում լցնի ինչ-որ

ցնցոտիներ, փալաս-փուլուս, ռոբինզոններ և ուրբաթներ`

թափքի մեջ բարձած…

 

Գուցե սա իսկապե՞ս վերջին դարն է, կամ

էլ առավել սարսափելին` վերջին տարին:

Իսկ հեքիաթն ընթանում է իր սովորական հունով`

նույն թագավորի տղան և արքայադուստրը նույն,

նույն բարի հրեշտակը և նույն սատանան չար…

Միայն թե` լինում է, չի լինումի փոխարեն –

եղել է ու այլևս չի լինի… Իսկ հեքիաթի վերջում

երկնքից երեք նեյտրոնային ռումբ է ընկնում,

մեկն ինձ, որպես հեքիաթասացի, մյուսը` ձեզ,

որ համբերությամբ ապրեցիք այսքան տարիներ,

իսկ երրորդը` հենց այնպես,

հետաքրքրության համար: